Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՀԱԿ ակտիվիստների դատավճիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերաքննիչ քրեական դատարանը երեքշաբթի օրը անփոփոխ թողեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) չորս երիտասարդ ակտիվիստների` Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի դատավճիռը։ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այս տարվա հուլիսին ՀԱԿ-ի չորս ակտիվիստներին դատապարտել է 2-ից մինչեւ 6 տարվա ազատազրկման։
Վերաքննիչ դատարանը երկուշաբթի օրը լարված մթնոլորտում անսպասելիորեն ավարտել էր ՀԱԿ-ի ակտիվիստների գործով դատաքննությունը եւ անցել խորհրդակցական սենյակ, որպեսզի այսօր հրապարակի դատավճիռը:
Հայ ազգային կոնգրեսը “քաղաքական պատվեր” է որակել Վերաքննիչ քրեական դատարանում Կոնգրեսի չորս ակտիվիստների գործով դատաքննության անսպասելի ընթացքն ու ավարտը։
ՀԱԿ-ը երկուշաբթի երեկոյան հայտարարություն է տարածել, համաձայն որի` Վերաքննիչ դատարանը նույն օրը կայացած նիստի ընթացքում թույլ է տվել Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք կոպտագույն խախտումներ, որոնք հանգեցրել են արդար դատաքննության սահմանադրական իրավունքի խախտման։ Կոնգրեսը դատապարտում է այս գործելակերպը եւ արձանագրում, որ այս ամենը “ակնհայտորեն ունեն քաղաքական դրդապատճառներ եւ պայմանավորված են ամբաստանյալների` ընդդիմությանը հարելու, ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղված լինելու հանգամանքով”։
Դատավճռի հրապարակումը այսօր ուղեկցվեց դատարանի շենքի մոտ բողոքի ակցիայով։
Աղբյուրը “Ազատություն” ռադիոկայան




Լրահոս