«Բիձինա Իվանիշվիլու գլխավորած Վրաստանի կառավարությունը ծրագրել է վերականգնել Աբխազիայի եւ Ռուսաստանի հետ երկաթուղային կապը»,-այս մասին հայտարարել է Վրաստանի պետնախարար եւ վերաինտեգրման հարցերով նախարար Պաաթա Զաքարեիշվիլին` ընդգծելով, որ Աբխազիայի տարածքով անցնող տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը լինելու է Բ. Իվանաշվիլու կառավարության առաջնահերթություններից մեկը: Իսկ Վրաստանի ԱԳ նախկին նախարար Գրիգոլ Վաշաձեն մի քանի ամիս առաջ կտրականապես դեմ էր արտահայտվել աբխազական երկաթուղու վերագործարկմանը` հայտարարելով, թե երկաթուղին պետք է միայն Ռուսաստանին, որպեսզի զենք տեղափոխի Գյումրու 102-րդ ռազմակայան: Միաժամանակ Վաշաձեն ակնարկել է, թե Հայաստանն առանց այդ երկաթուղու էլ կարող է «յոլա գնալ»:
ՀԱՐՑ. Որքանո՞վ եք հավանական համարում երկաթուղու բացումը եւ ի՞նչ եք կարծում, առհասարակ, այն ի՞նչ կփոխի Հայաստանի կյանքում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Բիձինա Իվանիշվիլու որոշումը Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավվելուն ուղղված ժեստ է: Իրականում, իհարկե, դա Հայաստանի համար շատ կարեւոր իրադարձություն կլիներ: Սակայն ռեալ՝ դա դեռ դժվար կլինի իրագործել առանց իրավիճակի լուրջ փոփոխության:
«Նոր ժամանակներ» կուսակցության
նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Երկաթուղու բացումը շատ մեծ բան կտա մեզ՝ հայերիս, քանի որ մեր երկար տարիների արտաքին քաղաքականությունը եւ դիվանագիտությունը միտված է եղել այդ խնդրի լուծմանը: Երկաթուղու բացումը բխում է ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Վրաստանի, ե՛ւ Հայաստանի շահերից: Ես հավանական եմ համարում երկաթուղու բացումը: Իսկ ինչ վերաբերվում է քննադատողներին, ապա պետք է ասեմ, որ քննադատել են Սահակաշվիլու թիմի ներկայացուցիչները: Վրաստանում այսօր հաղթեց Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությունը, քանի որ Իվանիշվիլին իր ողջ քարոզարշավի ընթացքում ասել է, որ վերականգնելու է հարաբերությունները Ռուսաստանի հետ:
ԱԺ արտաքին հարաբերությունների
մշտական հանձնաժողովի անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Վրաստանի ցանկությունները եւ նպատակները հարցի մի կողմն է: Այդ ամենի ցանկությունը պետք է ունենան նաեւ մյուս կողմերը, այսինքն՝ Ռուսաստանը եւ Աբխազիան: Նրանց ցանկությունների մասին որեւէ պաշտոնական տեսակետ դեռ չկա: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի համար այդ շատ կարեւոր իրադարձություն համարվող երկաթուղու գործարկմանը, ապա մենք միայն պետք է ողջունենք երկու ձեռքով, երկու ոտքով եւ մեր մնացած օրգաններով: Եթե հնարավորությունները գնահատելու լինենք, ապա կարող եմ ասել, որ արդեն տվյալ գործի 50 տոկոսը կատարված է, քանի որ մի կողմի ցանկությունը կա:
ՄԱԿ նախագահ, ԱԺ արտաքին
հարաբերությունների մշտական
հանձնաժողովի անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Իվանիշվիլու որոշումն առայժմ կարելի է գնահատել որպես միայն ցանկություն: Միայն Վրաստանի ցանկությունը բավարար չէ այդ երկաթուղու աշխատանքների վերականգնման համար: Ցավոք, դժվար է մոտ ապագայում փոփոխություն սպասել: Իսկ որ Հայաստանի համար օգտակար կարող է լինել, մի՞թե տարակուսողներ կան:
ԱԻՄ նախագահ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ