
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ ևս Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ կազմակերպվել էր տոնական միջոցառում: Վաղ առավոտից «Երևանը՝ փոքրիկների համար» խորագրով մեկնարկած միջոցառումը մեկտեղել էր ինչպես փոքրիկներին, այնպես էլ մեծահասակներին: Քաղաքապետի այցելության պահին զբոսայգին մարդաշատ էր, տիրող մթնոլորտն էլ՝ լիարժեք տոնական: Աշխույժ եռուզեռ էր բոլոր ատրակցիոնների մոտ, իսկ բեմահարթակից իրենց ելույթներով փոքրիկներին ողջունում էին մանկական համույթները:
Քաղաքապետը շրջել է զբոսայգում, զրուցել ծնողների հետ ու շնորհավորել է մանուկներին՝ մաղթելով նրանց անհոգ մանկություն ու խաղաղ երկինք: