Խորհրդարանում շարունակվում է 2014թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները: Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը քննարկման սկզբում ներկայացրեց թվային տվյալներ:
Նա նշեց, որ գերատեսչությունների կողմից չեն եղել այնպիսի ծրագրեր, որոնք չեն կատարվել ֆինանսական խնդիրների պատճառով: «Էկոնոմիկայի նախարարությունն ունի 95 տոկոսից ավել կատարողական, կամ օգտագործվել է 3,7 մլրդ դոլար: Հիմնական շեղումը պայմանավորված է երեք ծրագրերի մասով: Խոսքը վերաբերում է նախարարի աշխատակազմի, նախարարության աշխատակազմի հետ կապված ծրագրերի շեղումներով, իսկ դրանք արդյունք են տնտեսումների», – նշեց Ջանջուղազյանը:
Անդրադառնալով էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տվյալներին, Ջանջուղազյանը նշեց, որ ծախսային ծրագրերի իրականացման տեսանկյունից առանձնահատկություն է առկա: Մանրամասնելով իր խոսքը`գլխավոր գանձապետը նշեց, որ գերակշիռ մեծամասնությունը իրականացվել է արտաքին միջամտությամբ, իսկ նախարարության ընդհանուր բյուջեն կազմել է 7,6 մլրդ դրամ, որի դիմաց կատարողականը կազմել է 1,2 մլրդ դրամ: «Եթե հաշվի չառնենք արտաքին գործոնների օգնությամբ իրականացված ծրագրերը, ապա կունենանք 80 տոկոսից ավել կատարողական», – հայտնեց նա:
Խոսելով քաղաքաշինության նախարարության մասին` Ջանջուղազյանը հայտնեց, որ 8,7 մլրդ էր նախատեսվել, արձանագրվել է 86 տոկոս կատարողական: Նրա խոսքով բոլոր ծրագրերը, որտեղ 100 տոկոսից ցածր կատարողական են արձանագրվել, պայմանավորված է տնտեսումների հանգամանքով: Տրանսպորտի և կապի նախարարությունը, Ջանջուղազյանի տվյալներով, նախատեսել էր 2014-ին իրականացնել 18 ծրագիր, և պահուստային ֆոնդից նույնպես միջոցներ են տրամադրվեր:
«Ընդհանուր կատարողականը կազմել է 78,54 տոկոս, օգտագործվել է 39 մլրդ դրամ: Կատարողականի շեղումը պայմանավորված է արտաքին աջակցությամբ կատարված ծրագրերով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի բյուջեն համեստ է եղել ` 668 մլն դրամ է օգտագործվել կամ նախատեսվածի 95 տոկոսը: Շեղումը պայմանավորված է տնտեսումների հանգամանքով: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի բյուջեն ավելի համեստ է եղել ` 295 մլն դրամ, օգտագործումը կազմել է 97,1 տոկոս», – եզրափակեց Ջանջուղազյանը: