Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը 2014թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ հիշեցրեց, որ ինքը դեռևս մեկ տարի առաջ այս նույն դահլիճում բարձրաձայնել էր հուշարձանների պահպանման խնդրի մասին:
«Ես ասել էի, որ պետական հուշարձաների ցանկը հաստատվեր ԱԺ-ի կողմից: Դուք ասեցիք` քննարկենք: Մենք օրենքի նախագիծ ներկայացրեցինք, մեր մասնագետները հանդիպել են ձեր մասնագետների հետ: Ես խնդրում եմ դուք ասեք իմ ուզած պատասխանը: Դուք դրակա՞ն եք վերաբերում այն օրենքի նախագծին, որով պետք է հաստատենք հուշարձանների ցանկը: Կամ այո` երեք տառ, կամ ոչ` երկու տառ», – նշեց Մանուկյանը:
Նախարարը մինչ պատասխանելը նշեց, որ պատասխանելու է իր ձևով, այլ ոչ թե պատգամավորի ցանկացած կարճ տարբերակով: «Մենք ձեզ հետ զրուցել ենք, դուք իմ պատասխանը լսել եք: Իրականում ինչ եմ ես մտածում. ես, որպես մշակույթի նախարար, կողմ եմ միանշանակ, որպեսզի այդ գործընթացները մաքսիմալ խստացված լինեն: Բայց ես դժվարությամբ եմ պատկերացնում, որ այդ ցանկը հաստատի ազգային ժողովը: Դա հնարավո՞ր բան է, ես չեմ պատկերացնում», – հայտնեց նախարարը:
«Բոլոր այն առաջարկները, որ արել եք, ես ընդունել եմ: Վերջին անգամ եմ հարցնում ու էլ չեմ հարցնելու. սա կամակորություն չընդունեք: Դուք համաձա՞յն եք, ձեր մոտեցումը դրակա՞ն է», – հավելեց Մանուկյանը:
Նախարարը նախ նշեց, որ հանրապետական նշանակության հուշարձանները 24 հազարից ավել են: «Բացասական», – արձագանքեց Մանուկյանը: