ԻՆՉՈՒ ՀԻՄԱ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԻՄԵՑ ԴԱՏԱՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը հայտնի «Օֆշորային գործով» տուժող գործարար Փայլակ Հայրապետյանի դեմ դատական հայց է ներկայացրել եւ պահանջում է նրանից 1 մլն դրամ բռնագանձել, իբր թե իրեն զրպարտելու համար:

Պարզվում է՝ դեռեւս 2015թ ապրիլի 27-ին Տիգրան Սարգսյանը դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով պարտավորեցնել Փայլակ Հայրապետյանին shamshyan.com լրատվական կայքի միջոցով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաեւ՝ պատասխանողից հօգուտ Տիգրան Սարգսյանի բռնագանձել 1 մլն դրամ որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Նշված լրատվական կայքի հրապարակման համաձայն՝ Փ. Հայրապետյանը կայքի լրագրողին պատմել էր, որ իր ունեցվածքը խլելու նպատակով խարդախության սցենարը սկսել է գործել դեռ 2009թ-ին` էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ նախարարը Ներսես Երիցյանն է եղել: «23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել էր Ռուսաստանի` Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 մլնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով` ադամանդի հումքով, իսկ 100 մլն-ի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել: Փ. Հայրապետյանը նշել էր, որ խարդախությանը ներկա է եղել նաեւ վարչապետ Տ. Սարգսյանը: Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը գործարարներին ասել էր, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում` Սիրերա Լեոն պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի»,- պատմել է Փ. Հայրապետյանը: Վերջինս նաեւ ասել էր, որ այն ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տ. Սարգսյանի բանկային հաշվին փոխանցվել է 7 միլիոն եւ 500 հազար դոլարը: Ուստի գործարարը հարց է բարձրացրել, որ ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տ. Սարգսյանը պետք է վերադառնա Հայաստան, պարզաբանի, թե այդ գումարները ի՞նչ է արել: Փոխարենը Տ. Սարգսյանը վերադարձել է եւ Փ. Հայրապետյանի դեմ հայց ներկայացրել: Նախկին վարչապետն իր հայցում նշել է, որ Փայլակ Հայրապետյանի նշած գումարը ինքը չի ստացել: Ավելին՝ հայցադիմումում նշվել է, որ Տ. Սարգսյանը 7.5 մլն դոլար որեւէ մեկից չի ստացել, երբեւէ չի մասնակցել Հայրապետյանի կողմից նշված ոսկու գնման գործընթացին, հոդվածում նշված ծավալների ոսկի չի ստացել, ինչպես նաեւ ներկա չի եղել Փ. Հայրապետյանի նշած 2009թ. էկոնոմիկայի նախարարությունում Ներսես Երիցյանի հետ հանդիպմանը:
Այս պատմության մեջ ամենատարօրինակն այն, որ Տ. Սարգսյանին հասցեագրված բոլոր մեղադրանքները, որոնք տեղ են գտել վերը նշված կայքի հրապարակման մեջ, հնչում են դեռեւս 2013 թվականի մայիսից, սակայն Տ. Սարգսյանը միայն այժմ է դիմում դատարան` հայտարարելով, որ Փ. Հայրապետյանն իրեն զրպարտում է:
Հիշեցնենք, որ առաջին անգամ 2013 թվականին գործարար Փայլակ Հայրապետյանը հայտարարեց, որ իր ունեզրկման ակունքներում կանգնած են ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Արարատյան» թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ գործարար Աշոտ Սուքիասյանը: Այդ մասին հրապարակումները եւ Փայլակ Հայրապետյանի բոլոր հայտարարությունները Տիգրան Սարգսյանն անտարբերության էր մատնում: Այս ընթացքում միակ փոփոխությունն այն հանգամանքն է, որ ՀՀ ԱԱԾ-ն ավարտել է «օֆշորի» քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում խարդախության մեղադրանք է առաջադրվել միայն Աշոտ Սուքիասյանին:
Կարելի է կարծել, որ Տիգրան Սարգսյանը սպասել է քրեական գործի նախաքննության ավարտին, որպեսզի ապահով լինի, որ պաշտոնապես իր հետ կապված ոչ մի փաստաթուղթ ի հայտ չի գա, դրանից հետո նոր միայն համարձակվել է դիմել դատարան: Հակառակ դեպքում, եթե նա այն ժամանակ դիմեր դատարան, հանկարծ ու նրա դեմ փաստաթղթեր ի հայտ գային… Հայրապետյանի ասածները փաստաթղթերով ապացուցվելու դեպքում Տիգրան Սարգսյանը ոչ միայն դեսպան չէր կարողանա դառնալ, այլեւ նույնիսկ դեսպանատան պահակի պաշտոնին էլ չէր կարող հավակնել:
Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնից հեռացավ 2014 ապրիլի 3-ին, իսկ հունիսի 26-ին նշանակվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դատարանում նախկին վարչապետի լիազոր ներկայացուցիչ արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը, անդրադառնալով այս հարցին, ասաց, որ չի թաքցնում՝ պարզապես չգիտի, թե ինչո՞ւ է Տիգրան Սարգսյանը նոր որոշել դատի տալ Փայլակ Հայրապետյանին:
Իսկ արդյո՞ք Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւս պատրաստվում է դիմել դատարան` հերքում եւ մեկ միլիոն դրամ փոխհատուցում պահանջելու, իրեն զրպարտելու համար: Կճոյանը պատասխանեց. «Չէ, դատի չեմ տալու, քանի որ հոգեւորական եմ, եւ իմ հասկացողությունները տարբերվում են: Ես պարզապես այդպիսի անհեթեթություններին փորձում եմ չպատասխանել, այսքանը»: Ի դեպ, երեկ մեզ չհաջողվեց կապվել Փ. Հայրապետյանի հետ եւ նրանից մեկնաբանություն ստանալ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԳԱԳԻԿ ՄԽԵՅԱՆԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Գագիկ Մխեյանը հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ մայիսի 20-ին Երեւան համայնքը դիմել է Կենտրոն Եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով, որ Գագիկ Մխեյանին պարտավորեցնեն վճարել հողի վարձավճարի պարտքը, ինչպես նաեւ նրանից բռնագանձեն վճարումների ուշացման արդյունքում կուտակված տույժերը: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանի հետ:
-Պարո՛ն Մխեյան, Երեւան համայնքը դատի է տվել Ձեզ հողի վարձավճարի պարտքի համար, տեղյա՞կ եք:
-Այդ ի՞մ մասին է խոսքը:
-Այո՛, Ձեր մասին է, այլ Գագիկ Մխեյան կա՞:
-Ուղղակի հողի վարձը չէին վճարել, այդքան բան, իրենք էլ դիմել են դատարան, պետք է վճարենք :
-Մե՞ծ գումարի մասին է խոսքը, որ չէիք կարողանում վճարել:
-Չէ , չէ :
-Այդ դեպքում ինչո՞ւ թողեցիք գործը հասնի դատարանին, ինչո՞ւ բանակցությունների միջոցով չկարողացաք հարցը լուծել, որ Ձեզ դատի չտային:
-Չեմ իմանում, դեռ անգամ ինձ դատարանից ծանուցագիր էլ չի եկել, թող գա, կհասկանամ՝ ինչի մասին է խոսքը, նոր այդ ժամանակ կխոսենք: Ախր այդտեղ բան էլ չկա, թեթե գումարի մասին է խոսքը:
-Եթե այդքան թեթեւ գումարի մասին է խոսքը, չթողնեիք՝ հասներ դատարան:
-Ինչ անեմ, խնդիր չկա, ես էլ եմ այդ մասին նոր իմացել:
Հ.Գ. Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե կոնկրետ ինչ գումարի մասին է խոսքը, որը, ըստ Մխեյանի, «թեթեւ գումար» է, բայց այնքան թեթեւ չէ, որ ժամանակին դա վճարեին: Ի դեպ, Գագիկ Մխեյանը հայտնի է իր, մեղմ ասած, առատաձեռն չլինելու եւ ամեն մի լուման հաշվելու բնավորությամբ: Նրա բնավորության այդ գծի շուրջ ԱԺ-ում արդեն լեգենդներ են շրջում, ասենք, ասում են՝ նա նույնիսկ թաղում գնալու բենզինն է խորհրդարանից պահանջում եւ ստանում:

Ք. Մ.

 

 

 

ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ
Երեկ վաղ առավոտից «Հիմնադիր խորհրդարան»-ի երիտասարդ ակտիվիստներին բերման են ենթարկել ոստիկանության բաժին, մի քանի ժամ պահել այնտեղ, այնուհետեւ ազատ արձակել: Նշենք, որ այս օրերին «Հիմնադիր խորհրդարանի» անդամները մայիսի 30-ին նախատեսված հանրահավաքի մասին իրազեկման թերթիկներ են փակցնում, ինչ էլ պատճառ է դարձել, որ ոստիկանները նրանց բերման ենթարկեն: Ոստիկանությունն իր գործողությունները պատճառաբանում է նրանով, թե իբր «Հիմնադիր խորհրդարանի» երիտասարդ աջակիցները բերման են ենթարկվել՝ հասարակական վայրերը օգտագործելու կանոնները խախտելու համար: Ըստ ոստիկանության՝ բերման ենթարկվածների նկատմամբ կազմվել են նրանց վարչական տույժի ենթարկելու մասին արձանագրություններ, որից հետո նրանք ազատ են արձակվել:

 

 

ԲԱՔՈՒ ԿՄԵԿՆԻ 25 ՄԱՐԶԻԿ
Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին Հայաստանից կմասնակցեն 25 մարզիկներ: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: «Թե՛ անվտանգության, թե՛ կազմակերպչական բոլոր խնդիրները լուծված են: Մեր պատվիրակության առաջին խումբը մեկնելու է հունիսի 10-ին: Հայաստանի պատվիրակության ղեկավարը ես եմ եւ առաջինը կմեկնեմ: ՀԱՕԿ-ի նախագահն ինձ հանձնարարեց կարճ ժամկետում կազմակերպել այս մարզիկների հավաքները, որպեսզի միջազգային մրցաշարերին պատշաճ մակարդակով մասնակցենք: Գագիկ Ծառուկյանը կտրականապես հրաժարվեց Բաքվի աջակցությունից, եւ բոլոր ֆինանսական ծախսերը տրամադրվեց ՀԱՕԿ-ի նախագահի կողմից: Հասկանալի պատճառներով մենք հրաժարվեցինք Բաքվի ֆինանսավորումից»,- ասել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը: Ի դեպ, երկար ժամանակ համացանցում եւ հանրության շրջանում քննարկվում էր Հայաստանի մարզիկների Բաքու գնալ-չգնալու հարցը, եւ շատ տարբեր կարծիքներ էին հնչում: Այսպիսով, կարելի է ասել, որ այդ քննարկումներն այլեւս ավարտված են, քանի որ ՀԱՕԿ-ը պաշտոնապես ազդարարեց, որ վերջնական որոշումը կայացված է` գնում են:

 

 

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՔԿՀ-ՆԵՐԸ ՓԱԿԵԼ
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Կառավարություն է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկում է քրեակատարողական հին եւ ոչ օպտիմալ օգտագործվող հիմնարկների գործունեությունը դադարեցնել, նրանց առկա շինությունները վերափոխել եւ համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Առաջարկի հեղինակները տեղեկացնում են, որ ներկայումս գործող քրեակատարողական հիմնարկները ժառանգվել են խորհրդային ժամանակներից, ու դրանց մեծ մասն արդեն իսկ բարոյապես եւ ֆիզիկապես մաշվել է: Ուստի արդարադատության նախարարության մասնագետները կարծում են, որ միջազգային չափանիշներին համապատասխանող քրեակատարողական հիմնարկների կառուցումն անհրաժեշտություն է: Հիշեցնենք, որ անցած տարի շահագործման հանձնվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, որը կառուցված է միջազգային չափանիշներին համապատասխան:

 

 

ԹՄՐԱՄԻՋՈՑ ԻՐԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԽՈՒՄԲ
ՀՀ քննչական կոմիտեի՝ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող կազմակերպված խումբ, որը նախաքննության տվյալներով, հիմնականում զբաղվել է «Ափիոն» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառությամբ: Այս գործով ութ մեղադրյալի մասով նախաքննությունն արդեն իսկ ավարտվել է: «Ափիոն» տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրաված հնարավոր այլ անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս