Գյուղացիները չեն կարողանում իրացնել կարտոֆիլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի եւս կարտոֆիլի մշակությամբ զբաղվող գյուղացիների զգալի մասը կանգնել է ստացված բերքն իրացնելու խնդրի առջեւ: Ճիշտ է` մթերող ընկերությունները պատրաստ են գնել այն, սակայն չափազանց ցածր գնով: Արդյունքում բազմաթիվ համայնքներում գյուղացիները գերադասում են իրենց բերքն իրացնել մանրածախ ձեւով:

ՀՀ Արագածոտնի մարզի Արագած համայնքի բնակիչներն արդեն մի քանի ամիս է, ինչ չեն կարողանում իրացնել նախորդ տարվանից պահեստավորած կարտոֆիլը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նմանատիպ խնդիրներ ունեն նաեւ Շիրակի եւ Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ:

«Ժողովուրդ»-ը զրուցեց Արագածոտնի մարզի Արագած համայնքի ղեկավար Հենրիկ Հովհաննիսյանի հետ, ով հայտնեց, որ գյուղի բնակիչների բարձրացրած բողոքի ալիքից հետո է միայն գյուղատնտեսության նախարարը հանձնարարել մթերող կազմակերպություններին այցելել գյուղ:

«Այսօր Հայաստանում կարտոֆիլի շուկայական գինը 110-120 դրամի միջակայքում տատանվում է, իսկ մթերող ընկերությունները առաջարկում են 90 դրամ: Բայց մարդիկ հիմա սկսել են քիչ-քիչ սպառել կամ էլ կիլո-կիլո 120 դրամով վաճառում են: Ճիշտ է՝ այսպես ավելի դժվար է, բայց գոնե կարողանում են իրենց ցանկացած գնով իրացնել: Չէ որ նրանց միակ եկամուտն է, որով ընտանիք են պահում: Բոլորիս էլ հայտնի է, որ մարդիկ ձգտում են իրենց արտադրանքը միշտ բարձր գնով վաճառել: Նախորդ տարվա վերջին Վրաստանից առեւտրականներ եկան ու բավականին բարձր գնով կարտոֆիլ տարան: Իհարկե, մեր գյուղացիները օգտվեցին»,- նշեց Հ. Հովհաննիսյանը:

Արագածի գյուղապետի պատմելով՝ նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կարտոֆիլի գինը տեղական շուկայում կազմել է 200-220 դրամ: Եւ հենց այդ շրջանում նշված գյուղի բնակիչները կարողացել են այդ գնով կարտոֆիլ իրացնել, իսկ հիմա հրաժարվում են 90 դրամով վաճառելուց, որովհետեւ այդ գնով եկամուտ չեն ունենում: «Ժողովուրդ»-ը գյուղապետից տեղեկացավ, որ այս պահին էլ գյուղի բնակիչներն ունեն պահեստավորած կարտոֆիլ, որն աստիճանաբար սպառում են:

Նշենք, որ նույն՝ գյուղմթերքի իրացման խնդրի առաջ կանգնած են նաեւ Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղեր: Թեեւ այս մարզում գյուղեր կան, որտեղ ամբողջովին լուծվել է խնդիրը: Օրինակ՝ Գանձակ գյուղի բնակիչներն արդեն հասցրել են իրացնել իրենց պահեստավորած կարտոֆիլը: Գյուղապետ Վանիկ Հարությունյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ գարնան ամիսներին գյուղացիներն իրենց ունեցած կարտոֆիլը կարողացել են իրացնել միայն տեղական շուկայում, կրկին՝ կիլո-կիլո տարբերակով: Մթերող ընկերություններն այս գյուղ չեն այցելել:

Իսկ, ահա, Ծովինար գյուղում առկա է կարտոֆիլի իրացման խնդիրը: Ծովինարի գյուղապետ Մհեր Մարտոյանը մեզ փոխանցեց, որ այս պահին էլ մարդկանց տներում կա նախորդ տարվանից պահեստավորած մեծ քանակությամբ կարտոֆիլ: «Մերոնք կարտոֆիլ լավ են մշակում, մեր կողմի կարտոֆիլը շատ համով է, բայց մթերող ընկերությունները, չգիտես թե ինչու, էժան գնով են ցանկանում այն գնել: Մինչդեռ նախորդ տարվա աշնան վերջին մերոնք 190-200 դրամով են իրացրել: Իսկ հիմա մթերողներն առաջարկում են 90 դրամ, բայց գյուղացիները չեն համաձայնում»,- նկատեց Ծովինարի գյուղապետը:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Աստղաձոր, Զոլաքար եւ Շատվանի գյուղերի բնակիչները նույնպես չգիտեն, թե ինչպես վարվեն նախորդ տարվա կարտոֆիլի հետ: Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ գյուղացիների դժգոհություններից հետո գյուղատնտեսության նախարարության միջամտությամբ կարողացել են մոտ օրերս 200 տոննա կարտոֆիլ արտահանել դեպի Ռուսաստանի Դաշնություն. «Լուծեցինք խնդիրը: Երեկ վերջին ֆուռը՝ ԿԳ-ն 90 դրամով, դուրս եկավ գյուղից»:

Զրույցի ավարտին գյուղապետը փոխանցեց, որ նախորդ տարի գյուղում հավաքվել է շուրջ 15 հազար տոննա կարտոֆիլ:

Ի դեպ, տեղեկացնենք, որ այս խնդրի շուրջ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը հայտարարել է հետեւյալը. «Գյուղացիներն ավելի բարձր գնով են ցանկացել վաճառել կարտոֆիլը, բայց այլ երկրների շուկաներում կարտոֆիլի գինը բավականին էժան է, ինչի պատճառով մթերողները չեն համաձայնել գյուղացիների առաջարկած գների հետ: Նրանց կարտոֆիլը հիմա վաճառվում է տեղական շուկայում»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս