Գագիկ Ծառուկյանն աջակցու՞մ է Սերժ Սարգսյանի նկատմամբ իմպիչմենտի գործընթացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը սկսել է ստորագրահավաք՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու համար: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց ինքը` Հարությունյանը:

-Պարոն Հարությունյան, սկսել եք ստորագրագրահավաք Սերժ Սարգսյանի` իմպիչմենտի գործընթաց սկսելու համար: Մի փոքր կմանրամասնե՞ք:

-Եթե նախադեպը կա, որ 500 հազար ձայն ստացած քաղաքական ուժի ղեկավարին կարող են քաղաքական ճնշումների, ահաբեկչության, սպառնալիքների միջոցով ստիպել հեռանալ քաղաքականությունից, ապա երաշխիք չկա, որ նոր ստեղծվող կուսակցության հետ նույնը չի պատահի: Դրա համար մենք գտնում ենք, որ պետք է վերադառնալ փետրվարի 12-18-ն ընկած ժամանակը: Մենք ինչ ունեինք և ինչ ստացվեց: Մեկը Սերժ Սարգսյանի` փետրվարի 12-ի խայտառակ, հակասահմանադրական ելույթն էր, որի վերաբերյալ տարբեր քաղաքական ուժեր, առաջին, երկրորդ նախագահները արտահայտվեցին, որ դա դուրս է եկել սահմանադրության շրջանակներից: Երկրորդը` Ծառուկյանի փետրվարի 13-ի ելույթն է, որում կարևոր էր նախադասությունը` «իմ կյանքի նպատակը չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելն է»: Հետո Ծառուկյանը քաղաքականությունից դուրս է գալիս: Հետագա գործընթացը ցույց տվեց, որ Ծառուկյանի, կուսակցության և համաժողովրդական շարժման նկատմամբ տեղի է ունեցել ահաբեկչություն: Սերժ Սարգսյանի այդ ելույթը բավարար հիմք էր իմպիչմենտի գործընթաց սկսելու համար: Մենք վերադառնում ենք այդ ժամանակաշրջան և սկսել ենք ստորագրահավաք: Մեր խնդիրն այն չէ, որ մի քանի պատգամավորներ հարցը մտցնեն խորհրդարան, օրակարգ չմտնի: Դրա համար մենք նախապատրաստել ենք ժողովրդին, ստորագրությունների միջոցով, քարոզարշավի և այլն: Մենք հենց այնպես մարդկանց չենք տալու` ասենք, գնացեք ստարագրություն բերեք: Մենք ամեն մեկի հետ խոսելու ենք: Այսօր արդեն բավականին զանգեր ենք ստացել, ովքեր պատրաստ են գրքույկները վերցնել և ստորագրություն հավաքել: Մենք պիտի քաղաքական բազա ստեղծենք պառլամենտում իմպիչմենտի գործընթացը սկսելու համար: Դնելուց առաջ ժողովուրդը պետք է պատրաստ լինի: Մենք այսօր գործ ունենք ժողովրդի հետ, քանի որ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցը, վերջիվերջո, օրակարգային է ժողովրդի մոտ: Իսկ քաղաքական ուժերը պարտավոր են պատվերը կատարել: Ով որ չկատարեց, ինքն է պատասխան տալու ժողովրդի առաջ:

-Իսկ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումներ եղե՞լ են:

-Ես հանդիպել եմ Համաժողովրդական շարժման անդամ պատգամավորների հետ: Իրենց հետ պայմանավորվել ենք, որ հարմար պահի հայտարարություն կանեն:

– Ո՞ր ուժերի հետ եք համագործակցում այս գործընթացքում:

-Մենք պայմանավորվել ենք, որ ես կրակն իմ վրա եմ վերցնում: Մենք չենք ուզում, որ գործընթացը ձախողվի: Այս պահին անուններ տալ չեմ կարող, բայց հարմար պահի անպայման կհրապարակվի: Առայժմ գրվելու է միայն մեր կուսակցության անունը, բայց մեզ մոտեցել են հասարակական կազմակերպություններ, արտախորհրդարանական ուժեր: Հայաստանում այսօր այն մթնոլորտն է, որ մարդկանց կարող են ճնշել, վախեցնել, այդ իսկ պատճառով ես պայմանավորվել եմ բոլորի հետ, որ հարմար պահի նրանց անունները կասեմ: Այսօր սրա նախաձեռնողը «Ազգային համաձայնություն» կուսակցություն  է, բայց մեզ օգնելու են արտախորհրդարանական ուժեր, պատգամավորներ, հասարակական կազմակերպություններ: Գործընթացն արդեն սկսված է: Մեր նպատակն ինչ-որ շոու սարքելը չէ: Իմ համար այսօր երկիրը փրկելու խնդիր կա:

-Ձեր սկսած գործընթացքում Գագիկ Ծառուկյանն ինչ-որ մասնակցություն ունի՞, Ձեզ աջակցու՞մ է:

-Որևէ մասնակցություն չունի: Իմ համար Գագիկ Ծառուկյանի կարծիքը, աջակցությունը կամ հակառակը, որևէ նշանակություն չի ունենալու: Գագիկ Ծառուկյանը, Համաժողովրդական շարժումը ստացել են ծանրագույն վնասվածք, նրանց ճնշել են, սպառնացել են: Ես չեմ նայում` Ծառուկյանը գնալուց առաջ ինչ է ասել կամ վաղն ինչ կասի: Ես գործ ունեմ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթի, Գագիկ Ծառուկյանի փետրվարի 13-ի ու 18-ի ելույթների հետ: Եթե այդ բոլոր ելույթները դնես իրար կողքի, ապա բոլորն էլ կհասկանան, որ Հայաստանում կատարվել է պետական ահաբեկչություն: Հիմա թե այդ կուսակցության լիդերը կամ ներկայիս կուսակցությունն ինչ կասի, ինձ համար երկրորդական հարց է:

-Պարոն Հարությունյան, այս պահի դրությամբ քանի՞ ստորագրություն է հավաքվել: 

-Եկեք` թվերը չասենք, քանի որ մեր նպատակն այսօր թիվ ցույց տալը չէ: Եթե նպատակ դնեինք միայն թիվ ցույց տալ, ապա շատ հեշտ է դա անելը: Բայց ես ուզում եմ, որ մարդկանց հետ խոսենք, հասկացնենք: Կարևոր է, որ դանդաղ, սկզբունքային գնանք, ոչ թե կայծ լինի և հանգչի:

Հարցազրույցը` Քրիստինա Աղալարյանի




Լրահոս