ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից պանրի արտադրությամբ զբաղվող 59 տնտեսվարող ընկերություններից 18-ի արտադրանքում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ:
Այդ ընկերություններից են` «Կամո Օհանյան», «Անի-Մերի» ՍՊԸ-ները, «Կալինինո կաթ» ՍՊԸ-ն, «Գարեգին Քոչինյան» ԱՁ-ն, «Սուսաննա Ղազարյան» ՍՊԸ-ն, «Արմեն Սուքիասյան» ՍՊԸ-ն, «Բոզոյան» ԱՁ-ն, «Ամասիայի գլխավոր պանրագործարան» ՍՊԸ-ն եւ այլն: Աղիքային ցուպիկի մանրէները հայտնաբերվել են մասնավորապես «Չանախ» պանրատեսակի մեջ: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են նաեւ մակնշման, պահման եւ սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ:
ՍԱՊԾ պետ Աբրահամ Բախչագուլյանը ՀՀ կառավարության երեկվա նիստում հայտարարել էր, որ այդ ընկերությունները կվերսկսեն իրենց գործունեությունը միայն այն դեպքում, երբ ապահովեն սանիտարահիգիենիկ պահանջների կատարումը, որից հետո թողարկած փորձնական արտադրանքի լաբորատոր փորձաքննությունից հետո նոր կվերսկսվի արտադրությունը: Նա նաեւ նշել էր, որ խոշոր տնտեսվարողների մոտ սանիտարահիգիենիկ խնդիրներ չեն հայտնաբերվել, եւ նրանք ավելի պարտաճանաչ են գտնվել` ներդնելով ժամանակակից արտադրական համակարգեր:
Տեղեկացնենք, որ խախտում կատարած ընկերությունների արտադրությունը դադարեցված է: Նրանք գտնվում են խիստ վերահսկողության տակ, եւ այս պահին արտադրամասերում կատարվում են սանիտարահիգիենիկ պահանջների կարգավորման աշխատանքներ: Ստուգման արդյունքում ոչնչացվել է ավելի քան 5,5 տոննա պանիր, իսկ խախտումներ կատարած ընկերությունները ենթարկվել են 10 մլն 450 հազար դրամի վարչական տուգանքի: 59-ից 18 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունն արգելվել է: Տվյալ ընկերություններն օրական արտադրում են 60-75 կգ պանիր, որը մակնշված չէ:
Այս առիթով զրուցեցինք «Սպառողների միություն» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանի հետ. «Սա խոսում է հետեւողական աշխատանքի մասին: Բայց ես նաեւ նկատում եմ հալածանքի էլեմենտներ, այսինքն` պատժամիջոցներն ավելի շատ փոքր ձեռնարկություններին են անդրադառնում, քան մեծերին: Փոքրերին սնանկացնելու երեւույթներ նկատում եմ: Իհարկե, մեծ ձեռնարկություններին էլ են տուգանում, բայց այդ տուգանքն իրենց համար ավելի շատ պարգեւատրելու ձեւ է ստանում, որովհետեւ մեծերի համար այդ տուգանքը շատ չնչին պատիժ է, իսկ փոքրերին կարող է սնանկացնել: Եւ հաճախ այդպես էլ լինում է»:
Սպառողների շահերի պաշտպանի խոսքով՝ նման մի տուգանքի պատճառով էլ այժմ այծի կաթ արտադրող ձեռնարկությունը` «Էյ-էս-բի-սոֆթ» ՍՊԸ-ն, դադարեցրել է արտադրությունը: «Մինչդեռ այծի կաթը յուրահատուկ օգտակար բան է: Գտնում են, բացահայտում ու պատժում, դա լավ է, բայց պատիժը վերածվում է կործանման: Մոտեցումը պետք է լինի դիֆերենցված` պատժաչափը պետք է լինի համապատասխան շրջանառությանը, այսինքն` մեծին մեծ գումարով պետք է պատժել, փոքրին` փոքր: Փոքր ձեռնարկություններին հեշտ է պատժելը»,-ավելացրեց Ա. Պողոսյանը: Ըստ նրա՝ փոքր ձեռնարկություններն անուշադիր են իրենց արտադրանքի նկատմամբ, բացի այդ, մրցակցության պայմաններն էլ կարող են դրան նպաստել, քանի որ խոշոր ձեռնարկություններն ինչ-ինչ եղանակներով կարողանում են իրենց շահեկան դիրքն ապահովել:
Խախտումներ կատարած ընկերություններից «Ամասիայի գլխավոր պանրագործարան» ՍՊԸ-ի տնօրեն Նորայր Շաբոյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց. «Ես կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել: Միայն կասեմ այն, որ ես նորից բոլոր աշխատողներին եւ արտադրանքը ստուգել եմ, բայց ոչինչ չի հայտնաբերվել: Ոչ մի նախաձեռնող քայլ չենք կարող անել: Իհարկե, դրանից տուժելու է արտադրանքը, բայց ինչ արած: Իսկ եթե նորից արտադրենք, ապա գարնանը կլինի, որովհետեւ «Չանախ»-ը մեր հայկական ավանդական պանիրն է»:
ՓՈՔՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԵՇՏ Է ՏՈՒԳԱՆԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ