ՀԶՈՐ ԲՈՂՈՔԻ ԵՐԹ ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլէներգիայի թանկացման դեմ կազմակերպված երեկվա երթը, թերեւս, ամենամեծ բողոքի ակցիան էր, որը վերջին տարիներին անցկացվել է: Բայց երթի առանձնահատկությունը միայն մարդաշատությունը չէր, այլ այն փաստը, որ մի քանի հազար մասնակիցների մեծ մասը երիտասարդներ էին, եւ փաստացի հենց նրանք էին ակցիայի տերն ու տիրականը: Իհարկե, երթի ընթացքում կարելի էր հանդիպել առանձին քաղաքական գործիչների, կուսակցական ակտիվիստների, բայց նրանք բոլորը շարքային մասնակիցներ էին: Իսկ այն էնեգետիկան, որը պարունակում էր երթը, ՀՀ իշխանություններին հաստատ մտորելու տեղիք կտա, եւ պետք է լրջորեն խորհել՝ արդյո՞ք իմաստ ունի կատարել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» քմահաճույքը եւ թանկացնել էլեկտրաէներգիայի գինը, թե, այնուամենայնիվ, անհարժեշտ կլինի ՀԷՑ-ին բացատրել, որ իրավիճակը պայթյունավտանգ է: Հաջորդ բողոքի երթը նախատեսված է հունիսի 19-ին: Քաղաքացիական ակտիվիստները խոստանում են նորից ապացուցել, որ իրենց համբերությունը սահման ունի, եւ եթե անհրաժեշտ լինի, ինքնակազմակերպման արդյունքում կհասնեն իրենց նպատակին:

 

 

 
Երեկ ՀՀ Կառավարությունը հաստատեց «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է մասնավորեցման ենթակա ձեռնարկությունների ցանկում ավելացնել «Հայփոստ» ընկերությանը: Նախագիծը դեռ պետք է ԱԺ-ն քննարկի եւ ընդունի, սակայն դա խնդրի տեխնիկական կողմն է: Փաստն այն է, որ արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի՝ Հայաստան գալուց եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպելուց հետո Կառավարությունը նախաձեռնեց «Հայփոստի» մասնավորեցմանն ուղղված գործընթաց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հենց Էռնեկյանն է ցանկություն հայտնել գնել «Հայփոստ»-ը, ինչը վաճառելու առաջարկներ, թեեւ, միշտ էլ եղել են, բայց ՀՀ իշխանությունները մինչ այս ձեռնպահ են մնացել գործարք իրականացնելուց: Ինչպես երեւում է՝ տնտեսության վիճակն իսկապես լավ չէ, դրա համար էլ կրկին անցել ենք մեր «տան եղած-չեղածը» վաճառելուն:

 

 

 
Այն հանգամանքը, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից Հայաստանի ողջ իշխանական համակարգն է սնվում` մեծ ու փոքր պաշտոնյաներով, վաղուց հայտնի իրողություն է: Սակայն էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման շուրջ բարձրացած վերջին աղմուկն իր հետ նորանոր բացահայտումներ է բերում: «ժողովուրդ»-ն անդրադարձել է ՀԷՑ-ի կողմից աստղաբաշխական վարձավճարով «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ից ավտոմեքենաներ վարձելու պատմությանը: Այս ընկերությունը թանկարժեք ավտոմեքենաներ է վարձակալությամբ տվել ՀԷՑ-ին՝ մեկ պայմանագրով որպես ավտոմեքենաների վարձ ՀԷՑ-ից ստանալով ավելի քան 259 մլն դրամ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս ընկերության սեփականատեր եւ տնօրեն Գեղամ Կարապետյանը, ոչ ավել եւ ոչ պակաս, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շագոյանի հարազատ «բաջանաղն» է: Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են:

 

 

 
ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը երեկ ուշագրավ հարցադրում է արել՝ ուղղված ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին: Պատգամավորի խոսքերով՝ մարդիկ կան, որոնք մի քանի ամսական երեխաները գրկներին՝ մուրացկանություն են անում. «Ժողովուրդն ասում է՝ նույնիսկ պռակատով են վերցնում այդ երեխաներին: Ի՞նչ է անում ՄԻՊ գրասենյակը»: Ավելի ուշ հայտարարեց. «Դեպքեր են լինում, որ այդ երեխաներին դեղ են խմացնում, որ անընդհատ քնեն ու փողոցում չլացեն»: Որքանո՞վ են հիմնավոր այս խոսքերը, երեկ «Ժողովուրդ»-ին պարզել չհաջողվեց, պատգամավորը չէր պատասխանում հեռախոսազանգերին, բայց իրավապահներին նման փաստեր հայտնի չեն: Այս իրավիճակը շատ նման է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի՝ 2007-ին արված հայտարարությանը. նա ասաց, թե Սերժ Սարգսյանի հարազատների կողմից «քիլլեր էր վարձվել, որ սպանեին Գագիկ Ծառուկյանին»: Բայց երբ իրավապահները հետաքրքրվեցին՝ Գեղամյանից պահանջելով փաստեր ներկայացնել, նա հայտարարեց, թե սրճարանում է լսել այդ մասին: Ի դեպ, Բաբայանն էլ նախկին ընդդիմադիր է:

 

 

 

 
ԻՆՔՆԱՍՓՈՓԻՉ

ԱԺ-ում երեկ ներկայացնելով ԱԳՆ-ի 2014թ. գործունեության հաշվետվությունը՝ ԱԳ փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը հայտարարել է, թե տեղեկատվական պայքարում Հայաստանը Ադրբեջանին որակով է պատասխանում։ Նման մոտեցումը կարելի է գնահատել կա՛մ որպես ինքնասփոփանք, կա՛մ որպես սովորական գլուխգովանություն:
Նախ` այնպես չէ, որ Ադրբեջանի տարածած քարոզչական նյութերը բացառապես անորակ են եւ ոչ արդյունավետ: Իրականում, հատկապես վերջին տարիներին, ադրբեջանական կողմը շատ ավելի գրագետ եւ բարձրորակ քարոզչությամբ է ներկայանում: Դրանում համոզվելու համար բավական է մասնակցել որեւէ միջազգային գագաթնաժողովի, փառատոնի կամ ցուցահանդեսի, որտեղ ադրբեջանական պատվիրակության անդամները բոլոր մասնակիցներին բաժանում են շատ կանչող ձեւավորմամբ եւ ոչ շատ ինֆորմացված մարդկանց համար բավականին համոզիչ տեղեկատվությամբ բազմաթիվ բուկլետներ եւ գրքույկներ: Այդ թվում` Խոջալուի «ցեղասպանության» կամ Հայաստանի տարածքում գտնվող «ադրբեջանական հուշարձանների», օրինակ՝ Զվարթնոցի կամ Գեղարդի վերաբերյալ: Ընդ որում, խոսքը տասնյակ, հարյուրավոր մարդկանց մասին է, որոնցից թեկուզ տասը տոկոսն էլ եթե ծանոթանա տրված գրականությանը, արդեն իսկ որոշակի պատկերացում (տվյալ դեպքում` թյուր) կձեւավորի ղարաբաղյան հակամարտության եւ հայերի «օկուպացիոն» բնույթի վերաբերյալ: Մինչդեռ հայկական կողմն այս ամենին հակադրում է իր «որակով լռությունը»:
Նույն իրավիճակն է նաեւ գիտական գրականության բնագավառում: Թե՛ մշակութային, թե՛ պատմական աշխատությունների հրատարակման առումով Հայաստանը վերջին քսան տարիներին, մեղմ ասած, շատ է հետ մնացել Ադրբեջանից, եւ դարձյալ ներկայացնելով մեր հրատարակած մի գրքի «որակը» ազերիների տասին արժենալու փաստարկը: Սակայն ժամանակի ընթացքում քանակն իր գործն անում է, եւ այսօր եվրոպական, ամերիկյան կամ արաբական աշխարհի բազմաթիվ երկրների համալսարաններում ուսանողները օգտվում են Մեհրիբան Ալիեւայի գլխավորած Հեյդար Ալիեւի ֆոնդի հրատարակած տասնյակ, հարյուրավոր հատոր շքեղ տպագրված գրականությունից: Եվ եթե որոշ պրպտուն ուսանողներ փորձում են գտնել նաեւ հայկական գրականություն, ապա ստիպված են լինում բավարարվել մեկ-երկու, դեռ սովետական շրջանում հրատարակված աշխատություններից:
Այս ամենի մասին շատ լավ տեղեկացված են թե՛ ՀՀ ԱԳՆ-ն, թե՛ ԳԱ ակադեմիան: Սակայն առաջինը զբաղված է չորրորդական երկրներում կոնկրետ մարդկանց համար դեսպանատներ բացելով, իսկ ծերակույտի վերածված ԳԱԱ-ում էլ միանգամայն բավարարված են նախորդ դարի կեսերին հրատարակված գրականությամբ:




Լրահոս