ՏԱՎՈՒՇՈՒՄ ՍԻԲԻՐԱԽՏՈՎ ՀԻՎԱՆԴ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզում կասկածվող սիբիրախտի հետեւանքով հիմա տարածաշրջանի բոլոր համայնքներում անասունների պատվաստումներ են կատարվում: Սակայն մարզի բնակիչները լրջորեն անհանգստացած են, որ սիբիրախտով հիվանդ միսը կարող է հայտնվել վաճառակետերում:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Խոլարքեր հանդամասում հոկտեմբերի 30-ին կով էր սատկել: Ըստ պտտվող լուրերի՝ պատճառը սիբիրախտն է:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պատասխանատու Բաբկեն Պիպոյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց. «Լաբորատոր հետազոտության արդյունքները դեռ պատրաստ չեն, բայց նշանները նման չեն սիբիրախտ հիվանդությանը: Հիմա համայնքներում կենդանիների վերահաշվարկ եւ ռեվաքցինացիա է կատարվում: Բայց, ամեն դեպքում, հաստատ ասել, որ սիբիրախտ չէ, դա էլ ճիշտ չէ: Լաբորատոր արդյունքներից պարզ կլինի` սիբիրախտ է, թե ոչ»: Տեղեկացնենք, որ այսօր հետազոտության պատասխանը պատրաստ կլինի:
«Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ Տավուշի մարզի մի քանի համայնքների ղեկավարների հետ` պարզելու, թե ինչ կանխարգելիչ աշխատանքներ են տարվում սիբիրախտի դեմ: Ենոքավանի համայնքապետ Անդրանիկ Չիբուխչյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ բոլոր տեսակի պատվաստումներն արվել են. «Մեզ մոտ սիբիրախտ չկա: Ամեն ինչ նորմալ է, եւ պատվաստումն էլ ժամանակին եղել է»: Նույն համայնքի անասնաբույժ Արմեն Բեջանյանը տեղեկացրեց, որ անցած շաբաթվա ընթացքում օրվա մեջ 50 կամ 100 անասուն է վակցինացվել. «Անասունների մի մասն էլ հանդերում է: Բայց խոշոր եղջերավոր անասուններին տարին մեկ անգամ ենք պատվաստում»:
Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը շտապեց տեղեկացնել, որ իրենց համայնքում նման խնդիր չի եղել ու չկա: «Բայց ասում են, որ մարզում կա: Մենք ունենք անասնաբույժ: Ընտիր մարդ է: Եղել են դեպքեր, որ ժանտախտ էլ է տարածվել հարեւան գյուղերում, բայց մեր գյուղին չի հասել: Չէ՛, աղջի՛կ ջան, նման պրոբլեմներ չունենք»,-վստահ ձայնով ասաց գյուղապետը:
Նույն իրավիճակն է տիրում նաեւ մյուս համայնքներում: Վազաշենում ստուգումներ դեռ չեն անցկացվել, իսկ Գոշում պետք է պատվաստումների երկրորդ փուլը սկսեն:  «Մի քանի օր առաջ վակցինացիա է կատարվել դաբաղ հիվանդության դեմ: Հիմա էլ սպասում ենք, որ մի քանի օր անցնի, ու սիբիրախտի դեմ պատվաստենք: Ժողովուրդն էլ պատրաստակամ բերում է անասուններին: Մենք հիմնականում գարնանն ենք կատարում պատվաստումները, որովհետեւ դրանից հետո պետք է անասունները բարձրանան յայլաները, որտեղ մնում են մոտ կես տարի»,-ներկայացրեց Վազաշենի ղեկավար Լորիկ Բադիրյանը:
Տավուշի մարզպետարանի գյուղվարչության պետ Ռազմիկ Մելիջանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանեց. «Մարզում բոլոր տեսակի միջոցառումներն իրականացվում են, բայց դեռ ոչ մի պաշտոնական տվյալ չկա, որ այդ դեպքը սիբիրախտ է: Վաղը (այսօր-Ս. Հ.) պատրաստ կլինի պատասխանը: Իհարկե, գյուղերում միջոցառումները կատարվում են, ինչի՞ մասին է խոսքը: Այս պահին ոչ մի ստույգ տվյալ չունենք մեր ձեռքում: Ճիշտ է, միջոցառումներ են ձեռնարկվում, ախտահանում են, բայց կոնկրետ ո՛չ հիվանդ անասուն, ո՛չ էլ հիվանդ մարդ չկա: Եւ կենդանու անկում էլ չի գրանցվել»:  
Հավելենք, որ այս պահին, երբ առկա է հիվանդության տարածման վտանգը, Իջեւանում շարունակվում է մսի վաճառքը: Նշենք նաեւ, որ Իջեւանի մուտքի մոտ դեռ շարունակում է մնալ կարանտինային կետը, որտեղ ստուգվում են քաղաքից դուրս եկող մեքենաները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս