Չե՞ք կարծում, որ այս ոլորտում չափից ավել բյուրոկրատիա կա։ Գյուղացին մի գոմ քանդելու համար 22 քայլ պետք է անի՝ կազմում է նախահաշիվ, գալիս շինարարական կազմակերպություն, հետո ցույց է տալիս, թե տարածքում ջուր, էներգիա կա, թե` ոչ։ Այսօր խորհրդարանում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին նման հարցադրում արեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա ընդգծեց, որ մի գոմ քանդելու համար լավագույն դեպքում ժամանակը կլինի 1 ամիս: Նարեկ Սարգսյանը համակարծիք էր, որ մի շարք ոլորտներում անիմաստ բյուրոկրատիա է տիրում։
«Միգուցե տարօրինակ հնչի, բայց վրդովմունքի հետ ես համակարծիք եմ։ Ոլորտում կա չպատճառաբանված բյուրոկրատիա։ Սակայն այս տարի կառավարությունը 2 որոշում է կայացրել, որով պարզեցվել են որոշ ընթացակարգեր՝ գլխավոր հատակագծերի հետ կապված, ինչպես նաև գյուղական վայրերի վերաբերյալ հատուկ կարգեր են մշակվել»,- հայտարարեց նախարարը։
Արամ Մանուկյանը նաև անդրադարձավ հուշարձանների հետ կապված հարցին և հիշեցրեց իրենց կողմից ներկայացված նախագծի մասին:
«Ես հարցին այսպես կպատասխանեմ, որ հուշարձանների դաշտը լուրջ անալիզի և վերափոխումների կարիք ունի, ինչն ակնհայտ է, այս մասով լուրջ անելիք ունենք։ Առաջին հերթին մենք պետք է հստակեցնենք, թե որ շենքն իրավունք ունի լինել հուշարձան, իսկ այն հուշարձանները, որոնք մենք ունենք, պետք է հստակ սահմանագծենք նրանց հետ վարվելու և միջամտելու չափը»,- եզրափակեց Նարեկ Սարգսյանը: