ՔԱՆԻ ԴԵՌ ՄԵԾ ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես հայտնի է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին: Իսկ պատճառը ՌԴ ՊՆ-ում հայտնաբերված ֆինանսական խարդախությունների ու չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործերն են. Սերդյուկովը պաշտոնանկ է արվել՝ հարուցված քրգործով օբյեկտիվ հետաքննության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, ՊՆ ենթակայության գույքը վաճառվել է անչափ ցածր գներով, արդյունքում՝ պետական բյուջեին հասցվել է 300 մլրդ ռուսական ռուբլու կամ մոտ 10 մլրդ դոլարի վնաս:
Հայտնաբերված չարաշահումներից հետո նախարարի պաշտոնանկությունը միանգամայն նորմալ երեւույթ է, եւ սա ընդունված պրակտիկա է բոլոր քաղաքակիրթ երկրներում: Ընդ որում, արձանագրենք, որ նման կտրուկ քայլերի է դիմել անգամ Ռուսաստանը, որը, շատերի կարծիքով, այնքան էլ չի փայլում իր ժողովրդավարությամբ:
ՌԴ-ում տեղի ունեցածն ուշագրավ է այն առումով, որ մոտ մեկ ամիս առաջ լուրջ չարաշահումներ էին բացահայտվել նաեւ ՀՀ ՊՆ-ում: Շատերը կհիշեն ՀՀ ՊՆ-ում Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցությունը, հայտարարությունները, երբ նա անթույլատրելի էր համարել գնումների գործընթացում պետության սուղ միջոցների եւ զինվորների հաշվին թույլ տրվող չարաշահումները, խստորեն քննադատել նման մոտեցում ցուցաբերող անձանց: “Վատ է, երբ նախարարության ներսում չեմ տեսնում կատաղի պայքար այդպիսի մարդկանց դեմ… 
Պատկերացնո՞ւմ ես՝ դու գումարտակի հրամանատար լինես, մեկ էլ լսես, որ գլխավոր շտաբի պետի տեղակալը 200 հազար դոլար պարտք է վերցրել մատակարարից: Եւ ի՞նչ կմտածես: Չե՞ս մտածում, որ էդ 200 հազարի մի մասը գնացել է ԳՇ պետին, մի մասը՝ պաշտպանության նախարարին… բա ի՞նչ, բա ի՞նչ, բա էդ մարդն ի՞նչ պետք է մտածի”-ասել էր նա: Ավելին, գնումների ոլորտում տեղի ունեցածից բացի, բացահայտվել էր եւս մեկ սկանդալ. զինվորներին տարիներ շարունակ տավարի մսի փոխարեն կերակրել էին գոմեշի սառեցված մսով. այն ներկրելը մի քանի անգամ էժան է եղել, քան տավարի տեղական միս գնելը: 
Եւ ահա, չնայած ՊՆ-ում հայտնաբերված այս չարաշահումներին՝ Ս. Սարգսյանի սուր քննադատություններին, որեւէ լուրջ պաշտոնանկություն չեղավ. ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որին հարուցված քրգործի շրջանակներում պաշտոնանկ արեցին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշալույս Փայտյանն էր: Ե՛ւ պաշտպանության նախարարը, ե՛ւ փոխնախարարները, ե՛ւ ԳՇ պետն առ այսօր շարունակում են պաշտոնավարել: Մինչդեռ Ս. Սարգսյանի այս քննադատություններից հետո տրամաբանական կլիներ, եթե Ռուսաստանի օրինակով պաշտոնանկ արվեր պաշտպանության նախարարը կամ գլխավոր շտաբի պետը՝ առնվազն հարուցված քրգործի օբյեկտիվ հետաքննության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով:
Վերջերս լրագրողները վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցրել էին, թե քաղաքակիրթ երկրներում նման սկանդալների արդյունքում պաշտոնանկ են արվում այդ ոլորտի պատասխանատուները, այնինչ Հայաստանում նման բան տեղի չունեցավ՝ ո՛չ որեւէ նախարար, ո՛չ էլ վարչապետը հրաժարական չեն ներկայացրել: Տ. Սարգսյանն էլ շտապել էր հերթապահ, լղոզված պատասխանը տալ. “Քաղաքակիրթ երկրների փորձը շատ բազմազան է: Ուրեմն, իհարկե, կան դեպքեր, երբ այդ սկանդալների արդյունքում պաշտոնատար անձինք պատժվում են, ինչը տեղի է ունենում նաեւ Հայաստանում: Մենք պատժում ենք մեղավորներին, բայց կան դեպքեր, երբ կոնկրետ երեւույթների համար պատժվում են կոնկրետ արարքն իրականացնողները”:
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին հարցրինք, թե հնարավոր է՝ ՌԴ պաշտպանության նախարարի օրինակով պաշտոնանկ արվի նաեւ ՀՀ պաշտպանության նախարարը: Սակայն նա հրաժարվեց մեկնաբանել.”Առանց մեկնաբանությունների: Դա իրենց խնդիրն է”: Մեկնաբանություններից հրաժարվեց նաեւ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Մնացածներին գտնել չհաջողվեց:
“Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչու ՌԴ-ում նախարարը պաշտոնանկ արվեց, իսկ մեզ մոտ՝ ոչ, նշեց. “Քանի դեռ Սերժ Սարգսյանը մնալու է իր պաշտոնին, ու քանի դեռ մեծ ֆորս-մաժոր տեղի չի ունեցել, նա կամովին կտրուկ որեւէ համակարգային փոփոխություն, այդ թվում եւ՝ կադրային, չի անի”:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս