Երեկ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվեցին «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները: Օրվա սկզբին քննարկմանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով, սակայն, քննարկման կեսից հեռացավ` բյուջեի կատարողականն առանց ներկայացնելու:
Ի սկզբանե նկատենք, որ նախորդ տարիների համեմատ՝ ոլորտային պատասխանատուների ներկայացվածության մակարդակը առաջացրել էր պատգամավորների դժգոհությունը: Նախ պատգամավորները կրկին բարձրաձայնեցին վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի բացակայության մասին, որը երկար ժամանակ է՝ ԱԺ չի ներկայանում, ապա նաեւ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հանդգնությունը քննադատվեց, որ իր փոխարեն ԱԺ էր ուղարկել տեղակալին` Վաչե Տերտերյանին:
Անդրադառնանք «ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը: Այն վերաբերում էր արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության եկամուտների ու ծախսերի կատարողականներին:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համար 2014թ. ծրագրով նախատեսված 9 մլրդ 880 մլն դրամը կատարվել է 99 տոկոսով: Այսինքն` նախարարությունը չի կարողացել գումար «հետ գցել»: «Նախարարությունն իրականացրել է շուրջ 9 մլրդ դրամի բյուջետային ծրագրեր, որոնց հիմնական մասը նախատեսված է եղել փրկարար ծառայության համար», – հավելեց Ջանջուղազյանը:
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության համար հաշվետու տարում նախատեսվել է 16,7 մլրդ դրամ, որի դիմաց արձանագրվել է 96,4 տոկոս կատարողական: Հիմնական ծախսերը նախատեսված են եղել «Ազգային անվտանգության պահպանում» բյուջետային դասակարգման դասով, ուր ճշտված ծրագիրը կազմում է 16 մլրդ 273 մլն դրամ, որի դիմաց կատարողականը կազմել է 96,7 տոկոս», – տեղեկացրեց նա եւ հավելեց, որ նախատեսվել են միջոցներ առողջապահության եւ կրթության բյուջետային դասակարգման բաժիններում, որոնց կատարողականները համապատասխանաբար կազմել են 89,5 տոկոս եւ 100 տոկոս:
«ՀՀ ոստիկանությունն իրականացրել է 15 ծրագիր: Կառավարության պահուստային ֆոնդից ոստիկանության համար նախատեսվել են լրացուցիչ միջոցներ: Ճշտված ծրագրով բյուջեն կազմել է 59,3 մլրդ դրամ՝ արձանագրելով 98,9 տոկոս կատարողական: Հիմնական հատկացումը տրամադրվել է «Հասարակական կարգի պահպանության ապահովում» բյուջետային դասակարգման դասով:
ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ հայտարարեց, թե հանցագործությունների թիվը նվազել է 788-ով: Նա նշեց, թե 18 դեպքով նվազել է հանցավոր խմբերի եւ 29 դեպքով անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը: «Հանրապետությունում 4,4%-ով կամ 501-ով նվազել է նաեւ քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը: Դրանց 2-3%-ը են եղել նախկինում դատապարտված»,-ավետեց նա:
Փոխոստիկանապետը ընդգծեց, որ աճող տրանսպորտային քանակի պարագայում ՃՏՊ-ների թիվն էլ է աճել ընդամենը 11%-վ, իսկ զոհերի թիվը նվազել` 19-ով: Փոխոստիկանապետը տեղեկացրեց, որ հայտնաբերվել է 66 կաշառակերության դեպք, որից 52-ը՝ հենց ոստիկանության ջանքերով: Եղիազարյանը հետ չմնալով իր ղեկավարից՝ եւս մեկ անգամ հայտարարեց, որ ոստիկանությունում պարբերաբար անցակցվում է «ինքնամաքրման» գործընթացներ, որի շրջանակներում 846 ոստիկանության ծառայողներ տույժի են ենթարկվել, օրինախախտումների փաստերով 63 դեպք է գրանցվել 81 անձի վերաբերյալ:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հիշեցրեց, որ գիշերային ժամերին բնակարաններից գողության դեպքերի թվի աճ կա, եւ հետաքրքրվեց փոխոստիկանապետից՝ արդյոք թա՞նկ հաճույք է գիշերային հերթափոխությունը: «Թանկի եւ էժանի խնդիր չկա, շահագործվող տրանսպորտային միջոցների, վառելիքի խմբաքանակի ապահովման հարցն է»,- բացատրեց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Նա նաեւ հավելեց, որ իրենց վերլուծությունները ցույց են տալիս` բնակարանային գողությունների թիվը կտրուկ նվազել է:
Ստեփան Մարգարյանը հայտնեց, որ բնակվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում եւ հենց այստեղ է նկատել վերջին օրերին մի քանի գողության դեպքերը գիշերային ժամերին, իսկ երբ ոստիկանները մեքենաներով գիշերները հսկում էին, դեպքերը չկային: Վարդան Եղիազարյանն էլ շարունակեց վիճակագրությունով հպարտանալ, թե ՀՀ-ում այսօրվա վիճակով 239-ով նվազել են բնակարանային գողությունները, Երեւանում՝ 214-ով, հիմնական նվազումը եղել է հենց Երեւանում:
Նշենք, որ այսօր կշարունակվեն բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումը, նախ՝ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների, ապա՝ տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովների նիստերը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏՆՕՐԵՆԸ՝ ԿԱՍԿԱԾՅԱԼ
Դիլիջանի պետական քոլեջում կատարված իրավախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբակային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)): Տավուշի քննչական բաժնից տեղեկացանք, որ քրեական գործը հարուցվել է Դիլիջանի քոլեջի տնօրեն Գրետա Թամրազյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի կապակցությամբ: Նա քրեական գործում ներգրավվել է որպես կասկածյալ: Ըստ տեղեկությունների՝ Դիլիջանի պետական քոլեջում յուրացրել են ուսանողների կրթաթոշակները: Նա Դիլիջանի պետական քոլեջը ղեկավարում է 2006 թվականի փետրվարից: Երկու երեխաների մայր, 56-ամյա Գրետա Թամրազյանը Դիլիջան քաղաքի ավագանու միակ կին անդամն է: Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը 2012 թվականին նրան նվիրված, նրան գովաբանող «Կնոջ դիմանկարը» հաղորդում է պատրաստել եւ հեռարձակել: Քրեական գործի քննությունը եւ դատաքննությունը կապացուցեն Գ. Թամրազյանի անմեղությունը կամ մեղավորությունը, կամ ունեցած մեղքի չափը: Դիլիջանի պետական քոլեջը նախկինում էլ չէր փայլում բարձր հեղինակությամբ: Այս քրեական գործը հարված է այդ կրթօջախի վարկանիշին, ինչը կարող է ավելի դժվարեցնել պետական քոլեջը ուսանողներով համալրելու գործը:
ԳԱԶԸ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՓՈՂ ՉՈՒՆԵՆ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Բաղանիս գյուղերը շուրջ մեկ տարի առաջ գազաֆիկացվել են: Սակայն այդ գյուղերի բնակիչները դեռեւս չեն օգտվում երկնագույն վառելիքից: Գյուղացիները փող չունեն, որ իրենց առանձնատներ գազատար խողովակ անցկացնելու աշխատանքների համար գազի ծառայության աշխատակիցներին վճարեն: Մեկ առանձնատան համար այդ ծախսը կազմում է 60 հազար դրամ եւ ավելին՝ կախված գազատար ցանցից այդ տան հեռավորությունից: Խորհրդային տարիներին այդ գյուղերը, բացի Ոսկեպարից, գազաֆիկացված չեն եղել: Ոսկեպարով էր անցնում Հայաստանի տարածքում անկլավ հանդիսացող ադրբեջանական Յուխարի Աքսիբարա գյուղ տանող գազատարը, եւ դրա փոխարեն Ոսկեպարն ադրբեջանական գազն անվճար էր ստանում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
17 ՄԼՆ 180 ՀԱԶԱՐ՝ ԱԳՆ-ԻՆ
Հայաստանի պետբյուջե վճարելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը 2015 թվականի 1-ին կիսամյակում կհատկացվի 17 մլն 180 հազար դրամ: Բանն այն է, որ այս տարվա 1-ին եռամսյակում ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 281 անձնագիր, սակայն դրանց դիմաց պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Սիրիայում (235 հատ), Լիբանանում (39 հատ) եւ Իրաքում (7 հատ) գտնվող ՀՀ դեսպանատների կողմից: Անձնագրերի մի մասը տրվել է ազգությամբ հայերի, որոնք նոր են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել:
ԳՈՒՅՔ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԻՆ
ՀՀ Կառավարության վաղվա նիստում հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձեւերի ազգային ֆեդերացիաներին եւ այլ մարզական հասարակական կազմակերպություններին գույքով ապահովելու նպատակով կհատկացվի 170 մլն դրամ: Տեղեկացնենք, որ մարզագույքը նշված կազմակերպություններին կհատկացվի անհատույց, սեփականության իրավունքով: Կտրվի ըմբշամարտի խրտվիլակ, ճկասուսերի շեղբ, ծանրաձող՝ մարզումային ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց համար, վոլեյբոլի ու բասկետբոլի գնդակներ, ըմբշամարտի գորգ եւ այլն: Այս նախագիծը Կառավարությանը կներկայացնի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ
Դեռեւս 2013 թվականի ապրիլի 4-ի «Սիրիայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիների վարորդական վկայականները փոխանակելու մասին» ՀՀ Կառավարության որոշմամբ հնարավորություն է տրվել Սիրիայի Արաբական Հանրապետության՝ ազգությամբ հայ քաղաքացիների` վարորդական վկայականները բացառության կարգով փոխանակել առանց որակավորման քննություններ հանձնելու, եւ հատկացնել ՀՀ ազգային վարորդական վկայականներ՝ մեկ տարի ժամկետով: Սակայն այս որոշմամբ չի կարգավորվել որակավորման քննությունները չհանձնելու, բացասական կամ դրական հանձնելու դեպքում Սիրիայի Արաբական Հանրապետության՝ ազգությամբ հայ քաղաքացիներին պատկանող վկայականների վերադարձելիության հարցը: Ներկայումս որոշ սիրիահայեր ցանկանում են ետ վերադառնալ Սիրիա եւ հետ վերցնել իրենց սիրիական վարորդական վկայականները, որոնք փոխանակվել են ՀՀ ազգային վարորդական վկայականներով: Նախագծով առաջարկվում է Սիրիայի Արաբական Հանրապետության՝ ազգությամբ հայ քաղաքացիներին պատկանող վարորդական վկայականները ոչ թե փոխանակել, այլ դրանց հիման վրա, բացառության կարգով, տրամադրել ազգային վարորդական ժամանակավոր վկայական: