Եթե չիմանայինք տղայի տարիքը, կմտածեինք, որ մի ամբողջ դաժան կյանք է ապրել: Արմանն ամիսներ անց կդառնա 13 տարեկան, եւ թվում է՝ նա պետք է վայելի մանկությունը, խաղա ընկերների հետ, սովորի, մտածի ապագայի մասին, սակայն արի ու տես՝ նա իր անկողնային հիվանդ, հաշմանդամ ու ցավերի մեջ տառապող մորն է խնամում, տունն է պահում:
Վագոն-տնակը, որտեղ ապրում է Արման Լալայանն իր մոր հետ, գտնվում է մայրաքաղաքի Զեյթունի գերեզմանոցին կից: Արմանը պատմեց, որ այդ տնակը իրենցը չէ, ինքը խնամում է տանտիրոջ շներին, որի դիմաց իր մայրիկի հետ բնակվում է այդտեղ: Ու չնայած տնակը բոլոր տեսակի կոմունալ ու, առհասարակ, տարրական պայմաններից զուրկ էր, փայլում էր մաքրությամբ:
«Ես եմ մաքրում տունը, ուտելիք պատրաստում, եթե ունենում ենք: Մայրիկին գրկած տանում եմ կարիքները հոգալու: Գոնե ես հիվանդ չլինեի, որ կարողանայի փող աշխատեի»- ասաց նա՝ ցույց տալով ականջին փակցված լսողական ապարատն ու հաստ ապակիներով ակնոցը:
Ընտանիքն ապրում է ընդամենը 22,000 դրամ նպաստով, որը միայն հացի եւ երբեմն էլ այլ սնունդի է բավականացնում: Երբ ամեն ինչից զուրկ ապրող այս տղային հարցրինք, թե ինչ կցանկանար ունենալ կամ ինչի մասին է երազում, պատասխանեց.«Ուզում եմ մամաս առողջանա, իրա հետ ոչ մի բան չլինի, իսկ ինձ ոչ մի բան էլ պետք չի»:
Հետո մի փոքր զրուցեց մեզ հետ: Հասկացանք, որ շատ է սիրում երշիկ ուտել, վաղուց է կերել, ու դուրը եկել է, անհաս երազի նման էլ ավելացրեց՝ շատ կուզեի հեծանիվ ունենայի:
Արմանի մոր՝ 51-ամյա Մարինե Լալայանի հետ զրուցել չհաջողվեց, քանի որ անդադար ցավերի մեջ էր: Միայն իմացանք, որ ունի ողնաշարի եւ հաստ աղիքի հետ կապված լուրջ խնդիրներ: Տեղեկացանք նաեւ, որ Արմանի հայրը մի քանի տարի է, ինչ մահացել է: Հորեղբայրը վաճառելով բնակարանը՝ իրենց անտուն է թողել:
«Երազում եմ մի հատ փոքր դոմիկ առնեմ, որ ես ու մաման մեջն ապրենք»,-ասաց Արմանը՝ շեշտելով, որ մոր առողջանալուց հետո դա իր երկրորդ մեծ փափագն է:
Արեւիկ Հակոբյան