ՎԵՐՑՐԱԾ ՓՈՂԸ ԿՈՒՐԱՑՐԵԼ Է ՆՐԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն դիմած Քաջազնունու 7 հասցեի (նախկին Կուզնեցովի) մի խումբ բնակիչներ խիստ անհանգստացած են շենքի անվտանգությամբ: Պարզվում է՝ շենքի նկուղում վերանորոգման աշխատանքներ կատարող ոմն Հովիկ խախտել է շենքի նկուղի չափերը, ինչը ստիպել է անհանգստացած բնակիչներին մինչեւ շենքի հետ կապված լուրջ խնդիրների առաջ գալը համապատասխան քայլեր իրականացնել եւ շենքի սեյսմակայունության խնդիրը վերականգնել:
Եղանք Քաջազնունու 7 հասցեում: Շենքի լիազորը մեզ հետ զրույցում չցանկացավ ներկայանալ` պատճառաբանելով, թե դրա կարիքը չկա, իսկ ավելի ուշ համաձայնեց  ներկայանալ միայն այն դեպքում, եթե թաղապետարանից մարդ լինի: Ինչեւէ, զարմացած ստեղծված իրավիճակից` շենքի լիազորը բողոքող բնակիչներին համարեց «կլյաուզնիկ», քանի որ, նրա պատճառաբանմամբ, այն նկուղային տարածքները, որոնք այս կամ այն բնակիչը վերցրել եւ օգտագործում է՝ իր կարիքներից ելնելով, դրանց համար օրինական փաստաթղթեր կան: «Ապշած եմ, ո՞նց կարելի է նման հայտարարություն անել եւ ասել, թե շենքի կյանքը վտանգված է»,-խիստ վրդովված նշեց լիազորը:
«Ժողովուրդ»-ը նկարեց շենքի տակ գտնվող բոլոր նկուղները, սակայն, ինչպես նկատեցինք, դրանցից միայն մեկը, որը գեղեցկության սրահ էր, ավելի ընդլայնվելու միտում ուներ, քանի որ այնտեղ բավական լուրջ շինաշխատանքներ էին ընթանում: Բնակիչներն իրենց բողոքում վստահաբար նշում էին, թե նկուղը քարուքանդ անողն արհամարհել է իրենց. «Այսքան ժամանակ թաղապետարանի, քաղաքապետարանի, ոստիկանության, սեյսմիկ կայանի ոչ մի պատասխանատու աշխատակից այս փողոցով չի անցել եւ ոչինչ չի նկատել կամ կարող է նկատել են, բայց վերցրած փողը կուրացրել է նրանց»:
Ստեղծված իրավիճակի հետ կապված՝ զանգահարեցինք Կենտրոն վարչական շրջան, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան: Վարչական շրջանի թեժ գծի հեռախոսավարուհին տեղեկացրեց, թե այնտեղ վերանորոգում է ընթանում, եւ այդ իսկ պատճառով միգուցե հեռախոսներն չպատասխանեն: Համապատասխան հեռախոսահամարներ ստանալուց հետո փորձեցինք զրուցել կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պատասխանատուի հետ, որը, լսելով խնդիրը, ասաց, թե տեսուչներից ոչ ոք տեղում չէ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս