ԹՈՒՖԵՆԿՅԱՆԸ ՄՈՌԱՑԵ՞Լ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այժմ մեծ ծավալի շինարարություն է կատարվում, առողջարանային քաղաքն աստիճանաբար փոխում է իր դիմագիծը: Ավարտվում է  պետական բյուջեի 1 մլրդ 150 մլն դրամ ֆինանսավորմամբ  միջպետական ճանապարհի` Դիլիջան քաղաքով ձգվող հատվածի հիմնանորոգումն ու կառուցապատումը: Ընթացքի մեջ է  Դիլիջանի միջազգային դպրոցի, Կենտրոնական բանկի շենքի կառուցումը: Քաղաքում կառուցվում են  հանգստի եւ ժամանցի օբյեկտներ, առանձնատներ:  
Դիլիջանի կենտրոնում  երեք  տարի  առաջ սկսվել եւ չի շարունակվում բարձրահարկ հյուրանոցի շինարարությունը: Ջեյմս Թուֆենկյանը, որը «Դիլիջան» պատմաճարտարապետական համալիրի վերականգնման համար ներդրել է 2,4 մլն դոլար, երեք տարի առաջ համալիրի տարածքում սկսել է հյուրանոցի կառուցումը: Սակայն հավանաբար  2009-ին սկսված  համաշխարհային տնտեսական ճգնաժամի  պատճառով շինարարությունը հիմքերից վեր չի բարձրացել: Հիմքերից ցցված մետաղյա ամրաձողերը   դիլիջանյան խոնավությունից արդեն ժանգոտել են: Իսկ հյուրանոցի վերեւի մասում կառուցված ցանկապատը խանգարում է քաղաքի կենտրոնական` Մյասնիկյան փողոցի երթեւեկությանը:
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն ասաց, որ «Թուֆենկյան» ընկերությունն այժմ Երեւանում շինարարություն է կատարում, որի ավարտից հետո՝ հավանաբար 2013թ. գարնանը, կսկսի Դիլիջանում հյուրանոցի շինարարությունը: Հուսանք, որ գարնանը վերջապես կմեկնարկի երեք տարի հետաձգված շինարարությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս