Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի ուղեկցությամբ նա եղավ մանկական վերակենդանացման բաժանմունքում։ Արմեն Մուրադյանը մեկ առ մեկ ծանոթացավ այս պահին բաժանմունքում գտնվող 30 երեխայի առողջական խնդիրներով, հետաքրքրվեց փոքրիկների բուժման ընթացքով։ Նորածինների, տարբեր տարիքի երեխաների մոտ բազմազան խնդիրներ են, վնասվածքներ։ Առանձնանում են հատկապես բնածին արատներով երեխաները, որոնց զգալի մասը հետվիրահատական բժշկական խնամք է ստանում։ Նրանցից 9 ամսական բիշքեքցի Առնաս Աշիրբանին դեռ երկու ամիս առաջ Հայաստան են բերել սրտի արատը բուժելու նպատակով։ «Լսելով, որ Հայաստանում զարգացած է սրտաբանական ծառայությունը, հատուկ եկել են այստեղ վիրահատվելու համար: Երեխայի մոտ միջփորոքային միջնապատի մի քանի արատ կա։ Մինչ վիրահատությունը կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բնածին այլ խնդիրներ էլ կան»,- պատմեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը: Հաշվի առնելով երեխայի կյանքին սպառնացող վտանգը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Դալլաքյանի և վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արայիկ Կարապետյանի կողմից կատարվել է թոքի վիրահատություն: Հետվիրահատական բարդություններով պայմանավորված` երեխան «Նորք Մարաշից» տասն օր առաջ արհեստական շնչառական սարքով տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: « Երեխայի սիրտը դեռևս չի վիրահատվել, այժմ հանգիստ վիճակում է, առկա է բուժման դրական դինամիկա, փոքրիկն արդեն ինքնուրույն է շնչում»,-հավելեց բժշկուհին: Հայ բժիշկներից իր գոհունակությունը հայտնեց փոքրիկի մայրը. «Գոհ եմ թե՛ բուժումից, թե՛ վերաբերմունքից։ Ուղիղ երկու շաբաթ առաջ երեխաս շատ ծանր վիճակում էր։ Իսկապես շատ շնորհակալ եմ Աննա Չոբանյանին և բաժանմունքի անձնակազմին երեխայիս բուժօգնություն ցուցաբերելու համար»,-իր երախտագիտությունը հայտնելով նշեց երեխայի մայրը:
Խորհրդանշական է, որ 20 տարի առաջ, հենց հունիսի 1-ին Նիկոլայ Դալլաքյանը նշանակվել է այս հիվանդանոցի տնօրեն։ 20 տարի անընդմեջ նրա ղեկավարած կլինիկայի բուժանձնակազմը գիշեր ու զօր պայքարում է փոքրիկների առողջության համար։ Ամենատարբեր վնասվածքներով, ծանր վիճակում գտնվող բազում երեխաներ են ապաքինված դուրս գրվում այս հիվանդանոցից` իրենց գոհունակությունը հայտնելով ցուցաբերված բարձրակարգ բժշկական օգնության և հոգատար վերաբերմունքի համար։
Արմեն Մուրադյանը վերակենդանացման բաժանմունքի բոլոր երեխաներին նվերներ հանձնեց։