Բռնաբարությունը լավ բան չի՝ թեկուզև «փոխաբերական» իմաստով. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Բռնաբարությունը լավ բան չի՝ թեկուզև «փոխաբերական» իմաստով: Օրինակ՝ երբ մարդկանց ուղեղը բռնաբարում են վատ հայերենով՝ չկարողանալով գոնե մեկ կապակցված միտք արտահայտել: Հենց այդպես են խոսում մեր պատգամավորներից շատերը՝ քյաբաբը և օղին այնքան են բռնաբարել նրանց ստամոքսը, որ մարսողական պրոցեսը երևում է նրանց դեմքերին և ակնհայտորեն խոչընղոտում է մտածողության բոլոր դրսևորումներին: Դե, իրենց տարերքը մտածելն ու խոսելը չէ՝ նրանք «ազգանվեր գործեր են անում»:

Չգիտեմ, թե որն է իրականում նրանց ազգանվեր գործը, բայց, ենթադրենք, դրանք արվում են: Հապա ի՞նչ գործ ունեն այդ մարդիկ խորհրդարանում, որտեղ, մասնավորապես, օրենքին դեմ կամ կողմ քվեարկելու համար ցանկալի է նախ՝ կարդալ դրանք, և երկրորդ՝ հասկանալ, թե ինչի մասին է այդ օրենքը: Պառլամենտում հերոսներ, ազգանվերներ, ազատամարտիկներ, ֆիդայիներ պետք չեն, այնտեղ անհրաժեշտ են գրագետ, պատրաստված մարդիկ, որոնք կկարողանան հակակշիռ դառնալ զործադիր իշխանությանը: Իսկ «բռնաբարություններից», որոնց երևի փոխարինում են ավելի թունդ հայհոյանքները, կարելի է խոսել նույն քյաբաբի սեղանի շուրջ՝ վերհիշելով սեփական հերոսական անցյալը:

Ազգային ժողովում կար, կարծես թե, էթիկայի հանձնաժողով. առաջ այն՝ լավ, թե վատ, ինչ-որ հարցեր էր քննարկում: Վերջերս այդ հանձնաժողովից ոչ մի ձայն չի գալիս՝ կամ պատգամավորներն են ավելի բարեկիրթ դարձել, կամ էլ բոլորը հասկացել են, որ այդ հանձնաժողովի որոշումները որևէ նշանակություն չունեն: Այսպես ասած՝ «ձեռ են քաշել»: Փոխաբերական իմաստով՝ ինարկե»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս