«Երեխաները բարև-ից բացի ոչինչ չգիտեն». Նաիրա Զոհրաբյանը բարձրացրեց սփյուռքում հայերենի պահպանման հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում 2014թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ լեզվի պահպանության հարցին` նշելով, որ արտերկրում ապրող հայ երեխաները մայրենի լեզվով գրեթե չեն խոսում:

«Նոյեմբերին մեկնել էինք Հարավային Ամերիկա, այցելեցինք վարժարաններ , դպրոցներ և զարմանալիորեն մեծամասնությունը բարև-ից բացի հայերեն ոչ մի բառ չգիտի: Ես խոսում եմ նրա մասին, որ երեխան չգիտեր հայերեն խոսել: Այս խնդիրը մենք ոնց ենք փորձելու կարգավորել, որպեսզի մեզ համար մեծ նշանակություն ունեցող համայնքներում մենք կարողանանք այնպես անել, որ երեխաները հայերեն իմանան», – իր խոսքն ուղղելով սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին` նշեց պատգամավորը:

Նախարարը հայտնեց, թե սա ամենածանր խնդիրն է, որ ծառացել է հայկական սփյուռքի առջև: «Գնալով պակասում են հայկական դպրոցների աշակերտների թիվը: Դրանք տարբեր բնույթի պատճառներ ունեն, օրինակ, որ կողքին կա անգլիական դպրոց: Կամ մտածում են, որ հեռվում հայերեն լեզուն իրենց այնքան էլ պետք չէ: Եվ մյուս խնդիրը խառը ամուսնություններն են, ինչպես նաև շատ հեռվում գտնվելը, որտեղից հայրենիք գալը մեծ գումարների հետ է կապվում», – հավելեց նա:

Սփյուռքի նախարարն ընդգծեց, թե հենց այս խնդրից ելնելով իրենք կարևոր ծրագրեր են իրականացնում, որից հետո երեխաները ցանկանում են հայերեն սովորել և Հայաստան գալ:




Լրահոս