ՀԱՐՑ. «2009թ. «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի համաձայն՝ 2013 թվականից խաղատները կտեղափոխվեն Ծաղկաձոր, Ջերմուկ ու Սեւան: Հետաքրքիր է իմանալ, թե դա որքանով է նպաստավոր զբոսաշրջության զարգացման համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետությունում խաղային գործի բնագավառն ունի ավելի քան 17 տարվա պատմություն: Օրենքի հիմնական նպատակը ՀՀ-ում խաղային գործի բնագավառի կարգավորման զարգացումն է՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա, ինչն իր հերթին կխթանի ներգնա տուրիզմի եւ ենթակառուցվածքների զարգացմանը նշված վայրերում: Համաշխարհային փորձը փաստում է, որ խաղային բիզնեսը մի կողմից զվարճանքի, հանգստի եւ զբոսաշրջության զարգացման կենտրոն է, մյուս կողմից՝ պետական բյուջեի եկամուտների աղբյուր:
Ոլորտի զարգացման արդյունքում կապահովվեն լրացուցիչ մուտքեր պետբյուջե, կխթանվի ներգնա զբոսաշրջությունը, եւ կզարգանան սպասարկման եւ այլ ոլորտի ենթակառուցվածքները:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտարարությունների մակարդակով ՀՀ իշխանությունները կարծես թե ամեն ինչ անում են գերակա ճյուղ համարվող զբոսաշրջությունը զարգացնելու համար: Սակայն գործնականում ոչ մի լուրջ քայլ այդպես էլ չի նպատակաուղղվում այդ ոլորտին: Դրա վառ ապացույցն են հանգստյան գոտիների թանկ գներն ու մատուցվող ծառայությունների ցածր որակը: