Հայոց ցեղասպանության տարիներից պահպանված և մեզ հասած ցանկացած վկայություն, նամակ, լուսանկար, բացիկ անչափ կարևոր է այդ ժամանակաշրջանի իրադարձությունների ուսումնասիրության հարցում: Տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն համալրվել է բազմաթիվ արժեքավոր նմուշներով, որոնք ձեռք են բերվել անհատների ֆինանսական աջակցության և նվիրատվությունների շնորհիվ:
Այս առումով արդեն ավանդույթ է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի համագործակցությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անմիջական աջակցությամբ, նախկինում ձեռք են բերվել թանգարանային եզակի միավորներ: Մասնավորապես` Արևմտյան Հայաստանի պատկերներով և հայկական թեմաներով հնատիպ բացիկների հավաքածու, հազվագյուտ աղբյուրագիտական նշանակության գրականություն, պատմական վավերագրեր` Մեծ եղեռնը վերապրած հայերի նկատմամբ ցուցաբերված մարդասիրական օգնության մասին, հայ գաղթականներին պատկերող բնօրինակ լուսանկարներ, մինչև ցեղասպանությունը արևմտահայ կյանքին վերաբերող իրեր, նամակներ, նամականիշներ, հայտնի հայկական ընտանիքների լուսանկարներ, ցուցադրական կարևոր նշանակություն ունեցող հնատիպ թերթեր: Նմուշների զգալի մասը հնարավոր է եղել հայթայթել Լոս Անջելեսում բնակվող ամերիկահայ հայր և որդի Օհաննես և Հրաչ Հանեսյանների օժանդակությամբ: «Շիրակ» տպագրատան սեփականատեր Հանեսյան ընտանիքը տարիներ շարունակ հավաքել է Ցեղասպանության փաստը վավերագրող արժեքավոր նյութեր, որոնք այսօր հասանելի են հանրությանը:
Այս անգամ ևս` Ռալֆ Յիրիկյանի և Հրաչ Հանեսյանի ջանքերով ձեռք են բերվել և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել արժեքվոր նմուշներ:
«Ճշմարտությունը միայն իմանալը դեռ քիչ է: Արդարության հասնելու համար անհրաժեշտ է այդ ճշմարտությունը հասցնել հանրությանը, անհերքելի ապացույցներ և փաստեր ներկայացնել: Ցանկացած հայ կրում է ցեղասպանության ծանր հետևանքները, և մենք ազգովի պետք է լծվենք դրա ճանաչման և հետևանքների վերացման գործին` ամենքս մեր ուժերի չափով: Անգնահատելի է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեությունը և նվիրված աշխատանքը, և մենք պատրաստակամ ենք կանգնելու այս կառույցի կողքին»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: