Նոյեմբերի 9-ին՝ ժամը 17:00-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը՝ Էջմիածին) տեղի կունենա ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկի) որդու՝ Մակարի եւ նրա ընկերների գործով դատավարությունը:
Խոսքը ս. թ. սեպտեմբերի 9-ին` ՏԻՄ ընտրությունների օրը, կատարված ծեծկռտուքի մասին է, սակայն Մակար Պետրոսյանը մեղադրյալների շարքում չէ, իսկ նրա 3 ընկերները մեղադրվում են խուլիգանության մեջ (258 հ. 3-րդ մաս): Ըստ մեղադրանքի՝ Զոհրաբ Եղիկյանը, նրա ընկեր Կառլեն Եղիազարյանը եւ եղբայր Սպարտակ Եղիկյանը 2012թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, տեղեկացել են, որ համագյուղացի Արման Սարգսյանը հայհոյել է իրենց ընկեր Մակար Պետրոսյանին եւ վրեժխնդիր լինելու նպատակով վերջինիս հետ գնացել են իրենց գյուղի (Բամբակաշատ) մշակույթի տանը գտնվող ընտրատեղամաս, որտեղ Արմանը եղել է վստահված անձ: Մակարի խումբը, մտնելով ընտրատեղամաս, հաշվի չառնելով հավաքված քաղաքացիների եւ ոստիկանների ներկայությունը, կռվի է բռնվել Արմանի հետ, որի ընթացքում հայհոյել է նրան եւ բռնության ենթարկել՝ ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելով Ա. Սարգսյանի մարմնի տարբեր մասերին` պատճառելով առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Ծեծողներից երկուսը կալանավորված են, իսկ գործող գյուղապետի օգնական Սպարտակը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Տուժող է ճանաչվել միայն Արման Սարգսյանը, մինչդեռ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ այդ միջադեպից 15 րոպե առաջ էլ Մակարը եւ նրա համախոհները ծեծի էին ենթարկել նաեւ գործող գյուղապետի մրցակից Գոռ Մելիքյանի եղբոր որդուն՝ Արամ Մելիքյանին, որն իր հետ կատարվածը պատմել էր ԶԼՄ-ներից մեկին («ՀԺ»). «… Մեքենայիս դեմը կտրեցին… Առաջինը ինձ մոտեցավ Պետրոսյան Ալիկի տղան՝ Մակարը, իրա զենքն իմ վրա պահած՝ մոտեցավ, ես էլ տեղիցս չշարժվեցի… Ինքը մոտեցավ, պատուհանից զենքի կոթով հարվածեց քթիս, ինչից հետո իրա հետիններին հրամայեց գալ, նստել իմ մեքենան… նստեցին մեքենաս: Մեքենայի մեջ բոլորը սկսեցին ինձ հարվածել: Ես սկսեցի արնահոսել: Էդ որ տեսան, ասեցին՝ լավ, հերիք ա, ու գնացին… ու որ արդեն գնում էին, էդ Մակարն ասեց. «Հորդ կասես, որ իրան որտեղ տեսնենք՝ կպատժենք»»: Սակայն այս դրվագը գործում չկա: Ա. Մելիքյանի ազգականներից մեկը լրագրողի հետ զրույցում նշել էր, որ ծեծի շարժառիթը սեպտեմբերի 23-ի ընտրություններում Ալիկ Պետրոսյանին (նրա բարեկամ, գյուղապետ Արբակ Եղիազարյանին) դեմ դուրս գալն է եղել:
ՄԱՊ-Ի ԱԼԻԿԻ ՏՂԱՅԻՆ «ՊԼՍՏԱՑՐԻՆ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ