ՃՈՅՏԻ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում երեկ գազալցակայանում պայթյունի հերթական դեպքն արձանագրվեց, որը մեկ ամսում արդեն երրորդն է: Այս անգամ պայթյունը հնչել է Երեւան-Էջմիածին մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանային համալիրի հարեւանությամբ գտնվող գազալցակայանում, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ Ճոյտին:

Պայթյունի հետեւանքով ծանր այրվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի որդին` Արմեն Հակոբյանը, եղբոր որդին` Արմեն Ռաֆիկի Հակոբյանը, եւ գազալցակայանի աշխատակիցներից մեկը` Արթուր Գասպարյանը: Պայթյունի եւ բռնկված հրդեհի արդյունքում այրվել է գազալցակայանում կայանած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենա: Ավտոմեքենան պատկանել է Հակոբյանների հարազատներին: Պայթյունի պահին Արմեն Ռաֆիկի Հակոբյանը, Արմեն Հակոբի Հակոբյանը եւ Արթուր Գասպարյանը կանգնած են եղել ավտոմեքենայի հարեւանությամբ:
Նրանց՝ տարբեր աստիճանի այրվածքներով եւ մարմնական վնասվածքներով, տեղափոխել են Երեւանի «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն»: Դեպքից որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Հակոբ Հակոբյանի որդու եւ եղբոր որդու վիճակը ծայրահեղ ծանր է: Երեկ երեկոյան մի պահ անգամ լուրեր տարածվեցին, որ Արմեն Ռաֆիկի Հակոբյանը մահացել է, բայց որոշ ժամանակ անց բարեբախտաբար այդ լուրերը հերքվեցին:
«Ժողովուրդ»-ը Հակոբյանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի խնդրի վերաբերյալ զրուցեց ՀՀ ՏԿԱԻՆ տեխնիկական ազգային անվտանգության կենտրոնի պետ Վլադիմիր Հովսեփյանի հետ, ով հայտնեց, որ այս պահին տեխնիկական քննություն է ընթանում, եւ եզրակացությունը պատրաստ կլինի չորս օր հետո: Այնուամենայնիվ, զրույցի ընթացքում Հովսեփյանն ասաց, որ տվյալ գազալցակայանը 2-3 տարի է, ինչ փորձաքննություն չի անցել: Իսկ 12 օր առաջ տեխնիկական անվտանգության եւ հակահրդեհային տեսչությունը այս գազալցակայանին տուգանել է 1 մլն դրամի չափով` փորձաքննություն չանցնելու համար: Այժմ ժամանակավորապես այս գազալցակայանի աշխատանքը դադարեցվել է:
Իսկ, ահա, տեխնիկական անվտանգության եւ հրդեհային տեսչության ներկայացուցիչ Սերգեյ Հայրապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ այս տարվա մայիսի 15-ին «Մաքուր եւ Ուղիղ» ընկերությանը պատկանող երեք գազալցկայանները, որոնցից մեկն էլ այն է, որում պայթյունն է հնչել, չեն անցել փորձաքննություն: Ի դեպ, «Մաքուր եւ Ուղիղ» ընկերությանը պատկանում է Հակոբ Հակոբյանին, իսկ նրան պատկանող բոլոր գազալցակայանները գտնվում են Երեւան-Էջմիածին մայրուղու վրա:
Տեխնիկական անվտանգության եւ հակահրդեհային տեսչության ներկայացուցչից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է ստացվել, որ նշված կառույցը, որպես վերահսկող մարմին, տեղյակ չի եղել, որ գազալցակայանը փորձաքննություն չի անցել, սակայն շարունակել է շահագործվել:
Հարցին ի պատասխան՝ Հայրապետյանն ասաց. «Մայիսի 15-ին կայացվել է որոշում՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ կետերի համաձայն, եւ կիրառվել է վարչական վարույթ: Արդյունքում «Մաքուր եւ ուղիղ» ընկերությունը տուգանվել է 1 մլն դրամի չափով: Բացի այս, իրենց տրվել է կարգադրագիր՝ տվյալ օրենքի համապատասխան, որ արգելվում է տվյալ ընկերության թվով երեք գազալցակայանների շահագործումը՝ մինչեւ տեխնիկական անվտանգության պահանջներին լրիվ համապատասխանեցումը: Իրենք, ստացվում է, որ երկրորդ անգամ են խախտում իրականացրել, որովհետեւ իրենց արգելված է եղել շահագործել գազալցակայանները, բայց շարունակել են աշխատել: Նախ՝ պետք է փորձաքննություն անցնեին, գրանցվեն արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում եւ հետո սկսեն աշխատել»,- պարզաբանեց Հայրապետյանը:
Կարելի է կարծել, որ ցանկացած քաղաքացի, ով գումար ունի, կարող է առանց արգելքի գազալցակայան բացել, քանի որ նրանք կարող են այն շահագործել նաեւ առանց տեխնիկական անվտանգության կանոնները հաշվի առնելու: Հակոբ Հակոբյանի հետ տեղի ունեցածի շուրջ զրուցելու «Ժողովուրդ»-ի փորձերն անցան ապարդյուն:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության պետ Լեւոն Խալիկյանը մեծ ոգեւորվածությամբ հայտարարում էր, որ ՀՀ-ում գործող բոլոր գազալցակայաններում պետք է բաշխիչ աշտարակներ տեղադրվեն՝ հնարավոր բոլոր պայթյուններից խուսափելու համար: Իսկ գազալցակայանների սեփականատերերը այն ձեռք էին բերում 4-5 հազար դոլար արժեքով: Խալիկյանի խոսքերով, երբ բացակայում է բաշխիչ աշտարակը, ապա լիցքավորում են ավելի մեծ ճնշումով, ինչն էլ կարող է գազի բալոնի պայթյունի պատճառ դառնալ:
Հ.Գ. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Զվարթնոց թաղամասում գործող գազալցակայանում անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 
ՏԱՔՍԻՈՎ, ԲԱՅՑ ՉԱՐՉԱՐԱՆՔՈՎ
Անցյալ տարվա նոյեմբերից չի գործում Նոյեմբերյան-Երեւան-Նոյեմբերյան միկրոավտոբուսային երթուղին: Ոչ մի կազմակերպություն հետաքրքրություն չի ցուցաբերում այդ երթուղու հանդեպ, որպեսզի մասնակցի ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից հայտարարվող մրցույթներին եւ երթուղին վերագործարկի: Հետաքրքրություն չեն ցուցաբերում, քանի որ նրանց համար դժվար է մրցակցել նույն գծում աշխատող տաքսիների հետ, որոնց մի մասը գործում է առանց հարկային դաշտում գրանցվելու:
Ներկայումս Նոյեմբերյանից-Երեւան եւ հակառակ ուղղությամբ ուղեւորափոխադրումն իրականացվում է տաքսիների միջոցով: Միկրոավտոբուսների ուղեվարձը եղել է 2 հազար դրամ, տաքսիներն այժմ մարդկանց տեղափոխում են 3 հազար դրամով: Երթուղում գործում են ինչպես անհատ տաքսիներ, այնպես էլ տաքսի ծառայություններ: Սովորաբար տաքսին մեկնում է, երբ լրանում են նրա 4 ուղեւորները: Իսկ քանի որ միշտ չէ, որ ուղեւորների անհրաժեշտ թիվը շուտ է լրանում, մարդիկ ստիպված են լինում երկար սպասել:
Իսկ արդեն Երեւանում ուղեւոր «հավաքելը» մի առանձին երեւույթ է: Ուղեւորներից մեկը, ասենք, կարող է Շենգավիթում նստել, մյուսը՝ Կոմիտասի փողոցում, 3-րդը` Նոր Նորքի 8-րդ զանգվածում եւ այսպես շարունակ: Մյուս կողմից՝ կարող է ուղեւորի բախտ չբերի, եւ նա ստիպված լինի փողոցում ժամերով սպասել, մինչեւ Երեւան-Նոյեմբերյան տաքսին կժամանի: Սովորաբար ուղեւորները հեռախոսով վարորդներից ճշտում են նրանց «չվացուցակը»: Սակայն երբեմն այնպես է ստացվում, որ վարորդը հավաստիացնում է՝ հեսա-հեսա հասնում եմ, բայց իրականում նա մեկ կամ երկու ժամ հետո նոր տեղ է հասնում: Բացի այդ՝ Երեւան ժամանած նոյեմբերյանցիներից շատերը, մայրաքաղաքի փողոցներում չկողմնորոշվելով, չեն կարողանում իրենց բերած տաքսիստին բացատրել, թե իրենք որտեղ են գտնվում, եւ ինչպես պետք է հանդիպեն, որպեսզի վերադառնան Նոյեմբերյան: Քանի որ, եթե բաց թողնեն իրենց Երեւան բերած ավտոմեքենան, ապա կարող են մնալ մայրաքաղաքում:
Իսկ Երեւան-Նոյեմբերյան տաքսիստների առավելությունը կայանում է նրանում, որ նրանք բոլոր ուղեւորներին, կլինի Երեւանում թե Նոյեմբերյանում, հասցնում են նրանց նախընտրած վայրը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է
Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ անձրեւատար համակարգի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված` այսօր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչեւ ուշ գիշեր, ավտոտրանսպորտային միջոցների համար ամբողջությամբ փակ է լինելու Ուրուգվայի հրապարակից («Նաիրի» ԲԿ հարակից հրապարակ) դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհահատվածը:

 
ՏԱՐԱԾՔ՝ ՌՈՒՍԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում կքննարկվի մի նախագիծ, որով առաջարկվում է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Չարենց 75 հասցեում գտնվող շենքի 3-րդ եւ 4-րդ հարկերից 105 մլն 770 հազար դրամ շուկայական արժեքով 608.7 քմ ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցնել Երեւանի քաղաքապետարանի «Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ից եւ տալ «Սլավյանսկայա միջնակարգ դպրոց» ՍՊԸ-ին: Այլ կերպ ասած՝ ՀՀ Կառավարությունը տարածքը վերցնելու է եւ տա վերը նշված ընկերությանը` այդտեղ ռուսական դպրոց բացելու համար: Նախագծի կից նյութերից տեղեկանում ենք՝ ռուսական դպրոց բացել պատրաստվող ընկերությունը տասը տարվա ընթացքում պատրաստվում է ընդամենը 5 մլն 200 հազար դրամի ներդրում կատարել: Այսինքն՝ 105 մլն արժողությամբ տարածքը շահագործելու են՝ տարեկան ընդամենը 500 հազար դրամի ներդրում կատարելով: Բնական հարց է ծագում՝ իսկ ինչի՞ հաշվին է գործելու այդ դպրոցը, ինչի՞ հաշվին է պահպանվելու նշված տարածքը, որը պետական է: Այս հարցերի պատասխանը չկա: ՀՀ Կառավարության ներկայացուցիչներն էլ դժվար թե համարձակվեն այդ խնդրի վերաբերյալ որեւէ բան հետաքրքրվել. մեկ էլ տեսար՝ ռուսները զայրանան:

 

 

ՀԻՄԱ ԷԼ ՍՆԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այս ամիսներին առատ տեղումները կարող են մեծ վտանգ ներկայացնել ոչ միայն խաղողի այգիներին, այլեւ կարտոֆիլի ու այլ մշակաբույսերի ցանքատարածություններին: Այս առումով երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ Արարատյան հարթավայրում շարունակաբար դիտվող տեղումների հետեւանքով օդի բարձր հարաբերական խոնավությամբ ու ջերմությամբ պայմանավորված` բարենպաստ պայմաններ են ստեղծվել հատկապես պտղատու եւ խաղողի այգիների սնկային տարբեր հիվանդությունների զարգացման համար: Այսպիսով, բերքի կորուստներից խուսափելու եւ պտուղների բարձր ապրանքային տեսքը պահպանելու նպատակով նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս կորիզավոր պտղատու այգիներում լրացուցիչ բուժումներ կատարել ծակոտկեն բծավորության դեմ: Մասնավորապես, խաղողի այգիներում առաջիկա օրերին՝ ծաղկումից առաջ, անհրաժեշտ է կատարել բուժումներ միլդիու, օիդիում սնկային հիվանդությունների եւ խաղողի վազի ողկուզակեր վնասատուի առաջին սերնդի դեմ: Իսկ ծաղկումից անմիջապես հետո նշված հիվանդությունների եւ վնասատուների դեմ անհրաժեշտ է բուժումները կրկնել` փոխարինելով նախորդ անգամ օգտագործված բուժանյութերը այլ պեստիցիդներով: Հիշեցնենք, որ օրեր առաջ այս խնդրի շուրջ իր մտահոգությունը հայտնեց նաեւ «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա համոզմամբ՝ գերխոնավության եւ շոգի պայմաններում սնկային հիվանդություններն ավելի են զարգանում: Մասնագետի խոսքերով՝ սնկային հիվանդությունները կարող են մեծ վնաս հասցնել նաեւ կարտոֆիլին: Բերբերյանի պնդմամբ՝ այս տարի Արարատյան դաշտավայրում ու Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի ցանքատարածություններն ավելացել են, իսկ Շիրակի մարզում՝ նվազել:




Լրահոս