ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Օրեր առաջ տղայիս ձերբակալել են, ու ես առաջին 2 օրը չգիտեի նրա գտնվելու  տեղը: Իրավապահներն արդյոք պարտավոր չէին հայտնել մեզ, թե որտեղ են նրան  պահում: Տղաս կարո՞ղ է տեսակցություններ ունենալ ընտանիքի անդամների, ազգականների, բարեկամների հետ:

Սիրանույշ Խալաթյան (42 տարեկան, բուժքույր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Արգելանքի վերցվելուց հետո անմիջապես, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, մեղադրյալ անձը քրեական վարույթ իրականացնող մարմնի միջոցով իրավունք ունի տեղյակ պահել մերձավոր ազգականներին իր՝ կալանքի տակ պահվելու մասին: Սա կանոնակարգվում է օրենքով: Միաժամանակ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է կալանավորված անձի՝ կալանավորվածներին պահելու վայր ընդունվելու կամ մեկ հիմնարկից մյուսը փոխադրվելու մասին ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում գրավոր տեղյակ պահել մեղադրյալի մերձավոր ազգականներին կամ կալանավորված անձի նշած անձանց:
Համաձայն օրենքի՝ կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ այլ անձանց հետ տրամադրվում է կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ: Քննության շահերից ելնելով` կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:
Կալանավորված անձին մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կամ այլ անձանց հետ ամսվա ընթացքում տրամադրվում է առնվազն երկու տեսակցություն՝ մինչեւ երեք ժամ տեւողությամբ:

«Իրավունքի պաշտպանություն առանց
սահմանների» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քիչ չեն դեպքերը, երբ իրավապահների կողմից խախտվում է օրենքը:  Ցավոք, նման դեպքերում նրանք չեն ենթարկվում կարգապահական տույժի, եւ ոչ էլ փոխհատուցվում են կալանավորների հարազատների բարոյական վնասները:




Լրահոս