
Երեկ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել էր Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ: Նա ներկա է գտնվել Մեղրու հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքի արարողությանը: Նշենք, որ հիդրոէլեկտրակայանը կառուցվելու է սահմանային Արաքս գետի վրա: Հետաքրքիրն այն է, որ Հանրապետական կուսակցության առաջնորդին մարզում դիմավորել է միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Սյունիքի մարզպետ ՀՀԿ-ական Սուրեն Խաչատրյանը բացակայել է: Թե ինչն է եղել նրա բացակայության պատճառը, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել հենց Սուրեն Խաչատրյանից, սակայն նա, ավանդույթի համաձայն, չպատասխանեց հեռախոսազանգերին: Իսկ խոսնակն էլ Հայաստանում չէր: