ՍՊԱՆԵԼ ԵՆ ՎՈԼԳՈԳՐԱԴՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում զոհվել է Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ Ավթանդիլ Վարշամի Գրիգորյանը: Նա 39 տարեկան էր, գրանցված էր  Ոսկեվանում, սակայն արդեն 20 տարի բնակվում էր Ռուսաստանում: Ավթանդիլի երկու ավագ եղբայրները ծառայել էին խորհրդային բանակում, եւ խորհրդային օրենքների համաձայն՝ նա պետք է ազատվեր զինվորական ծառայությունից: ԽՍՀՄ-ը փլուզվեց, սակայն այդ ժամանակ ժամկետային զինվորական ծառայությունից նրա ազատվելու վերաբերյալ փաստաթղթերը պատրաստ չէին: Ավթանդիլ Գրիգորյանը հաշվառվել էր Հայաստանի ազգային բանակ զորակոչվելու համար, սակայն մեկնեց Ռուսաստան: Զինվորական ծառայությունից խուսափելու համար նա հետախուզվում էր ՀՀ ոստիկանության կողմից:
Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանն ասաց, որ մեկուկես տարի առաջ Գրիգորյանը  Ռուսաստանից նոտարի կողմից հաստատված փաստաթղթեր էր ուղարկել, եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր: Ավթանդիլի ծնողներին ասել են, որ իրենց որդին զոհվել է ավտովթարից, սակայն, Ոսկեվանում պտտվող լուրերի համաձայն, նրան  սպանել են: Ավթանդիլ Գրիգորյանը չի ունեցել ո՛չ Ռուսաստանի Դաշնության, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետության անձնագիր:
Մեկ ամիս առաջ էլ՝ հոկտեմբերի 8-ին, Տավուշի մարզի Կողբ գյուղում հուղարկավորվեց 32-ամյա Վահան Բարսեղյանը: Նա ամուսնացած չէր, բնակվում էր Սանկտ-Պետերբուրգում: Այդ քաղաքում էին բնակվում նաեւ երիտասարդի ծնողները, որոնք 90-ական թվականների վերջին Կողբից տեղափոխվել էին Ռուսաստան: Երիտասարդի մարմինը գտել էին Սանկտ-Պետերբուրգի նրա բնակարանում՝ կախված վիճակում: Կողբի բնակիչները «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ երիտասարդին բռնությամբ կախել են:
Ցավոք, մեր պետությունը հետամուտ չի լինում, որպեսզի  բացահայտվեն Ռուսաստանում Հայաստանի  քաղաքացիների սպանությունները, եւ մեղավորներն ըստ օրենքի արժանի պատիժ կրեն: Իսկ չբացահայտված հանցագործությունները եւ չպատժված հանցագործները պատճառ են դառնում Հայաստանի քաղաքացիների նոր սպանությունների: Երբ մեր հանդեպ ոչ բարյացակամ տրամադրված Թուրքիայում հայ է սպանվում, լրատվամիջոցները, քաղաքական եւ հասարակական գործիչներն իսկույն արդարացի կերպով բողոքի ձայն են բարձրացնում: Սակայն զարմանալի կերպով Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության տասնյակ հարյուրավոր քաղաքացիների սպանություններն անարձագանք են մնում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս