«ՄԵՐ ՄԻՋԻ ԶԻՋՈՂԸ ԵՍ ԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միսս Հայաստան», «Վիցե-միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանի աստեղային ժամերից անցել է տասը տարի, սակայն երկրպագուները նրան չեն մոռացել: Վերջինս շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում, մարդիկ հետաքրքրվում են նրա գործունեությամբ եւ անձնական կյանքով: «Ժողովուրդ»-ը Լուսինե Թովմասյանի հետ զրուցել է նրա ներկայիս առօրյայի, գործնական դադարի, ընտանեկան կենսակերպի եւ այլ թեմաների շուրջ:

-Լուսինե՛, կար ժամանակ, երբ հանրության մի հատված տվել էր Ձեզ բիզնես լեդիի պիտակը, ամուսնությունից հետո, սակայն, գործնական կյանքն ամբողջովին մղել եք երկրորդ պլան` առաջնություն տալով անձնականին…
-Այդ դադարը նպատակային չէ, պարզապես ինքս էլ ուզում եմ իմ ժամանակն անցկացնել բալիկիս հետ, ով շատ արագ է մեծանում, իսկ նրա հետ մեծանում եմ նաեւ ես: Դեռ չեմ մտածում, թե առաջիկայում ինչով եմ զբաղվելու, դրա ժամանակն էլ չունեմ, անկեղծ ասած: Բայց, անշուշտ, կաշխատեմ, երբ ցանկանամ: Այս շրջանում բազում առաջարկներ եմ ստացել հեռուստատեսությունից, սակայն ինքս էլ հասկանալով, որ ֆիզիկապես չեմ հասցնի աշխատանքին նվիրվել, մերժել եմ դրանք: Դեռեւս չկա նաեւ մի գործ, որի շրջանակում գումար ներդնելու ցանկություն ունենամ, եթե լինի, չեմ հապաղի:
-Վերջին շրջանում «Միսս Հայաստան» մրցույթ արդեն չի կազմակերպվում: Ըստ Ձեզ` մենք, առհասարակ, այսօր ունե՞նք նման մրցույթների կարիք:
-Իհարկե, ունենք, քանի որ դրանք մասնակիցներին արտերկրում հանդես գալու հնարավորություն են ընձեռում: Բայց այն մրցույթներին, որ Հայաստանում կազմակերպվում էին վերջին շրջանում, ոչ ոք արդեն չէր ուզում մասնակցել, քանի որ դրանք անցկացվում էին ոչ պրոֆեսիոնալ կերպով: Եթե այդ կազմակերպչական հարցը երբեւէ շտկվի, վստահ եմ, որ շատ հայ աղջիկներ կուզենան մասնակցել մրցույթին: Իհարկե, տարիներ կպահանջվեն, բայց այդ կերպ հնարավոր կլինի նաեւ վերականգնել մրցույթի բարի համբավը: Մոդելային ոլորտը դրսում ծաղկում է ապրում, եւ շատերը կցանկանան դուրս գալ արտերկիր: Իսկ այստեղ ամեն գովազդի եւ ցուցադրության համար աղջիկները ստանում են չնչին գումարներ:
-Երբ այսօր զբոսնում եք մայրաքաղաքի փողոցներով, երիտասարդ աղջիկների շրջանում կա՞ մի ընդհանուր միտում, որ Ձեզ համար նկատելի է:
-Այո՛, ես այսօր տեսնում եմ շատ գեղեցիկ երիտասարդ սերունդ, եթե համեմատենք տարիներ առաջ մեր ունեցած պատկերի հետ, ապա կնկատենք, որ այսօր մեր աղջիկների առօրյայից համեմատաբար կորել են բարձրակրունկ կոշիկները. նրանք նախընտրում են հագնվել առավել հարմարավետ: Սա նշանակում է, որ հայ աղջիկներն ինչ-որ առումով ձերբազատվել են բարդույթներից, ինչն ուրախալի է:
-Վերջերս կայքերից մեկը Ձեզ վերագրել էր քթի պլաստիկ վիրահատություն: Առհասարակ, պլաստիկ վիրահատական միջամտություններին ինչպե՞ս եք վերաբերվում:
-Այո՛, ես տեսա այդ նյութը, եւ դա ուղղակի ծիծաղելի էր: Ասեմ, որ երբեւէ չեմ դիմել պլաստիկ վիրահատության, բայց, միեւնույն ժամանակ, չէի ասի, թե այդ երեւույթին վատ եմ նայում. եթե մարդ իրոք ունի դրա կարիքը, պարտադիր պետք է դիմի վիրահատության, ինչո՞ւ ոչ: Բայց, ահա, շուրթերը փքելու համատարած տենդենցն ուղղակի զզվելի է: Կարծում եմ` կինը պետք է ինքնավստահ լինի, նրա արտաքին տեսքն ու ներքնաշխարհը պետք է հաշտ լինեն միմյանց հետ: Այդ պարագայում շատերը նման քայլի չեն դիմի:
-Երջանիկ ընտանիք ունենալու Ձեր մոդելը ո՞րն է:
-Կարծում եմ` ամուսինները պետք է զիջող լինեն, օրինակ՝ մեր միջի զիջողը, հարմարվողը ես եմ: Միանշանակ, դրա դիմաց ստանում եմ համարժեք վերաբերմունք: Ամեն օր, հատկապես երեխայի ծնունդից հետո, մենք մեծ ջանք ու եռանդ ենք ներդնում, որ մեր ընտանիքն ամուր լինի:
-Դատելով լուսանկարներից` Ձեր դուստրը նման է Ձեզ: Ի՞նչ փոխեց նա Ձեր կյանքում:
-Ինքս դժվարանում եմ համեմատել, սակայն կողքից շատ կարծիքներ եմ լսել, ըստ որոնց՝ դուստրս նման է ե՛ւ ինձ, ե՛ւ ամուսնուս: Նրա ծնունդից հետո իմ ողջ առօրյան է փոխվել, մտածելակերպը, բայց փոխարենը գանձ եմ ստացել (ծիծաղում է): Ամուսինս էլ աշխատում է ամեն բան անել, որ երեքով ավելի շատ ժամանակ անցկացնենք միասին, երեկոյան զբոսանքների գնանք, թեպետ ամեն բան ինքնըստինքյան ստացվում է:
-Եվ վերջում, կարող եք Ձեր խոսքն ուղղել երկրպագուներին, որոնք նույնիսկ 10 տարի անց չեն մոռացել Ձեզ:
-Իսկապես, շատ հաճելի է, երբ ուշադրության պակաս չես ունենում. դա միայն դրական էմոցիաներ է արթնացնում, ուստի անչափ շնորհակալ եմ բոլոր այդ մարդկանց…

 

 

 

 
ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ԸՆԿՈՒԶԵՆՈՒ 88-ԱՄՅԱԿՆ Է

Հանդարտ, հումորով, խորը, բարի. ահա այսպես են նկարագրում հայ կինոյի ընկուզենուն` ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանին, այն մարդիկ, ովքեր երբեւէ աշխատել են նրա հետ նկարահանման հրապարակում կամ բախտ են ունեցել պարզապես սեղան նստել հետը, երկու խոսք փոխանակել: «Բարեւ, ես եմ», (ռեժիսոր եւ դերակատար) «Սարոյան եղբայրներ» (գեղ. ղեկավար եւ դերակատար), «Երկունք» (ռեժիսոր), «Մենավոր ընկուզենի» (դերակատար, սցենարիստ, ռեժիսոր), այս եւ մի շարք այլ ֆիլմերում ակնհայտ է նրա յուրահատուկ ձեռագիրը եւ դովլաթյանական հայկականությունը: Նրա մասնագիտական որակների մասին ամենալավը խոսում են հենց նրա ֆիլմերը, իսկ, ահա, մարդ տեսակի մասին առավել մանրամասն պատմում են ընկերներն ու կոլեգաները:

Դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը, ով նկարահանվել է «Երկունք»-ում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ թեեւ Դովլաթյանը հատկապես պատմական ֆիլմերի շրջանակներում ծանր աշխատանք էր տանում, նկարահանման հրապարակում երբեւէ ցույց չէր տալիս այդ ծանրությունը. «Իհարկե, նկարահանումների ժամանակ ամեն ինչ պետք է տեղը տեղին լիներ, սակայն նա այնքան թեթեւ էր այդ գործընթացն անցկացնում: Դովլաթյանի հումորն անսպառ էր. մեկ էլ կգոռար` Վարդո՜ւշ, ասիստենտները վազում էին, հարցնում էին` ում եք ուզում, ասում էր` ինքը գիտի. պարզվում էր` ինձ է կանչում»,- ծիծաղելով պատմեց դերասանուհին:
Նրա խոսքով` Դովլաթյանն անչափ հարգալից էր վերաբերվում դերասաններին. «Պաշտում էր Խորեն Աբրահամյանին, նա ամբողջ օրը գիրք էր կարդում, Դովլաթյանն էլ ասում էր` ա՛յ մարդ, էս խելացի դերասաններին «չեմ սիրում», էդքան չեն կարդա, էլի…»:
Դերասան Ռոբերտ Հարությունյանն էլ, ով նկարահանվել է «Մենավոր ընկուզենի»-ում, մեզ հետ զրույցում հիշեց, որ նկարահանման հրապարակում Դովլաթյանը կարող էր ընդամենը մեկ բառով դերասանին հասկացնել, թե ինքն ինչ է ուզում տեսնել. «Սկսած բանվորից մինչեւ օպերատոր սիրում էին նրան, երբեք ոչ ոքի վրա ձայն չէր բարձրացնում: Դովլաթյանը նաեւ հրաշալի քեֆ անող, համով-հոտով մարդ էր, սեղանի ղեկավար: Նրա հետ ընթրելն արդեն իսկ մեծ հաճույք էր, եւ անգամ սեղանի շուրջ կինոյի մասին այնպիսի բաներ կարող էիր նրանից իմանալ, որ հետո հնարավոր է` օգտագործեիր… Անփոխարինելի մասնագետ եւ հրաշք մարդ էր, որին միշտ կհիշենք…»:
Հ.Գ. Այս տարվա մայիսի 26-ին Ֆրունզե Դովլաթյանը կտոներ իր ծննդյան 88-ամյակը: «Ժողովուրդ»-ն այս առթիվ ներկայացրեց ընկերների հուշերը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

«ՔՈՉԱՐԻ»` ՌՈՍՏՈՎՈՒՄ
Ռուսաստանում առաջին անգամ հայկական ազգային ավանդական «Քոչարի» պարի զանգվածային կատարում է տեղի ունեցել: Օրերս Ռոստովում մոտ 1500 մարդ` երեխաներ, մեծահասակներ, ձեռք ձեռքի են տվել ու պարել Սուրբ Հարություն եկեղեցու բակում: Պարը տեւել է մոտ 30 րոպե: Մասնակիցների թվում եղել են նաեւ պրոֆեսիոնալ պարողներ` պարախմբերի սաներ ու մարդիկ, որոնք որեւէ կապ չունեն պարի հետ: Միջոցառմանն աջակցել է Հարավային դաշնային շրջանում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը: Ակցիան տեղի է ունեցել ի աջակցություն պարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու նախաձեռնության:

 

ԲԻ ԲԻ ՔԻՆԳԻՆ ԹՈՒՆԱՎՈՐԵ՞Լ ԵՆ
Մայիսի 15-ին 89 տարեկանում մահացավ լեգենդար բլյուզ երաժիշտ Բի Բի Քինգը: Օրեր անց նրա դուստրերը սկանդալային հայտարարությամբ են հանդես եկել: Աղջիկները Բի Բի Քինգի սպանության մեջ մեղադրում են նրա մենեջեր Լավերն Թոնիին եւ օգնական Մայրոն Ջոնսոնին: ABC News-ի փոխանցմամբ` դուստրերը կարծում են, թե վերջիններս թունավորել են իրենց հորը: Սակայն Բի Բի Քինգի փաստաբան Բրենթ Բրայսոնը ծիծաղելի է համարել այս հայտարարությունը: «Հուսով եմ, որ նրանք ինչ-որ փաստեր ունեն նման զրպարտությունների համար: Երեք բժիշկ խնամել են Բի ԲԻ Քինգին մինչեւ նրա կյանքի վերջին վայրկյանները»,-ասել է փաստաբանը:

 

ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ
«Եվրատեսիլ 2015»-ի հաղթող Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Զելմերլյովը հայտնվել է միջազգային ԶԼՄ-ների թիրախում: Բանն այն է, որ համացանցում տարածվել է մի լուսանկար, որում նա համբուրվում է մեկ այլ տղամարդու հետ: Լուսանկարի սկզբնաղբյուրը հայտնի չէ, բայց «Ivona» կայքը պնդում է, որ այն հրապարակվել է 2015թ. ապրիլի 2-ին:
Dni-ն տեղեկացրել է, որ երգիչը համբուրել է տղամարդուն եւ իրեն նույնասեռական ձեւացրել ավելի շատ ձայներ ու միավորներ հավաքելու համար:
Super-ն էլ հայտնել է, որ Մոնսն իր հայրենիքում սկանդալային երգչի անուն ունի: Մեկ տարի առաջ հաղորդումներից մեկի ժամանակ նա հայտարարել է, որ բացասաբար է վերաբերվում նույնասեռականներին: Դրանից հետո Շվեդիայում բոլորը քննադատել են նրան եւ ստիպել արդարանալ: Արդյունքում երաժիշտը ներողություն է խնդրել իր խոսքերի համար:




Լրահոս