«ԵՎՐԱՏԵՍԻԼ»-Ն ՈՒ ՄԵՐ ՏԱՊԱԼՎԱԾ ՀՈՒՅՍԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի «Եվրատեսիլ»-ին Հայաստանի մասնակցությունն է՛լ ավելի էր կարեւորվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ֆոնին Եվրոպային մեր մեսիջը հասցնելու առումով: Դժվար է միանշանակ ասել` Եվրոպան, ի վերջո, ընկալեց այդ ասելիքը, թե ոչ, բայց փաստը մնում է փաստ, որ Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբն իր «Face The Shadow» երգով հավաքեց առավել քիչ միավորներ, քան երբեւէ (34 միավոր)` զբաղեցնելով 16-րդ տեղը:

Իհարկե, «Եվրատեսիլ»-ի հայկական պատվիրակությունը կարող է պնդել, թե կարեւորն այս դեպքում լավ ներկայանալն ու մեր ասելիքը տեղ հասցնել էր, սակայն դա ոչ մի կերպ չի մխիթարում հայ հանրության կոտրված հատվածին: Եվ իրադարձությունների այս ֆոնին անխուսափելի են դառնում խոսակցությունները, որ ժամանակն է փոխել մեր պատվիրակության կազմը, որ պետք է շեշտը դնել լավ, տպավորիչ, Եվրոպայի հանդիսատեսին հետաքրքրող երգ ներկայացնելու վրա:
Երգահան Մարինա Թագակչյանն, օրինակ, այն համոզման է, որ եվրատեսիլյան մեր արդյունքներն, ինչպես ամեն տարի, նույնն են, եւ զարմանում է, թե ինչու են հայերն ավելին ակնկալում, եթե չեն ներկայացնում այնպիսի երգ, որը կունենա հաղթելու հնարավորություն. «Ճիշտ է՝ մրցույթը քաղաքականացված է, բայց եթե հետաքրքիր երգ մատուցվի, վստահ եմ, որ հնարավոր կլինի մեծ թվով ձայներ հավաքել եւ անգամ հաղթել. ամեն դեպքում, ներգործողը երաժշտությունն է: Արդեն մի քանի տարի է` մենք նույն սխալն ենք գործում. մենք սիրում ենք կրկնօրինակել, վերցնել ուրիշինը: Եվրոպան շատ է լսել այն երգերից, որոնք մենք, սովորաբար, ներկայացնում ենք. նրան պետք է զարմացնել, հետաքրքրել: Պետք է փոխել մեր մոտեցումը եւ ներկայացնել այնպիսի երգ, որը կլինի մերը, շատ ուրիշ եւ ինքնատիպ: Իսկ ինչո՞վ ենք մենք առանձնանում մյուս երկրներից. բացարձակապես ոչնչով»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց նա` հավելելով, որ հարկ է ուշադրություն դարձնել նաեւ մասնակցի արտաքին տեսքին:
Հայաստանի հավաքած միավորների պատկերը հուսահատեցնող էր նաեւ քաղաքական տեսանկյունից: Այն երկրները, որոնք մեզ մշտապես շնորհում էին բարձր միավորներ, այս տարի կա՛մ շրջանցեցին մեզ, կա՛մ փոխանցեցին շատ քիչ բալեր. Ռուսաստանն, օրինակ, բավարարվեց 6 միավոր փոխանցելով, Ֆրանսիան` ընդամենը 3:
Քաղաքական մեկնաբան Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ եթե երգը վատն է, չես կարող մեղադրել ո՛չ դաշնակից, ո՛չ էլ ոչ դաշնակից երկրներին. «Հայաստանն, օրինակ, միավորները շնորհում է դարավոր բարեկամության տեսանկյունից, քաղաքական հաշվարկներով, բայց կան երկրներ, որոնք գնահատում են հենց երգը»,-նկատեց նա:
Ս. Սաֆարյանի համոզմամբ` այս տարին, լինելով մեզ համար այդչափ նշանակալից, «Եվրատեսիլ»-ում կարող էր Հայաստանին հաղթանակ բերել, հատկապես, երբ ինֆորմացիոն առումով դրա համար լավ հող էր նախապատրաստվել Ցեղասպանությանն առնչվող միջոցառումների, Քիմ Քարդաշյանի այցի եւ այլ իրադարձությունների շնորհիվ. «Ցեղասպանության թեման էլ կարելի էր ներկայացնել լավ կամ վատ: Միանշանակ, մեր խմբի անդամները պայծառ, տաղանդավոր դեմքեր էին, եւ հենց իրենց պրոֆեսիոնալ կատարման ու սփյուռքի քվեարկության շնորհիվ էր, որ նրանց հաջողվեց զբաղեցնել 16-րդ տեղը»,-կարծիք հայտնեց նա:
Մեկնաբանի համոզմամբ` եթե Հայաստանը տարիներ շարունակ «Եվրատեսիլ»-ում հաջողություն չի գրանցում, այդ մրցույթի հայկական պատվիրակության կազմը պետք է փոխվի. «Բայց մեզ մոտ այդպես չէ. մրցույթը տապալում են, հետո գալիս-ասում են՝ կարեւորը մասնակցությունն ու լավ ելույթն էր, կամ սա լավ երգ էր, դուք չեք հասկանում. կարծես ուզում են սպիտակ ագռավ լինել… Եվ բնական է, որ այս դեպքում շատերի մոտ հարց է առաջանում` արդյո՞ք արժի այդքան գումարներ ծախսել մրցույթի համար»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ»-ի եզրափակիչ փուլին մասնակցում էր 27 երկիր: Մրցույթի հաղթող ճանաչվեց Շվեդիան` 365 միավորով: Նրան հաջորդում են Ռուսաստանը, Իտալիան, Բելգիան, Ավստրալիան:

 

 

 

 
«ԴԱ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄՆԱՑ ԵՐԱԶԱՆՔ»

Երգչուհի Սոնա Ռուբենյանը սոցիալակակ թեմայով նոր երգ է պատրաստում, որը շուտով կներկայացնի երկրպագուներին: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է առաջիկա իր ծրագրերի, անկատար երազանքի մասին: Երգչուհուն հարցրել ենք նաեւ վերջերս հանրության ուշադրությունից չվրիպող նրա անձնական կյանքի մասին:

-Սոնա՛, վերջին շրջանում հանդիսատեսը սկսել է կարոտել Ձեզ, նոր երգ է ուզում լսել: Հետաքրքիր է` կա՞ մի թեմա, որ այժմ Ձեր աչքի տակ եք առել եւ մտադիր եք դրան առաջիկայում անդրադառնալ:
-Այո՛, այժմ պատրաստում եմ մի երգ, որը տարբերվելու է նախկինում ներկայացրած իմ բոլոր երգերից. այն շատ ավելի մեղեդային է, վստահ եմ, որ դա հանդիսատեսն էլ կզգա: Երգը սոցիալական ուղղվածություն ունի, այն հարուստ տղայի եւ աղքատ աղջկա սիրո մասին է. սեր կա, որ գալիս է ի վերուստ, լինես աղքատ, թե հարուստ: Կարծում եմ` թեման բավական արդիական է:
-Դուք այն երգչուհիներից եք, որը, ըստ երկրպագուների, միջազգային ասպարեզ ելնելու բազում հնարավորություններ ունի: Դուք Ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում: Կա՞ մի երազանք, որը դեռ անկատար է:
-Քանի որ Հայաստանը շատ փոքր երկիր է, մեզ համար դժվար է հայտնվել միջազգային ասպարեզում. մեծ գումարներ են պետք: Այսօր, ինչպես տեսնում եք, Հայաստանում չկան համերգներ, այսինքն` անգամ հայրենիքում մենք չենք կարողանում ինքնարտահայտվել, էլ ուր մնաց` միջազգային ասպարեզում մեզ դրսեւորենք: Միջազգային հանրությանը ներկայանալու համար այս պարագայում մնում է մասնակցել միջազգային մրցույթների: Սակայն հայերս մի շարք մրցույթներից տեղյակ չենք, չենք հետեւում: Օրինակ` Մոնրեալում կա մի ջազ փառատոն, նաեւ ջազ մրցույթ կա, շատ էի ուզում մասնակցել. բայց դա ինձ համար մնաց երազանք: Ես գիտեմ, որ այդ մրցույթի ժյուրիի կազմում լեգենդներ են լինում. պարզապես հեքիաթի պես բան կլիներ այնտեղ հայտնվելը: Կարծում եմ` մի օր այդ երազանքս կիրականացնեմ:
-Վերջին շրջանում Դուք ֆեյսբուքյան Ձեր էջում անձնական լուսանկարներ եք հրապարակում մի տղայի հետ, անգամ մեկնաբանում եք. «Love is new everyday»: Երկրպագուներին հետաքրքիր է` Ձեր ընկերոջ հետ հարաբերություններն օրինականացնելու մասին մտածո՞ւմ եք:
-Չեմ ուզում անձնականի մասին շատ խոսել: Ինչպես բոլորը, այնպես էլ ես, իմ առօրյայից նկարներ եմ հրապարակում, բայց չեմ ուզում այդ մասին մանրամասներ հայտնել:
-Կարեւորը` լուսանկարներից երեւում է, որ Դուք երջանիկ եք…
-Ամենակարեւորը հենց դա է… (ծիծաղում է):

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

ՉԵՂՅԱԼ Է ՀԱՄԱՐԵԼ
«Եվրատեսիլ-2015»-ի ժյուրին որոշում է կայացրել չեղյալ համարել Չեռնոգորիայի եւ Մակեդոնիայի` մրցույթին մասնակցող երկրներին փոխանցած ձայները: Ըստ Mirror-ի` պատճառն այն է, որ վերոհիշյալ երկրները միավորները շնորհել են` հաշվի առնելով բացառապես հեռուստադիտողի քվեարկությունները, մինչդեռ, ըստ կանոնադրության, պետք է հեռուստադիտողի քվեարկության եւ ժյուրիի ձայները հավասարազոր լինեն` 1/1-ի սկզբունքով:
Չնայած այս որոշմանը՝ հաղթողը չի փոխվում: Շվեդ Մոնս Սերմելյովն առաջինն է, իսկ ռուսաստանցի Պոլինա Գագարինան` երկրորդը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Չեռնոգորիան մեզ միավոր չէր փոխանցել, իսկ Մակեդոնիայից ստացել էինք 3 միավոր:

 

ՃԱՊՈՆԱՑԻ ՀՆԱԳԵՏՆԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ճապոնացի մասնագետներն այս տարի ցանկություն են հայտնել առաջին անգամ հայ մասնագետների հետ համատեղ պեղումներ իրականացնել Հայաստանի սահմաններում: Դրանք իրականացվելու են Արարատյան դաշտի եւ Արագածի նախալեռնային շրջաններում արձանագրված մի շարք օբյեկտների ուսումնասիրության նպատակով, որոնք, ըստ երեւույթին, կարող են տվյալներ տալ քարե դարի (մասնավարապես` նոր քարե դարի (նեոլիթ) եւ պղնձի քարի դարի (էնեոլիթ) ժամանակների վերաբերյալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նոր օբյեկտներն արձանագրված չեն եղել որպես հուշարձաններ եւ ներառված չեն հանրապետության հուշարձանների ցանկերում:
Հայ-ճապոնական համատեղ ծրագիրն իրականացվում է Կանազավայի համալսարանի մասնագետների հետ:

 

ՄԱՀԱՑԵԼ ԵՆ ԱՎՏՈՎԹԱՐԻՑ
Նոբելյան մրցանակակիր, ամերիկացի հայտնի մաթեմատիկոս Ջոն Նեշն ու նրա կինը մահացել են ավտովթարի հետեւանքով: CNN-ի փոխանցմամբ` տաքսու վարորդը, որը չի կարողացել կառավարել մեքենան, տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես տեղեկացնում է Daily News-ը, հայտնի մաթեմատիկոսը տառապում էր շիզոֆրենիայով, ինչը «A Beautiful Mind» («Բանականության խաղեր») ֆիլմի գլխավոր թեմաներից մեկն էր. այնտեղ Նեշը գլխավոր հերոսի նախատիպն էր:
Նշենք, որ Ջոն Նեշը Նոբելյան մրցանակի արժանացել էր 1994-ին:




Լրահոս