Օրերս մամուլում տարածված տեղեկությունը, թե սպորտային մեկնաբան ՎԱՐԴԱՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ պատրաստվում է ընտանիքով լքել Հայաստանը, իրականությանը չի համապատասխանում: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարոն Թադեւոսյանը միանշանակ հերքեց այդ տեղեկությունը:
-Որպես քաղաքացի ու հայ մարդ՝ պետք է ասեմ, որ սիրում եմ էս երկիրը: Ես էստեղ եմ ծնվել, էստեղ ունեմ հարստություն` լավ ընտանիք, ծնողներ, հարազատներ, ընկերներ, որոնցով հպարտանում եմ: Երբ 90-ականներին բոլորը լքում էին Հայաստանը, կատակով էսպիսի մի խոսք էին ասում, թե ով է լինելու այն միակ հայը, որ իրենից հետո կանջատի լույսը: Վստահ եմ՝ ինձ նման հազարավոր մարդիկ են մտածում, որ վերջինն իրենք են լինելու: Ինչ էլ որ լինի, ես մեր երկիրը սիրում եմ, մնալու եմ այստեղ:
25 տարի հեռուստատեսությունում աշխատելով` վաստակել եմ այն անունը, փառքն ու պատիվը, որ երկրում ինձ տեր եմ զգում, սրտացավ քաղաքացի: Այս երկրում են մեծանում իմ երեք երեխաները. 2 որդի ունեմ, որոնք պետք է ծառայեն հայկական բանակում, իրենց պարտքը տան հայրենիքին:
-Փաստորեն, այս պահին Ձեր վերջին կանգառը Հայաստանն է:
-Այո՛, ու, չգիտես ինչու, համացանցում հայտնվեց սխալ տեղեկություն, որ Վարդան Թադեւոսյանը պատրաստվում է ընտանիքով մեկնել ԱՄՆ: Ասեմ, որ դա իրականությանը չի համապատասխանում, իսկ իմ՝ ԱՄՆ գնալը տեւում է մի շաբաթ կամ 10 օր, այն էլ պետք է որեւէ միջոցառում կամ մենամարտ լինի: Որ գնամ, բա ուսանողներիս ո՞ւմ թողնեմ, ես նաեւ մարզական լրագրություն եմ դասավանդում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում:
-Վստահ եմ՝ նկատած կլինեք, որ վերջին շրջանում արտագաղթն աճել է: Ձեզ դրսում աշխատելու շահավետ առաջարկներ չե՞ն եղել:
-Լինելով մարզական մեկնաբան` եղել եմ աշխարհի տարբեր երկրներում, վերջին շրջանում ամենից հաճախ գնում եմ ԱՄՆ ու ցավով եմ նկատել, որ եթե մեկին մի երկու տարի Երեւանում չես տեսնում, մեկ էլ դրսում ես հանդիպում: Իմ աշխատանքային գործունեության ընթացքում շատ եմ մեկնել մեր մարզիկների մարտը լուսաբանելու` Արթուր Աբրահամ, Վիկ Դարչինյան… Աշխատանքային առաջարկներ նույնպես եղել են, բայց ես Հայաստանում դեռ անելիք ունեմ: Ուզում եմ նորից ասել, որ չեմ պատրաստվում լքել Հայաստանն ընտանիքիս հետ: Իմ երեք երեխաներն էլ դեռ ուսանող են, սովորում են:
-Ձեր երեխաները սպորտով զբաղվո՞ւմ են:
-Չեն զբաղվում: Տղաս եւ աղջիկս զույգեր են` 19 տարեկան, մեծս 21 տարեկան է: Զույգերս լատինաամերիկյան պարերի գնացին, կարատեի պարապմունքների, մեծս ձյուդոյի գնաց, քիքբոքսի, լողի, բայց ամեն ինչից մի քիչ-մի քիչ: Տղաս` փոքրս, ԵՊՀ-ի ժուռնալիստիկայում է սովորում, աղջիկս` Բրյուսովում, մեծ տղաս էլ ավարտել է ԵՊՀ-ի աշխարհագրականը, հիմա էլ Ժողինստիտուտում է շարունակում մագիստրատուրան:
-Հայաստանում տեսնո՞ւմ եք ապագա Ձեր զավակների համար:
-Այդ հարցը մի քիչ բարդ է, տեսնում եմ, որ շատ երիտասարդներ, ստանալով բարձրագույն կրթություն, հազիվ կրտսեր մասնագետի աշխատանք են գտնում: Բայց երեւի ժամանակ է պետք, բոլորս մի փոքր պետք է համբերենք: Եթե բոլորս գնանք, բա վե՞րջը: Ես միշտ լավատես եմ եղել՝ չնայած այն դժվարություններին, որ այս վերջին տարիներին լինում են, մասնավորապես իմ աշխատանքի հետ կապված: Այս պահին էլ ես աշխատանքի առումով պարապուրդի մեջ եմ, չեմ աշխատում, եթեր դուրս չեմ գալիս միայն այն պատճառով, որ սպորտային լուրերի հովանավոր չկա: Ի՞նչ է ստացվում, այսօր հովանավորը պետք է որոշի՝ դու աշխատես, թե չէ: Ես հեղինակային հաղորդումներ եմ ունեցել, որ տարբեր տարիներին մեր երկրորդ եւ երրորդ նախագահների կողմից ճանաչվել են տարվա լավագույն մարզական հաղորդումներ, անցած տարի էլ ստացա Տրդատ 3-րդ թագավորի ոսկե մեդալ որպես մարզական մեկնաբան: Ցավում եմ, որ այսօր ինչ-որ մեկը պետք է որոշի՝ սպորտն իր ալիքում լավ է, թե վատ, արժե, թե ոչ:
-Գուցե Դո՞ւք փորձեք որեւէ կերպ հովանավոր գտնել:
-«Շանթ»-ում դրվածքն այլ է, գովազդային գործակալներն են գտնում հովանավոր: Երբ նախկինում այլ հեռուստաալիքում էի, ես ինքս իմ հաղորդման համար գտնում էի հովանավոր: «Շանթ»-ում դու աշխատում ես, ստանում քո աշխատավարձը: Ու եթե այսօր հովանավոր չկա, չի նշանակում, որ հաղորդումը պետք չէ:
-Որպես սպորտային մեկնաբան, որը տեղյակ է սպորտի «ներքին խոհանոցից», ի՞նչ կասեք Հայաստանի այսօրվա սպորտի վիճակի մասին:
-Եթե մենք փորձենք համեմատել մեր տարիների մարզական փորձը, միանշանակ հաջողություններ ենք գրանցում, թեկուզ ֆուտբոլը. այսօր մեր հավաքականը խաղում է խաղ, որին սպասում էինք տարիներ: Սպասում էինք, որ կգա ժամանակ, երբ մենք կունենանք այնպիսի մի ֆուտբոլիստ, որը համաշխարհային ֆուտբոլի աստղերի հետ կարող է համեմատվել: Այսօր մենք ունենք այդ աստղը, խոսքս Հենրիխ Մխիթարյանի մասին է: Բայց մենք՝ հայերս, միշտ շատ ենք ուզում: Հաջողություններ ենք գրանցել նաեւ բռնցքամարտում, ըմբշամարտում, ծանրամարտում, շախմատում… Տարիների ընթացքում, վստահ եմ, շատ այլ հաղթանակներ էլ կունենանք:
ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՄ ԵՐԿԻՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ