«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես արդեն գիտենք՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Հրապարակ» օրաթերթից հերքում տալ եւ ներողություն խնդրել: Պատճառն այն է, որ «Հրապարակ» օրաթերթը մայիսի 21-ին հրապարակել էր «Հանրությունն ուզում է իմանալ» վերտառությամբ հոդված, որտեղ գրված է այլ կայքերում եւ համացանցում տարածված տեղեկությունն այն մասին, որ Ռուզաննա Խաչատրյանը, վարելով ընկերոջ մեքենան, վթարի է ենթարկվել, որի հետեւանքով մարդ է մահացել:
Ըստ նախարարի կնոջ փաստաբանի՝ տեղեկությունն ակնհայտ սուտ է: Ավելի ուշ օրաթերթը գրել էր, որ օգտվել է hzham.am կայքից: Բայց փաստաբան Կարեն Մեջլումյանի խոսքով՝ նշված կայքը ֆեյք է, գոյություն չունի:
Այս հայտարարությունից երեք օր անց, ժամը 12:00-ին hzham.am պատասխանատու Աննա Գեւորգյանը հրավիրվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն: Իսկ ի՞նչն էր պատճառը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում hzham.am խմբագրական խորհրդի անդամ Անի Մադոյանն ասաց, որ Աննա Գեւորգյանին կանչել են ոստիկանություն՝ հասկանալու համար, թե արդյո՞ք կայքը գործում է բոլոր չափանիշներին համապատասխան. «Մենք ունենք գրանցում, եւ այս դեպքում փաստաբանն է զրպարտություն տարածում, թե կայքը ֆեյք է»:
Անդրադառնալով այն տեղեկություններին, թե կայքին պատվիրել են վարկաբեկել Պնախարարին, եւ իրավապահները փորձում են պարզել պատվիրատուների ցանկը եւ շահագրգռվածությունը, Անի Մադոյանը պատասխանեց. «Եթե իրենց քիմքին հարիր չէ, որակում են որպես պատվեր, ծիծաղելի է»:
Ըստ Անի Մադոյանի` իրենք չեն պատրաստվում հերքում տեղադրել կայքում: Ավելին՝ ըստ նրա՝ թե՛ 6-րդ վարչություն, թե՛ դատախազություն դիմելը հոգեբանական ճնշում է. «Ուզում են ազդել մամուլի վրա, թող հրապարակման հետքերով գնան եւ պարզեն: Ի վերջո, ի՞նչը հերքեն, որ մուշտակը 100.000 դոլարանոց է, թե՞ որ Ֆրանսիայում հիվանդանոց ունի»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: