ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանից հետաքրքրվեց «Որոտան»-ի ՀԷԿ-ի ճակատագրից և հիշեցրեց, որ ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե վաճառքն ուր որ է լինելու է։
«Ի՞նչ վիճակում է գործընթացը: Որքանո՞վ է հիմնավորված «Նաիրիտ»-ի և Քիմպրոմի փակումը՝ հոսանք արտադրող ընկերությունների հաշվին: Մենք գիտենք, որ հոսանքի 20 տոկոսն է բուն գազից արտադրվում: Այժմ գազի մասնաբաժինը բարձրացել է մինչև 40 տոկոս: Սա ի՞նչ ռազմավարություն է: Կառավարությունը որևէ մտահոգություն չունի՞, ֆորսմաժորային իրավիճակ չկա՞ հոսանքի թանկացման հետ կապված, կամ չե՞ք կանչել Բիբինին, հարցնելու, թե ինչո՞ւ է այս վիճակը»,- հարցրեց պատգամավորը:
Փոխնախարարը նշեց, որ «Որոտան»-ի գործարքի վերաբերյալ ստորագրումը նախատեսվում է առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում։ Անդրադառնալով Քիմպրոմին ու «Նաիրիտ»-ին` նկատեց, որ էլեկտրոհամակարգի ընկերությունները միշտ շահագրգիռ են եղել, որ դրանք շահագործվեն, իսկ Վրաստան էլեկտրաէներգիա արտահանելու հետ կապված շեշտեց, որ ժամանակին Վրաստան շատ էին արտահանում էլեկտրաէներգիա, սակայն վերջին տարիներին Վրաստանը սեփական հիդորէլեկտրականությունն է զարգացրել:
«Ես գիտեմ՝ ինչն է խոչընդոտում, որ չի ստորագրվում «Որոտան»-ի վաճառքի պայմանագիրը, ամեն անգամ էսօր-էգուց եք անում»,- նշեց պատգամավորը: