“Բարգավաճ Հայաստան” քաղաքական կազմակերպությունը չեմ տարանջատում իշխանությունից, որովհետեւ տարիներ շարունակ լինելով իշխանության մեջ՝ նրանք նույնիսկ հնարավորություն չունեն այդ կոալիցիայից ազատվելու այդքան հեշտ, այդ իսկ պատճառով էլ նրանք չեն կարող իրենց ընդդիմադիր հռչակել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպնանն ասաց “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ չբացառելով, որ մոտ ապագայում ԲՀԿ-ն պաշտոնապես կհայտնվի իշխանության մեջ:
Զ. Փոստանջյանը նկատեց, որ երկրում ամեն ինչ նորմալ չի ընթանում, որովհետև ՀՀ-ն ժողովրդավարության բացակայության խնդիր ունի, այդ համատեքստում ՀՀ-ն նորմալ ընթացքի մեջ չէ:
Նրա կարծիքով՝ այսօր քաղաքական դաշտում ԲՀԿ- ն պետք է կողմնորոշվի՝ ո՞ր դաշտում է՝ ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական, որովհետև այդ կազմակերպությունը իրեն ո՛չ իշխանություն է հռչակել, ո՛չ ընդդիմադրություն։ ԲՀԿ-ն խնդիրներ չպետք է ունենա իր ընդդիմադիր դիրքորոշման վերաբերյալ: Խոսելով ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի առաջարկի՝ կառավարման խորհրդարանական համակարգի վերաբերյալ՝ նա ասաց, որ այդ առաջարկը սխալ է ընկալվել.
“Դա անհատ քաղաքական գործչի հայտարարություն էր, դա մենք ԲՀԿ պաշտոնական կարծիք չենք դիտարկում: Երկու տարի առաջ, երբ Ընտրական օրենսգիրքն ընդունվում էր, այդ կարծիքն այդ ժամանակ պետք է հայտնեին, երբ ունեին հնարավորություններ որևէ բան փոխելու, իսկ մենք էլ աջակից կլինեինք, քանի որ դա մեր ծրագրային դրույթն էր:
Մեկ քաղաքական գործչի խոսքը որպես պաշտոնական դիրքորոշում ընդունելը սխալ է: Պաշտոնական կարծիք լինելու համար պետք է լինի որոշում, ճանապարհային քարտեզ պետք է լինի, թե ինչպես է այդ քաղաքական ուժն այդ ծրագրային դրույթը կյանքի կոչելու”:
“Ժառանգություն” խմբակցության անդամի կարծիքով՝ սա նախընտրական փուլում հայտարարություն է, որն ունի իր նպատակը: Պատգամավորը նաև ասաց, որ ԲՀԿ-ին իշխանությունից չի տարանջատում, քանի որ իշխանական կոալիցիայից հնարավորություն չունեն այդքան հեշտ դուրս գալ և հեշտությամբ իրենց ընդդիմադիր հռչակել: Բանախոսը նաև չբացառեց, որ երկրորդ և երրորդ նախագահները, պաշտոնապես իրարից անջատ գործելով, իրենց ծրագիրն են առաջ տանում՝ դաշտը նորից իրենց տիրապետության ներքո պահելու խնդիր են լուծում: Նա նաև հստակեցրեց, որ թյուր կարծիք է, որ այս անձինք իրարից անջատ են գործում:
Նաիրա Զոհրաբյանի առաջարկին անդրադարձավ նաև Հովհաննես Սահակյանը՝ ասելով, որ դրական հատիկ է ցանկանում գտնել և հավատալ, որ ինչ-որ հարցի շուրջ հնարավոր է համախմբվեն իշխանական և ընդդիմադիր դաշտը՝ հանուն ինչ-որ գործընթացի:
“Եթե կա հանուն ինչ-որ գաղափարի համախմբում, որպես հանրապետական, որպես քաղաքացի, որպես պատգամավոր՝ կողմ եմ։ Մենք նախկինում Միասնական շտաբի դեպքն ենք ունեցել, տեսանք, որ դրանից հետո կենցաղային զրույցներ առաջացան։ Եթե նկատի ունենք համախմբվել և միասնական թեկնածու առաջադրել՝ այլևս անհնար է: Իսկ եթե խնդիրը կառավարման այլ ձևին է վերաբերում՝ ինձ համար անհասկանալի է. մենք պատրաստվում ենք նախագահական ընտրությունների, կան խնդիրներ, կազմակերպչական հարցեր, և մենք փորձում ենք գաղափարներ առաջ քաշել։ Այսօր ճիշտ չէ այդ հարցը վերհանելը: Կառավարման համակարգի փոփոխության հարցն այսօր չէ, որ պետք է առաջ քաշել”,- մեկնաբանեց հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը: