Ու՞ր են կորել երբեմնի հայտնի աստղերը և ինչո՞վ են զբաղված. մաս 2 (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընդառաջ գնալ ընթերցողների խնդրանքներին` գտնել իրենց սիրելի աստղերին, որոնք տեւական ժամանակ է` լռում են, սակայն չեն մոռացվել հանդիսատեսի կողմից (1-ին մասն` այստեղ): Հանրությունը հետաքրքրված է, թե այժմ որտեղ են նրանք եւ ինչով են զբաղված:

90-ականներին մեծ ճանաչում վայելող երգչուհի Օլգա Այվազյանն այսօր հազվադեպ է երեւում էկրաններին: Նա, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ շարունակում է երգչուհու իր գործունեությունը. «Վերջին տեսահոլովակս թողարկել եմ նախորդ տարի, գուցե ընդմիջումները փոքր-ինչ երկար են տեւում, սակայն այս տարի որոշել եմ ավելի շատ աշխատել»,-ասաց նա:

olga ayvazyan

Մեր այն հարցին, թե ինչու երգչուհին հաճախ չի երեւում տարբեր միջոցառումների, հաղորդումների ու երեկույթների շրջանակներում, Օլգա Այվազյանը պատասխանեց. «Թող երեւան այն երգիչները, որոնք ուզում են պահանջված լինել. ի՞նչ իմաստ ունի ամեն տեղ երեւալը»: Նա տեղեկացրեց, որ այժմ իր համար գրվում է մի երգ, եւ առաջիկայում երկրպագուներին կներկայացվի դրա հիման վրա նկարված տեսահոլովակ: Երգչուհին նաեւ նշեց, որ երկրպագուներն իրեն կարող են լսել Երեւանի ակումբներից մեկում:

1458523_1458387011054825_1829939468_n-LN

Հաջորդը, ում «պեղել ենք», ժամանակին իր երիտասարդ երկրպագուների քանակով աչքի ընկնող երգչուհի Մարիաննան է (Մարիաննա Դանիելյան):

Նա մեզ հետ զրույցում համաձայնեց, որ երգարվեստում իր գործունեությունը վերջին շրջանում պասիվացել է, եւ դա պայմանավորեց իր առաջին մասնագիտության հանդեպ հետաքրքրությամբ. «Երգարվեստն ինձ համար սիրելի գործ է, բայց ես դրա միջոցով գումար չեմ վաստակում, հիմա ուզում եմ խորանալ իրավաբանության ոլորտում, նախկինում աշխատում էի արդարադատության նախարարությունում, հիմա դուրս եմ եկել, բայց ուզում եմ էլի որպես իրավաբան աշխատել»,- ասաց նա:

10168890_925671980823036_919887989_n

Մարիաննան, սակայն, չի պատրաստվում հրաժարվել իր սիրած գործից. «Այժմ արդեն ունեմ նոր երգ, որը հնչում է ռադիոկայաններով, երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, խոսքերը` ես»,-տեղեկացրեց նա:

11354953_925671984156369_710374646_n

Մարիաննան նաեւ ընդգծեց, որ թեեւ ինքը շատ չի երեւում էկրաններին, այնուամենայնիվ, գիտի` կա մի լսարան, որը մշտապես հետաքրքրվում է իրենով եւ սպասում նորությունների:

Աննա Բաբաջանյան




Լրահոս