ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՄԱՅԱԿԸ ՊԱՐՏՎԵՑ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲԸ հինգ աշխատակիցների հայցը: Հիշեցնենք, որ հայցվորների պնդմամբ` քաղաքագետն ապրիլի 20-ին տեղի ունեցած վեճի ընթացքում վիրավորել էր իրենց: Ուստի հայցվորները խնդրել էին, որպեսզի Հմայակ Հովհաննիսյանը հրապարակային ներողություն խնդրի, հատուցի յուրաքանչյուրին 200-հազարական դրամ գումար,  200 հազ. դրամ էլ վճարի փաստաբանին:

ՀԱԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ
Նորաստեղծ «Առաքելություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Մանուկ Սուքիասյանն իր` ՀԱԿ-ից դուրս գալու հետ կապված «Առավոտ»-ին ասել է. «Միայն այն, որ ես «Առաքելություն» կուսակցության նախաձեռնող խմբում եմ, խոսում է այն մասին, որ այստեղ եմ տեսնում սեփական գաղափարների իրացման հնարավորությունը: ՀԱԿ-ն ինձ համար կմնա կենսագրության անբաժանելի մաս, որտեղ ունեմ շատ հարազատ, հարգելի ընկերներ, որոնց հետ անցել եմ երկար ճանապարհ»:

ԴՈՄԻՆՈՅԻ ԷՖԵԿՏ
Russia Today հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ասել է. «Ըստ իս՝ Սիրիա Արեւմուտքի ներխուժումը, եթե նման բան պատահի, շատ ավելին կարժենա, քան ամբողջ աշխարհը կարող է տանել: Դա դոմինոյի էֆեկտ կունենա, որը կազդի աշխարհի վրա՝ Ատլանտյան օվկիանոսից մինչեւ Խաղաղ օվկիանոս»: Ասադը նաեւ նշել է, որ որեւէ դեպքում չի լքի Սիրիան. «Ես խամաճիկ չեմ, ինձ Արեւմուտքը չի ստեղծել, որպեսզի Արեւմուտք կամ որեւէ այլ երկիր գնամ: Ես սիրիացի եմ, ես պիտի ապրեմ ու մեռնեմ Սիրիայում»: Նշենք, որ այս հարցազրույցը մեծ արձագանք է առաջացրել համաշխարհային մամուլում:

ՀԱՑԸ ԿԹԱՆԿԱՆԱ
«Հայաստանի սպառողների ազգային ընկերակցություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները երեկ հայտարարել են, որ առաջիկայում սպասվում է հացի գնի մինչեւ տասը տոկոս բարձրացում, քանի որ հացի հումքը` ցորենը, թանկանում է: Բանախոսների կարծիքով` Հայաստանում հացի խնդիրը շատ լուրջ է, քանի որ յուրաքանչյուր հայ օրական օգտագործում է 300-500 գրամ հաց՝ ի տարբերություն այլ ազգերի, որոնք օրական օգտագործում են 100-150 գրամ հաց:

ՄԻՄՅԱՆՑ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԵՆ
ՀՀ կառավարության նիստում երեկ հավանության է արժանացել ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ պաշտպանական արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների արտադրական եւ գիտատեխնիկական կոոպերացիայի մասին համաձայնագրի նախագիծը, որով երկու երկրների պաշտպանական արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների միջեւ տեղի է ունենալու «արտադրական եւ գիտատեխնիկական կոոպերացիա»: Սպառազինության, ռազմական եւ հատուկ տեխնիկայի մշակման, արտադրության, վերանորոգման եւ արդիականացման համար Հայաստանն ու Ռուսաստանը միմյանց են մատակարարելու «անհրաժեշտ նյութեր, կիսաֆաբրիկատներ, համալրող արտադրանք, պահեստամասեր, սարքավորումներ» եւ այլն:




Լրահոս