ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՓԱԿԵԼ ԲՅՈՒՋԵԻ «ՃԵՂՔԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ պետական-իրավական հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ նիստում քննարկեցին 2014-ի պետական բյուջեի կատարողականը: ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց գործադիրի աշխատակազմին հատկացված միջոցների ծախսման հաշվետվությունը: Իսկ պատգամավորները նրան ուղղված հարցերով փորձում էին պարզել, թե ինչու է Կառավարությունը նման ճգնաժամային պայմաններում ահռելի գումարներ ծախսել «ուտուշ-խմուշների» համար:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ՀՀ Կառավարությունը չի անցնում տնտեսման արտակարգ ռեժիմի, երբ Հայաստանում 1 մլն աղքատ բնակչություն կա: «Ներկայացուցչական բազմաթիվ ծախսեր, ավտոմեքենաներ, չհաշված ընդունելություններ, ընթրիքներ, ֆուրշետներ: Մի՞թե հնարավոր չէր դրանք կրճատել»,- հարցրեց պատգամավորը:
«Արտակարգ տնտեսման ռեժիմը միշտ պետք է լինի, որովհետեւ երբեւէ որեւէ երկիր չի կարող ունենալ այնքան փող, որ գոհ լինի: Բայց դա չպետք է դառնա ծայրահեղ: Եթե խոսքը վերաբերում է արարողակարգային միջոցառումներին, չեմ կարծում, որ այդտեղ տնտեսումներ պետք է անել: Փորձս է ցույց տալիս, որ նման դեպքերում տնտեսումը բերում է հակառակ արդյունքի, կորուստների: Իհարկե, տնտեսումներ անհրաժեշտ են: Մենք իրականում մեքենա ձեռք չենք բերել անցյալ տարվա ընթացքում: Կարծում եմ, Դուք դա պետք է ողջունեիք, պետք է ասեիք՝ ես ուրախ եմ, որ, ի տարբերություն նախորդ տարիների, անցյալ տարի ձեռք չեք բերել»-հայտարարեց Դավիթ Հարությունյանը: Սակայն ըստ պատգամավորի՝ ինքն ուրախանալու որեւէ բան չի տեսնում, ու իրականում հասարակությունն այսօր շատ ծանր պայմաններում է ապրում, որին գումարվում է նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի առաջիկա թանկացումը:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է նա գնահատում Կառավարության մեկ տարվա գործունեությունը: Հարությունյանը հրաժարվեց գնահատել իր աշխատանքը՝ նշելով, որ իր կողմից սխալ է գնահատական տալ իր գործունեությանը:
-Պարո՛ն Հարությունյան, ՀՀ Կառավարության նախորդ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ուշագրավ հայտարարություն էր արել, մասնավորապես նշել էր, թե «Նման դատարկ խոսակցություններին պետք է վերջ տրվի, այն, որ տնտեսական անկում ենք ունենալու: Որոշ քաղաքական գործիչների եւ քաղաքական ուժերի այն ցանկությունը, թե Կառավարությունը կձախողվի, եւ տնտեսական անկում կարձանագրվի, չի իրականանալու»: Ովքե՞ր են այն ուժերը, մարդիկ, ովքեր ցանկանում են ձախողել Ձեր Կառավարությունը, կա՞ն նման մարդիկ:
-Իհարկե, կան մարդիկ, որոնք… խոչընդոտել, ես կարծում եմ, որ վարչապետը նկատի չի ունեցել, որ ուղղակի խոչընդոտում են Կառավարության աշխատանքին, այլ տեղեկատվական ապատեղեկատվությամբ փորձում են խոչընդոտել:
-Բայց կոնկրետ այս ընթացքում ի՞նչ է արվել՝ Ձեր աշխատանքները խոչընդոտելու համար, տեսակետ կա, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության «ձախողումները» փորձում է այդ կերպ մեղքը ուրիշների վրա գցել:
-Ես պատասխանեցի Ձեր հարցին ու կարծում եմ, որ Ձեր որակումները սխալ են: Ես արդեն նշեցի, որ սխալ տեղեկատվություն տարածելով է այդ ամենն արտացոլվում:
-Օրինակ՝ Կառավարությունն այդպես էլ չկարողացավ խոստացած տնտեսական աճն ապահովել, դա Կառավարության ձախողումը չէ՞, դրա համա՞ր է ՀՀ վարչապետը արդարացումներ փնտրում՝ ուրիշներին մեղադրելով:
-Ես կարծում եմ, որ թվերն ավելի խոսուն կլինեն, ու սպասեք մի քիչ եւ թվերի հիման վրա կհամոզվեք, որ դա այդպես չէ: Մոտեցումը շատերի մոտ հոռետեսական է:
-Կառավարությունը տնտեսական աճ կանխատեսել էր 5.3 տոկոս, սակայն այսօր պաշտոնապես արձանագրվում է 3.4 տոկոս տնտեսական աճ, այդ թվերն ավելի խոսուն չե՞ն:
-Չէ, չէ, դա խոսուն չէ, հակառակը՝ սա խոսուն է, որ հաջողվել է 3.4 տոկոս ապահովել, որովհետեւ բոլորի կանխատեսումները, ուզում եմ Ձեզ հիշեցնել՝ նաեւ միջազգային կառույցներինը, եղել են բացասական, որ չի լինելու աճ, այլ կլինի հակառակը՝ հետընթաց:
-Այսօր Հայաստանի պետական բյուջեում խնդիրներ կան, քանի որ ծախսերը շատ են, իսկ բյուջե քիչ են գումարներ մուտքագրվում, այսինքն՝ բյուջեն «ճեղքվածք» է տվել: Կա՞ իրականում նման բան:
-Իհարկե, կա:
-Իսկ ի՞նչ է անում դրա համար ՀՀ Կառավարությունը, ինչո՞ւ է նման «ճեղքվածքներ» առաջացել:
-Փորձում է անել առավելագույնը, որպեսզի ճեղքվածքը վերացնի:
-Գործարարներին տուգանելո՞վ, նրանց բիզնեսներից գումար «պոկելո՞վ» է որոշել ՀՀ Կառավարությունը բյուջեի այդ «ճեղքվածքները» փակել:
-Եթե գործարարը խախտում է կատարում, ապա` այո՛: Ապօրինի որեւէ տուգանք գանձելու դեպքում մենք լրացուցիչ մեխանիզմներ ենք անգամ ստեղծել. վարչապետի գլխավորությամբ բողոքարկման հանձնաժողով ենք ստեղծել, այնպես որ, մենք լրացուցիչ պաշտպանիչ մեխանիզմներ ենք ստեղծել, որպեսզի նման դեպքեր տեղի չունենան:

 

 

 

 
ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ 87 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ԱՍՏԻՃԱՆ Է ՍԱՐՔԵԼ

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը երեկ ներկայացրեց խորհրդարանի աշխատակազմի 2014-ի կատարողականը: Իսկ պատգամավորները նրանից փորձում էին պարզել, թե սուղ ֆինանսական պայմաններում ինչու է խորհրդարանն իրեն շռայլություններ թույլ տվել՝ մասնավորապես «թարմացրել» ավտոմեքենաների տեսականին:

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ աշխատակազմի ղեկավարից հետաքրքրվեց, թե 87 մլն դրամ գումարը, որը անցած տարի ծախսվել է շինարարության համար, կոնկրետ ինչ նպատով է ծախսվել: «Ես ուզում եմ հիշել, թե ինչ շինարարություն է արվել, մի տեսակ չեմ մտաբերում,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, – արդեն 10 օրից ավել է՝ ես նկատում եմ, որ ԱԺ-ում նոր «ջիփ» մեքենաներ կան, ԱԺ նախագահին ուղեկցող մեքենաներն են փոխվել եւ ֆրակցիայի ղեկավարներինը: Ինչքա՞ն է ծախսվել դրա վրա, եւ ի՞նչ ծայրահեղ անհրաժեշտությունից է դա արվել»:
ԱԺ աշխատակազմի ղեկավարը հայտարարեց, թե այս տարվա ընթացքում իրենք մեկ մեքենա են ձեռք բերել, իսկ մնացածի մասին, ինչ նկատել է անկախ պատգամավորը, իրենք կխոսեն 2015 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնելու ժամանակ: Այլ կերպ ասած՝ այս տարվա առավել սուղ միջոցներից են հատկացրել: Ինչեւէ, Թովմասյանը փորձեց բացատրել նաեւ, թե ինչ շինարարական աշխատանքներն են իրականացրել խորհրդարանում, որի համար 87 միլիոն դրամ գումար է ծախսվել: Թովմասյանն ասաց, թե Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում՝ աստիճանների եւ ամբողջ ԱԺ-ի դիմաց, եղել է շինարարություն:
«Այդ աշխատանքները նորից դեռ պետք է շարունակենք: Որոշակի աշխատանքներ կատարվել են նաեւ սանհանգույցներում: Եթե անհրաժեշտություն կլինի, կոնկրետ կատարած աշխատանքներով կներկայացնենք»,- ինքնագոհ հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավարը: Ի դեպ, Մարուքյանն իր արձագանքում նկատեց. «Խոսքը մոտ օրերս ԱԺ նախագահին սպասարկող նոր «Նիսան» ջիփ մեքենաների մասին է: Պարզ է, որ հիմա 2014-ի հաշվետվությունն եք զեկուցում, բայց ես կարծում եմ, որ նման ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկրի պաշտոնատար անձինք պետք է իրենց այնպես պահեն, որ անիմաստ գումարներ չծախսեն: Հենց գումար է պետք լինում, ասում են չկա, բայց անընդհատ նոր դասի մեքենաներ ձեռք բերելու համար գումար կա՞»:
Մարուքյանի հարցը վրդովվեցրեց Թովմասյանին, որը հայտարարեց, թե խորհրդարանն է հաստատել պետական բյուջեն, որի մեջ ներառված են եղել այդ ծախսերը: «Հստակ նշված է եղել, թե օրենքով որ աշխատակիցներին էր հասնում այդ ծառայողական մեքենաները: Ինչ վերաբերում է Ձեր տեսածին, այո՛, ֆրակցիայի ղեկավարները ստացել են նոր ներկայացուցչական մեքենա»,- հայտարարեց Թովմասյանը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ՍԴ-Ի ԱՐԳԵԼԱԿՆԵՐԸ ԿՓՈԽԵՆ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Սահմանադրական դատարանը այս տարվա փետրվար, մարտ, ապրիլ եւ մայիս ամիսների համար ձեռք է բերել ավտոպահեստամասեր՝ արգելակի կոճղակ («տորմուզի կալոտկա»): Արգելակի կոճղակը ՍԴ-ն ձեռք է բերել հատը 18 հազար դրամով: ՍԴ-ի աշխատակազմը համապատասխան պայմանագիրը կնքել է փետրվարի 21-ին, «Մարգարիտա Մաղաքյան» ԱՁ-ի հետ: Ընդհանուր գնել են 7 հատ արգելակման կոճղակ, որի դիմաց վճարել են 144 հազար դրամ: ՍԴ աշխատակազմը մարտ, ապրիլ եւ մայիս ամիսներին վերը նշված ԱՁ-ի հետ մատակարարման նոր պայմանագրեր է կնքել: Այն, որ ՍԴ-ի արգելակները մաշված են, թերեւս, վաղուց հայտնի իրողություն է: Պարզապես հարցերի հարցն այն է, թե արգելակները նորոգելն այդ կառույցի վրա ինչպես կազդի: Մեկ էլ տեսար՝ այս անգամ էլ արգելակներն այնքան ուժեղ լինեն, որ ՍԴ-ն արգելակի ու մնա տեղում:

 

ՔԱՂԾԱՌԱՅՈՂԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի դրամական միջոցները, ըստ նրա հայտարարագրերի, տարեցտարի նվազում են: 2011 թվականին նրա դրամական միջոցները կազմել են 15 մլն 700 հազար դրամ, 2012-ին դրանք դարձել են 14 մլն 860 հազար դրամ, 2013-ին` 14 մլն 120 հազար դրամ: Իսկ ահա 2014 թվականին կազմել են 12 մլն 850 հազար դրամ: Բադալյանի հայտարարագրի համաձայն՝ նա անցած տարի երեք աղբյուրից 7 մլն 457 հազար դրամի եկամուտ է ստացել: Նշումների համաձայն՝ բոլորն էլ եղել են աշխատավարձին հավասարեցված եկամուտներ: Մանվել Բադալյանի կնոջ` Երազիկ Ալեքսանյանի դրամական միջոցները 2014-ին կազմել են 20 մլն 700 հազար դրամ: Նա վարձակալությունից ստացել 3 մլն 840 հազար դրամի եկամուտ: Ի դեպ, Մանվել Բադալյանը երեկ ՀՀ ԱԺ-ում ներկայացրել է 2014 թվականին քաղաքացիական ծառայության խորհրդին հատկացված միջոցների ծախսման հաշվետվությունը: Իսկ դրանից անմիջապես հետո մեծ արագությամբ խորհրդարանից հեռացել է, որպեսզի լրագրողները չհասցնեն իրեն հարցեր ուղղել:

 

ԴԵՊԻ ԲՈՂՈՔԻ ԵՐԹ
Այսօր՝ ժամը 19:00-ին, Ազատության հրապարակից կմեկնարկի բողոքի մեծ երթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի ապօրինի թանկացմանը: Բողոքի երթուղին հետեւյալն է՝ Սայաթ-Նովա-Աբովյան, որտեղից կլինի պտույտ՝ Հանրապետության հրապարակով դեպի Կառավարության շենք, ապա՝ Ամիրյան-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ: Երթի հեղինակը «Ոչ թալանին» նախաձեռնությունն է: Այս ակցիան սոցիալական ցանցերում մեծ արձագանք է գտել: Եթե այդ «արձագանքն» այսօր դուրս գա փողոց, ապա մենք բավական մարդաշատ եւ հզոր երթի ականատես կլինենք: Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը առաջարկում է 1 կՎտ/ժ էլէներգիայի ցերեկային սակագինը դարձնել 58,93 դրամ՝ գործող 41,85 դրամի փոխարեն: Իսկ գիշերային սակագինն առաջարկում է դարձնել 48,93 դրամ` գործող 31,85 դրամի փոխարեն:




Լրահոս