«ԿԱՐԳԻՆ» ԻՐԱՎԱԲԱՆ ՉՈՒՆԵՆՔ, ՈՐ ՄԻԵԴ-ԻՆ ՀԱՄՈԶԻ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատերազմական երկրում կրոնի ազատությունը չպետք է վտանգի երկրի սահմանների անվտանգությունը: Սա պետք է հասկանալի լինի Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, Եվրոպայի խորհրդին, բայց ամենից առաջ՝ հայրենի իշխանությանը, որը մինչ օրս չի կարողանում լուրջ փաստարկներով համոզել միջազգային կառույցներին՝ չօրինականացնել եւ չխթանել դասալքությունը Հայաստանում եւ ժամանակավորապես (կամ մասամբ) ձեռնպահ մնալ ՀՀ-ի դեմ վճիռներ կայացնելուց, մինչեւ արցախյան խնդրի լուծումը:  
Վերջին երկու տարվա ընթացքում ՄԻԵԴ-ը մի քանի վճիռներ կայացրեց ընդդեմ Հայաստանի եւ պարտավորեցրեց մեծ փոխհատուցումներ տալ զինծառայությունից խուսափած «Եհովայի վկա» կրոնական կազմակերպության անդամներին: 2011-ի հուլիսի 7-ին ԵԴ-ն արձանագրել էր, որ «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի (մտքի, խղճի եւ կրոնի ազատություն) խախտում կա եւ պարտավորեցրել ՀՀ-ին՝ «Եհովայի վկա» կազմակերպության անդամ երիտասարդին վճարել 10 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, 10 հազար եվրո էլ՝ որպես  ծախսերի փոխհատուցում: 2001-ին, վկայակոչելով իր կրոնական համոզմունքները, Վ. Բայաթյանը խուսափել էր զինվորական ծառայությունից եւ 2003-ին ներպետական դատարանի կողմից դատապարտվել 2,5 տարվա ազատազրկման: Սակայն 10,5 ամիս անց պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել: ՄԻԵԴ-ը վճռում նշել էր, որ Եվրախորհրդի անդամ գրեթե բոլոր 47 պետություններն էլ ունեն ե՛ւ զինվորական, ե՛ւ այլընտրանքային ծառայություն, եւ եթե ԵԽ անդամ Հայաստանը չի տալիս նման հնարավորություն (այն ժամանակ չի եղել), պիտի փաստերով պատճառաբանի եւ հիմնավորի անձի դավանանքի ազատության նկատմամբ կատարած ցանկացած միջամտություն: Այսինքն՝ ՀՀ-ն չի կարողացել իրավաբանորեն ծանրակշիռ փաստեր բերել, հետն էլ ավելացնել, որ ԵԽ-ի ոչ բոլոր պետություններն են պատերազմի սպառնալիքի տակ: Եւ քանի որ մենք տկար գտնվեցինք այդ հարցում, դրան հետեւեցին նաեւ ՄԻԵԴ-ի կայացրած այլ նմանատիպ վճիռներ եւս:
Այս տարվա հունիսին հայրենի կառավարությունը ստիպված եղավ իր պահուստային ֆոնդից եւս 30 հազար եվրոյին համարժեք դրամ հատկացնել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ ՄԻԵԴ-ի վճիռները կատարելու եւ «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի», «Բուխարատյանն ընդդեմ Հայաստանի» եւ «Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի» գործերով տուժածներին 10-հազարական եվրոյի փոխհատուցում տալու համար: Նրանցից երկուսը եւս զինծառայությունից խուսափած Եհովայի վկաներ էին:
Ընդհանուր պատկերը հասկանալու համար բերենք որոշ թվային տվյալներ. ըստ ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության մարդու իրավունքների եւ աշխատանքի բյուրոյի հրապարակած՝ Հայաստանում կրոնական ազատության իրավիճակի վերաբերյալ 2010թ. զեկույցի՝ «2009թ. հուլիսի 1-ից մինչեւ 2010թ. հունիսի 1-ը 35 Եհովայի վկա է դատապարտվել զինվորական ծառայությունից խուսափելու համար: Երեւանում Եհովայի վկաների ղեկավարների տվյալներով՝ 2010թ. հունիսի 1-ի դրությամբ իրենց 76 անդամներ դեռեւս բանտում են…»: Իսկ 2012թ. ամռանը «Եհովայի վկա» կազմակերպության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տ. Հարությունյանը «ԱրմենիաՆաու»-ին տեղեկացրել էր, որ կազմակերպության 40 ներկայացուցիչներ գտնվում են ազատազրկման մեջ, որոնցից 20-ը դատական հայցեր են ներկայացրել ՄԻԵԴ: Նշենք, որ ՀՀ-ում կան մոտ 11000 Եհովայի վկաներ:
Ի՞նչ են անում հայրենի իշխանությունները ՄԻԵԴ-ից սպասվող ֆինանսական կործանարար ալիքին դիմագրավելու համար: Մամուլը, հղում անելով արդարադատության նախարար  Հրայր Թովմասյանին, նշել էր, որ կառավարությունը բանակցություններ է վարում «Եհովայի վկա» կազմակերպության ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանք հետ վերցնեն ՄԻԵԴ ներկայացրած հայցերը: Միաժամանակ մշակվել է «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ, որը պետք է մտնի ԱԺ: Բայց արդյո՞ք բանակցությունները վախկոտության նշան չեն, եւ արդյո՞ք մենք այն կարգավիճակում ենք, որ պետք է վախենանք… Սխալ չհասկանաք՝ մենք դեմ չենք ՀՀ-ում գործող կրոնական կազմակերպություններին, քանի որ մարդու կյանքը, ազատությունը, կրոնը, խիղճը բարձրագույն արժեքներ են, որոնք պարտավոր ենք հարգել: Բայց եթե կրոնական խմբերին հարգելով եւ ազատելով պետության հանդեպ շատ կարեւոր պարտականությունից՝ վտանգի մեջ կարող ենք դնել մի ամբողջ պետության քաղաքացիների կյանքն ու անվտանգությունը, ուրեմն հասկանանք՝ դրանցից որի կշիռն է մեծ:
Գուցե անհրաժեշտ է ժամանակավորապես կասեցնել ե՛ւ այլընտրանքային զինծառայության, ե՛ւ տուգանք վճարելով զինծառայությունից խուսափելու տարբերակները եւ այդ մասին լուրջ փաստարկներ ներկայացնել միջազգային կառույցներին: Միաժամանակ անհրաժեշտ է խիստ կարգուկանոն հաստատել հայկական բանակում՝ սկսած գեներալներից, որպեսզի հայ երիտասարդը բանակից խուսափելու տարբերակներ չփնտրի: Սա շատ կարեւոր է, քանի որ դատարաններում շատացել են կրոնական հիմքով զինծառայությունից հրաժարվելու դեպքերը. մեկ օրում միայն մեկ դատարանում կարող է նման երեք գործ լսվել: Եթե ընթացքի մեջ գտնվողներն էլ հասնեն ՄԻԵԴ, ապա մեր պետությունը կարող է կանգնել աստղաբաշխական թվերի հասնող փոխհատուցումներ վճարելու վտանգի առջեւ: Հիշեցնենք, որ մենք աշխարհում առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը:
Հ.Գ. ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է «Խղճի եւ կրոնական ազատությունների մասին» ՀՀ օրենքի նախագծում փոփոխությունների տասնյակ առաջարկություններ: Նա առաջարկում է «հոգեորսություն» հասկացությանը տալ հստակ իրավական սահմանում: Առաջին հերթին պարզաբանել «հոգեբանական բռնություն»  հասկացությունը եւ դրա համար պատասխանատվության ենթարկելու հիմքերը: Պարզաբանել նաեւ օրենքի նախագծում տեղ գտած «սոցիալական առավելություն» հասկացությունը, որը հաճախ օգտագործվում է անձին որեւէ հավատքի հետեւորդ  դարձնելու նպատակով, եւ այն չպետք է նույնացվի կամ շփոթեցվի բարեգործության հետ:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս