Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Վեոլիա Գրուփ»-ի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Ֆրերոյի հետ: Ողջունելով Երևանում առաջին անգամ գտնվող հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ կառավարման պայմանագրի՝ հատկապես վերջին չորս տարիների ընթացքում ակտիվ և արդյունավետ փոխգործակցության շնորհիվ շոշափելի արդյունքներ են գրանցվել: Անդրադառնալով մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավման ուղղությամբ քաղաքապետարանի ծրագրային մոտեցումներին ու ընկերության հետ համատեղ իրականացված աշխատանքներին՝ քաղաքապետը նաև ընդգծել է, որ ոլորտում անելիքներ դեռ կան, մասնավորապես 24-ժամյա ջրամատակարարման ապահովման ուղղությամբ:
«Մեր նպատակն է մեր համաքաղաքացիներին մատուցվող ծառայությունների մակարդակի բարձրացումը: Այս համատեքստում մենք կարևորում ենք նաև անխափան և որակյալ ջրամատակարարման ապահովումը: Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ պայմանագրի գործողության անցած ժամանակահատվածում այս ուղղությամբ Ձեր կազմակերպության հետ աշխատանքներում արձանագրել ենք շոշափելի ձեռքբերումներ։ Եվ հուսով եմ, որ մինչև պայմանագրային պարտավորությունների ժամկետի ավարտը ընկերությունն էլ ավելի կբարելավի առկա արդյունքները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
«Վեոլիա Գրուփ»-ի նախագահ Անտուան Ֆրերոն, շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության և արդյունավետ համագործակցության համար, նկատել է, որ իրենց համար ևս առաջնահերթ կարևորվում է մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը:
«Ավելի քան 50 երկրներում գործունեություն ծավալելով՝ մեզ համար շատ կարևոր է վստահությունը ընկերության նկատմամբ: Եվ հավաստիացնում եմ, պարոն քաղաքապետ, որ մինչ մեր կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունների ժամկետի ավարտը, մենք ամբողջությամբ կյանքի կկոչենք ընկերության կողմից ստանձնած ցուցանիշների կատարման ապահովումը», – նշել է Անտուան Ֆրերոն: