«Գլենդել Ադվենտիստ» բժշկական կենտրոնի նախագահ Քեվին Ռոբերտսը, աշխատակազմի ղեկավար, ճանաչված վիրաբույժ Սիմոն Քեշքերյանը և Հարավային Կալիֆոռնիայի բժշկապետ Արբի Նահապետյանն արդեն 6 օր է Հայաստանում են։ Այցի նպատակը Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի հետ համագործակցության երկարամյա ծավալուն ծրագիրն է։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող նվազագույնը 5 տարվա ծրագրի շրջանակում ամերիկյան գործընկերները քույր հիվանդանոցին կաջակցեն ոչ միայն ժամանակակից սարքավորումներով ու դեղամիջոցներով, այլև կադրերի վերապատրաստումներով, բուժական միջոցառումների անցկացումով։ ԱՄՆ-ից ժամանած պատվիրակությունը տեղում ծանոթացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2010 թվականին հիմնանորոգված Նոյեմբերյանի հիվանդանոցում մատուցվող ծառայություններին, առկա նյութատեխնիկական հնարավորություններին։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ Քեվին Ռոբերտսը նշեց, որ Գլենդելի հայ համայքը և բժիշկները մեծ աջակցություն կցուցաբերեն այս ծրագրին։ ««Գլենդել Այվենտիստ» բժշկական կենտրոնում ևս գործում է հեռաբժշկության այնպիսի հանգույց, ինչպիսին տեղակայված է Նոյեմբերյանի հիվանդանոցում։ Դա մասնագիտական համագործակցության լուրջ գործիք կդառնա»,-ասաց նա` հավելելով, որ սեպտեմբերին 20 տարբեր մասնագետներ կժամանեն Նոյեմբերյանի բժշկական կենտրոն` տարածաշրջանում առավել տարածված 5 հիվանդության գծով` նախապես հետազոտված հիվանդներին խորհրդատվություն, բուժումներ և վիրահատություններ կատարելու նպատակով։
Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց Հայաստանի առողջապահական համակարգի զարգացմանը միտված այս ծրագիրը։ «Մարզային առողջապահական համակարգի զարգացումը մեզ համար գերական խնդիր է»,-ասաց նախարարը` նշելով, որ տարածքների համաչափ զարգացման ապահովումը բխում է Հայաստանի Հանրապետության նախագահի ծրագրից։
Նա ասաց, որ այսօր բոլոր մարզերում առկա են արդիականացված հիվանդանոցներ, սակայն դեռևս անելիքներ կան բժշկական կադրերի վերապատրասման, մասնագիտական կատարելագործման ուղղությամբ։ Նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունն առաջին անգամ պետական բյուջեից միջոցներ է հատկացրել արտերկրի լավագույն կլինիկաներում մարզերում աշխատող երիտասարդ մասնագետների վերապատրաստման համար: Արմեն Մուրադյանը նաև տեղեկացրեց, որ այժմ փոփոխություն է կատարվում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում, որով Հայաստանում կներդրվի շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգը, ինչպես նաև օրենսդրորեն կամրագրվի առողջապահական համակարգի զարգացման համար անհրաժեշտ մի շարք եզրույթներ և ձևակերպումներ։
«Մեր նպատակը բժշկական կադրերի մասնագիտական ունակությունների ու գիտելիքների բարձրացումն է և բնակչությանը տրամադրվող բժշկական ծառայությունների որակի անընդհատ բարելավումը»,-նշեց նախարարը` հավելելով, որ այս գործում մեծ պարտավորություններ է դրվել Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի վրա։
Արմեն Մուրադյանը կարևորեց, որ Հայաստանում վերջին մեկ տարում լուրջ առաջընթաց է գրանցվել հեռաբժշկության զարգացման ուղղությամբ։ Երևանի 4 և մարզային 7 բժշկական կենտրոններում գործում է հեռաբժշկության համակարգը։
«Կուզեի, որ մարզային մեր բժիշկները հնարավորություն ունենային ծանոթանալու Ձեր կլինիկայի գւործունեությանը։ Այսօր մեզ համար առանձնապես կարևոր են բժշկական ծառայությունների վերահսկման և ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարի ձեր փորձը»,-ասաց նախարարը։
Երկուստեք վստահություն հայտնվեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ մեկնարկվող առողջապահական ծրագիրն արդյունավետ կլինի։
«Առողջապահության նախարարությունը համակարգի զարգացման ճիշտ և լայնածավալ տեսլական ունի։ Մենք հնարավորինս կաջակցենք դրա իրականացման գործին»,-հանդիպման ավարտին ասաց «Գլենդել Ադվենտիստ» բժշկական կենտրոնի նախագահ Քեվին Ռոբերտսը։