ՑԱՆԿԱԼԻ ՍՑԵՆԱՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին օդուջրի պես անհրաժեշտ է ոչ թե սովորական վերընտրություն, այլ աննախադեպ` համոզիչ պայքարի արդյունքում ձեռք բերած անառարկելի հաղթանակ: 2008-ին արյան գնով ձեռք բերած հաղթանակից հետո Ս. Սարգսյանը թերեւս ավելի լավ, քան որեւէ մեկը, իր մաշկի վրա զգացել է՝ ինչ ասել է լինել  բացարձակ լեգիտիմություն չունեցող նախագահ ինչպես երկրի ներսում` քաղաքական ուժերի եւ օլիգարխների հետ հարաբերություններում, այնպես էլ, առավել եւս, երկրից դուրս` միջազգային քաղաքական կենտրոնների հետ կարեւորագույն հարցերի շուրջ բանակցություններում: Եւ եթե 2008-ին Ս. Սարգսյանի լեգիտիմության աստիճանը, ըստ էության, որոշեց Ռոբերտ Քոչարյանը` իրականացնելով  մարտի 1-ը, ապա այս անգամ գրեթե ամեն ինչ Ս. Սարգսյանի ձեռքում է, եւ նա ձգտելու է անել առավելագույնը, որպեսզի իր պաշտոնավարման երկրորդ փուլում լինի առավելագույնս ուժեղ եւ անկախ, քանի որ այսօր Հայաստանի առջեւ կանգնած արտաքին մարտահրավերները (մասնավորապես Եվրոպա-Ռուսաստան երկընտրանքը) շատ ավելի լուրջ են, եւ դրանց միայն ուժեղ իշխանությունը կարող է դիմագրավել: Իսկ դրա համար նրան պետք է դժվար հաղթանակ: Դժվար, սակայն անարյուն: Եւ իհարկե` հնարավորինս գաղափարական: Իսկ ի՞նչ է պետք անել դրա համար. պետք է նախ եւ առաջ թույլ տալ, որպեսզի հակառակորդները մինչեւ վերահսկելի սահմանն ուժեղանան եւ կոնսոլիդացվեն, ապա պայմանավորվել կոնսոլիդացման առանցքի հետ երկուստեք շահավետ տարբերակի շուրջ եւ ապահովել խաղի ցանկալի ելքը: Դատելով ԲՀԿ-ի` քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու առաջարկությանը ՀՀԿ-ի արձագանքից, կարծես թե փորձ է արվում խաղարկել հենց այս տարբերակը: Հիշեցնենք, որ ի սկզբանե, ԲՀԿ-ի առաջարկի հետ կապված, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասել էր, թե իրենք սկզբունքորեն դեմ չեն քննարկել այն: Սակայն ժամեր անց ՀՀԿ խոսնակը հանդես եկավ կամուրջները գրեթե այրող հայտարարությամբ, որն էլ երեկ երկրորդեց` հավելելով, որ  իրենք չեն միանում ուրիշ ուժերի առաջարկած օրակարգին, այլ ձեւավորում են սեփականը: Բնականաբար, ներկա իրավիճակում այս «կիսատղայական» մոտեցումը դժվար թե լինի ՀՀԿ հիմնական շարժառիթը: Ի վերջո, ՀՀԿ-ականները մեկ անգամ չէ, որ ցույց են տվել, որ որոշակի իրավիճակներում կարող են իրենց մեծամասնական ամբիցիաները մի կողմ դնել եւ անել քաղաքական տեսանկյունից շահեկան քայլեր: Ի՞նչն էր, ուրեմն, խանգարում ՀՀԿ-ին նաեւ այս անգամ ասել` դեմ չենք քննարկել ԲՀԿ-ի առաջարկը, մտնել կոնսուլտացիաների մեջ, ողջ գործընթացն իրենցով անել, ձգձգել ինչքան պետք է, վերջում էլ ասել` կներեք, վատ միտք չէ, բայց ժամանակավրեպ է: Ընդ որում, ինքնին հասկանալի է, որ եթե ՀՀԿ-ն գնար ԲՀԿ-ի հետ կոնսուլտացիաների, այդ գործընթացին ոչ մի դեպքում չէր միանա ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ էլ, թերեւս, ՀՅԴ-ն: Ասել է թե` հակառակ բեւեռի հնարավոր կոնսոլիդացիան չէր կայանա:  Սակայն, ինչպես տեսանք, ՀՀԿ-ն որդեգրեց հակառակ մարտավարությունը: Հետեւաբար` հակառակ բեւեռի կոնսոլիդացիան հենց այն է, ինչ ուզում է Ս. Սարգսյանը:




Լրահոս