«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶ»-Ն ԱՐՁԱԳԱՆՔԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 7-ին ամիսներ շարունակ աշխատավարձ չստացած Մուշ-2-ի տասնյակ շինարարներ Գյումրիում բողոքի ակցիա անցկացրին: Շինարարները  նշում էին, որ օգոստոս ամսից չվճարված գումարների չափերը տարբեր են՝ սկսած 200.000-ից մինչեւ 1 մլն դրամ:  Մուշ-2 եւ Անի թաղամասերում կառուցապատում իրականացնող «Գլենդել հիլզ» կազմակերպության արձագանքն իրեն սպասեցնել չտվեց: Շինարարների կազմակերպած բողոքի ակցիայի օրը «Գլենդել հիլզ»-ը տարածեց հաղորդագրություն, որում նշված է, որ պետական ծրագրով Մուշ-2 եւ Անի թաղամասերի կառուցապատող «Գլենդել հիլզ» ՓԲԸ տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել աջակցել կապալառու շինարարական «Բեյզիս կոնստ» ընկերությանը` կարգավորելու իր աշխատակիցներին ունեցած ֆինանսական պարտքերի խնդիրը. «Ինչպես արդեն հայտնել ենք օրեր առաջ, մեր ընկերությունն այս ծրագրի կառուցապատման մասով որեւէ մեկի նկատմամբ որեւէ ֆինանսական պարտավորություն չունի. պետությունն ամբողջությամբ վճարել է պայմանագրի արժեքը, կառուցապատող «Գլենդել հիլզ»-ն իր հերթին շինարարական կազմակերպությանը վճարել է հիմնական աշխատանքների, երաշխիքային սպասարկման հիմնական գումարները, իսկ մնացած մասը, պայմանագրի համաձայն, վճարելու է երաշխիքային սպասարկման ժամկետի ավարտին»:
«Գլենդել հիլզ»-ն իր հաղորդագրությունում նաեւ նշել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շինարարական «Բեյզիս կոնստ» ընկերությունը որոշակի խնդիրների պատճառով այս պահին չի կարողանում վճարել իր աշխատողների գումարները, «Գլենդել հիլզ» ՓԲԸ-ն որոշում է կայացրել կարգավորել խնդիրը: Չմարված աշխատավարձի կամ գործավարձի պահանջ ունեցող շինարարները պետք է համապատասխան դիմում ուղղեն «Գլենդել հիլզ» ՓԲԸ-ին: Բանվոր-շինարարները նախ պետք է կապվեն իրենց աշխղեկների հետ, ստանան դիմումի նախապես պատրաստված ձեւը, լրացնեն անուն-ազգանունը, չմարված գումարի չափը, նույն դիմումի վրա ստանան աշխղեկի հաստատումը, այնուհետեւ դիմումը վերադարձնեն աշխղեկին, որը կհանձնի մեր ընկերությանը: Գործավարձերը կվճարվեն այդ գործընթացից հետո` 15-օրյա ժամկետում»:
Հիշեցնենք, որ շինարարները նոյեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվել էին «Գլենդել հիլզ»-ի գրասենյակի մոտ: Մոտ 40 րոպե սպասելուց ու աշխատավարձերի մասին նոր բան չիմանալուց հետո գնացել էին Շիրակի մարզպետարան: Այնտեղ եւս հստակ պատասխան չստանալուց հետո որոշել էին փակել Գյումրի-Երեւան ճանապարհը, ինչն ամեն կերպ փորձում էին թույլ չտալ տարածքում գտնվող ոստիկաններն ու մարզի փոխոստիկանապետը: Շինարարները քայլերթով հասել էին մինչեւ գլխավոր մայրուղի տանող կամրջի մոտ, բայց ճանապարհը փակելու հնարավորություն նրանց  չէր տրվել:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս