Էդուարդ Շարմազանովը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ներկայիս ընտրական օրենսգրքի համահեղինակներ են “Բարգավաճ Հայաստան”, “Օրինաց Երկիր” և Հայաստանի հանրապետական կուսակցությունները:
Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին՝ մեծամասնական ընտրակարգի թերությունների և արատների վերաբերյալ:
“Բարգավաճ Հայաստան և Օրինաց Երկիր կուսակցությունների հետ ենք համահեղինակել և ընդունել այդ ընտրական օրենսգիրքը, որից հետո անցկացրել ենք Հայաստանի նորագույն պատմության լավագույն ընտրությունները: Հետևությունն այն է, որ եթե այսպիսի ընտրական օրենսգրքով, այսպիսի համամասնական և մեծամասնական հարաբերակցությամբ անցկացրել ենք այսպիսի լավ ընտրություններ, ապա ֆեոդալական կալվածատերերի մասին դատողությունները, իբր մեծամասնական ընտրակարգը ժողովրդավարության խոչընդոտ է, իրատեսական չէ”,- ասաց Է. Շարմազանովը: Նա օրինակ բերեց Հունգարիային, որն ունի խորհրդարանական կառավարում, բայց այդ երկրի վարչապետը հանցավոր գործարք է կնքել Ադրբեջանի հետ՝ Սաֆարովին արտահանձնելով: Իսկ նախագահական կառավարում և մեծամասնական ընտրակարգ ունեցող ԱՄՆ-ը զարգանում է ժողովրդավարության ուղիով: “Կարևորը ոչ թե ձևն է, այլ բովանդակությունը”,- նշել է Շարմազանովը:
Ռ. Քոչարյանի՝ “խելամիտների” վերաբերյալ ակնարկին էլ Շարմազանովն ասաց հետեւյալը.”Ես չգիտեմ խելամիտներ ասելով՝ ում նկատի ուներ: Ես անձամբ իմ հայտարարությունների մեջ շատ զգույշ եմ եղել, ու ոչ մեկի անունը չեմ տվել: Բազմիցս ասել եմ, որ լրատվամիջոցներում շրջանառվող անունները սխալ են, լրատվամիջոցները սխալ ուղղությամբ են հասցեատերերին փնտրում: Ես պլատոնական սիրախաղի մասնակիցների մասին եմ խոսել”,- ընդգծել է Շարմազանովը՝ հրաժարվելով ավելի բացել փակագծերը, թե ում նկատի ուներ “պլատոնական սիրախաղ” նշելով:




Լրահոս