ՇԵՅԽԻ ՊԵՍ ԱՊՐՈՂ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՓՈԽԱՐԵՆ ՉԻ ՎՃԱՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 18-ին՝ ԱԺ քառօրյայի մեկնարկի ժամանակ, ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները հայտարարեցին, որ իրենք պահանջում են քառօրյայում ընդգրկել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը: Սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հերթով պատգամավորների խոսափողներն անջատում էր` հորդորելով սպասել մի քանի օր, այնուհետեւ նիստ հրավիրել ու քննարկել հարցը:

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորները որոշել էին հարցը ԱԺ-ում քննարկելու համար ստորագրահավաք իրականացնել ու այն հրատապ կարգով խորհրդարան «բերել»: Սակայն ստորագրահավաքին շատ քիչ պատգամավորներ միացան, ինչի արդյունքում այդպես էլ այդ քննարկումը չկայացավ: ԱԺ ոչ իշխանական պատգամավորները հայտարարեցին, որ իրենք առաջիկայում կազմակերպելու են լսումներ ու պահանջելու են հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին իրենց ներկայացնել Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ ՀԷՑ-ի հայցում բերված հիմնավորումները:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ` պարզելու համար, թե ի՞նչ փուլում են լսումների կազմակերպման աշխատանքները:
-Տիկի՛ն Զոհրաբյան, նախորդ քառօրյայի ժամանակ Դուք եւ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները պահանջում էիք խորհրդարան հրավիրել պատկան մարմիններին` քննարկելու էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը: Ի վերջո, ի՞նչ որոշվեց, արդյո՞ք լինելու են այդ լսումները, ինչո՞ւ խորհրդարանական ուժերը որեւէ քայլ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ:
-Վստահաբար նիստը տեղի կունենա, համենայնդեպս, երեկ մենք եւս խոսել ենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի հետ: Իրենք ոչ միայն ուսումնասիրում են ներկայացված հայտը, որը կազմում է 4000 էջից ավել, այլեւ բազմաթիվ գրավոր հարցեր են ուղարկել հայտ ներկայացնող կազմակերպություններին: Եւ մոտավոր, հնարավորինս ճշգրիտ եթե լինեմ, ես կարծում եմ, որ խորհրդարանական լսումները տեղի կունենան եկող քառօրյայի ավարտին:
-Տեսակետ կա, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խուսափում է այս հարցի հետ կապված «բաց» քննարկումների մասնակցել, քանի որ որեւէ կերպ չի հիմնավորվում այն գինը, որը ՀԷՑ-ը ներկայացրել է ՀԾԿՀ-ին: Նշվում է նաեւ, որ ՀԷՑ-ի ներկայացրած փաստաթղթերը հիմնավորված չեն, ի՞նչ ակնկալիքներ ունեք Դուք` խորհրդարանական լսումներ հրավիրելով:
-Իրենք ուսումնասիրում են այդ փաստաթղթերը, որպեսզի կարողանան փաստեր ներկայացնել, այդ հարցը պետք է իրենց ուղղել, թե իրենք ինչ ունեն ասելու ու բացատրելու, բայց ես հույս ունեմ, որ իրենք պետք է կարողանան, եթե սակագինը բարձրանալու է, ներկայացնել, թե ինչի հիման վրա են բավարարում հայտը: Այստեղ կարեւոր է, որ մենք խորհրդարանական լսումներին կարողանանք անպայմանորեն հրավիրել ե՛ւ էներգետիկայի նախարարին, ե՛ւ, առավել եւս, հայտ ներկայացնող կազմակերպություններին: Որովհետեւ, անկեղծ ասած, ինձ՝ որպես շարքային քաղաքացու, բացարձակապես հասկանալի չէ, թե ինչու ես պետք է ինչ-որ մասնավոր ընկերությունների ղեկավարների արաբական շեյխերին վայել ապրելակերպի համար վճարեմ իմ գրպանից: Ես դրան համաձայն չեմ, ես դրան ընդդիմանում եմ: Դրա համար մեր պատգամավորները մասնակցում են նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարին: Կան հարցեր, որոնք ես պետք է ուղղեմ սակագնի բարձրացման հայտ ներկայացնող կազմակերպություններին, որովհետեւ եթե այդ կազմակերպություններն ասում են, որ իրենք աշխատում են վնասով, ապա դա բիզնեսի տրամաբանությանը հակասող հայտարարություն է, իսկ ինչո՞ւ չեք հրաժարվում վնասով աշխատող բիզնեսից: Եթե աշխատում եք վնասով, ապա ինչպես եք ձեր գրասենյակները վերածել լուվրների եւ վերսալների, ինչպես եք վարում աշխարհի ամենաթանկ մեքենաները, ինչպես եք 1 տոննա ցեմենտը գնում 1 կիլոգրամ ոսկու գնով, դրանք հարցեր են, որոնք պետք է անպայմանորեն ուղղվեն հայտ ներկայացնող մարմնին:
-Այսինքն՝ կարծում եք, որ ՀԷՑ-ը որեւէ հիմնավորում չի կարո՞ղ ներկայացնել:
-Գիտեք՝ ես ինքս ինձ իրատես գործիչ եմ համարում, ես կարծում եմ, որ էլեկտրաէներգիայի սակագինը այնուհանդերձ բարձրանալու է, լինենք իրատես եւ չփորձենք տարվել իլյուզիաներով, բայց այստեղ խնդիրն այն է, թե որքան կբարձրանա: ԲՀԿ-ն ներկայացրել է հաշվարկների առաջարկությունների փաթեթ, թե ինչպես հզորությունների տարբեր կարգավորման մեխանիզմներով անել այնպես, որպեսզի սպառողի վրա էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը չազդի: Այդ հաշվարկները բավականին գրագետ արվել են Միքայել Մելքումյանի եւ մեր փորձագետների կողմից եւ ուղարկվել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Ու եթե իրենց նպատակը իսկապես ՀՀ քաղաքացու շահը պաշտպանելն է, ապա մեր ներկայացրած փաստաթուղթը ուղղակի հստակ ճանապարհային քարտեզ է, թե ինչպես է հնարավոր անել, որպեսզի սպառողը հնարավոր այդ բարձրացումը չզգա: Մենք ունենք հաշվարկներ, որոնք կետ առ կետ ներկայացված են ՀԾԿ-ին:
Հ.Գ. Երեկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը (ՀԷՑ) ավելացրել է էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու պահանջը հիմնավորող փաստաթղթերի քանակը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացված հայտում ՀԷՑ-ը 12 մասից բաղկացած հիմնավորող փաստաթղթեր էր ներառել, իսկ երեկ նոր` 15 մասից կազմված փաստաթուղթ է ներկայացրել, որը եւս հանձնաժողովի կողմից ընդգրկվել է էլեկտրաէներգիայի թանկացման հայտում: ՀԾԿՀ-ից «Ազատությանը» տեղեկացրել են, որ նոր հիմնավորող փաստաթղթերը ՀԷՑ-ից իրենք են պահանջել, քանի որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հայտում կան անճշտություններ, որոնք լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն:

 

 

 

 
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ 1 ՄԼՆ 660 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆ ՈՒ ԱԳՆ-Ի ՎԱՏՆՈՒՄԸ

Երեկ ԱԺ ՄԻՊ եւ հանրային հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ՄԻՊ Կ. Անդրեասյանը ներկայացրեց 2014 թ. բյուջեի կատարողականը: Անդրեասյանը պատմեց, թե ինչի վրա են ծախսել իրենց հատկացված գումարները: Ներկայացվեց նաեւ ԱԳ նախարարության տարեկան հաշվետվությունը, եւ պարզվեց, որ Էդ. Նալբանդյանի ղեկավարած գերատեսչությունը մինչեւ վերջին կոպեկը ծախսել է:

Ըստ ՄԻՊ-ի` 2014 թ. արագ արձագանքման ծառայության վրա ծախսվել է 20 մլն դրամ: Այդ գումարից վճարել են կոմունալ ծառայությունների, գործուղումների եւ տրանսպորտային ծախսերի համար: 1 տարվա ընթացքում ՄԻՊ-ը 153 այցելություն է կատարել կալանավայրեր, որից 125-ը եղել է պլանավորված.
Օմբուդսմենը խոսեց նաեւ իր աշխատավարձի մասին ու մանրամասնեց, թե որքան գումար է ծախսել. «Անցյալ տարի իմ աշխատավարձերը եւ իմ ծախսերն իրար հետ (դրա մեջ մտնում են գործուղումները եւ տրանսպորտային ծախսերը) կազմել են 20 մլն դրամ, որն ամսական անում է 1 մլն 660 հազար դրամ: Այդ 1 մլն 660 հազար դրամն էլ է սուղ վիճակում շատ, բայց համարում ենք, որ նաեւ բավական միջոց է՝ մեր աշխատանքն արդյունավետ կատարելու համար»:
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը փորձեց հստակեցնել, թե ի՞նչ արժի 1 արագ արձագանքումը. «Արժի 70 դրամ, երկուսը հնարավոր է 350, կախված այն բանից, թե որտեղ է եղել դեպքը: Եթե կողքի բակում է՝ անվճար»:
Այնուհետեւ ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց ՀՀ ԱԳՆ տարեկան հաշվետվությունը: Պարզվեց, որ 2014 թ. ԱԳՆ-ին բյուջեով տրամադրվել էր 13,3 մլրդ դրամ, որի դիմաց արձանագրվել է 99% կատարողական. «Բոլոր ծրագրերի համար բավարար չափով գումար եղել է: Բյուջեում ամենամեծ տեսակարար կշիռն ունեցել է դեսպանությունների պահպանության համար տրված բյուջեն, այնուհետեւ միջազգային կառույցներին ՀՀ անդամակցության գործընթացի համար հատկացված գումարները եւ այլն»,- նշեց Ջանջուղազյանը՝ հավելելով, որ ԱԳՆ-ի շենքի պահպանման համար եւս հատկացված բյուջեն տեսակարար մեծ կշիռ է ունեցել:
ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն էլ հայտարարեց, թե որեւէ ավելորդ ծախս չի կատարվել. «2014թ բյուջեով նախատեսված ծախսերն իրականացվել են 98%-ով: Հաշվետու տարում գանձված գումարը կազմել է 2 մլրդ դրամ եւ մի փոքր ավել գումար, որտեղ գերակատարում ենք ունեցել: 2014-ին հյուպատոսական ծառայություններից գանձված գումարի չափը 100 % է կազմել»:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՉԻ ՆՎԱԶԵԼ
«Ժողովուրդ»-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից հետաքրքրվեց, թե մայիսի 25-ին՝ ժամը 21.00-ից 23.00 ընկած ժամանակահատվածում «Մութ ժամեր» ակցիայի ժամանակ էլեկտրաէներգիայի սպառումը որքանով է նվազել: ՀԷՑ-ից մեզ տրված պատասխանի համաձայն՝ մայիսի 25-ին՝ ժամը 21.00-ին, 22.00-ին եւ 23.00-ին, էլէներգիայի սպառումը եղել է գրեթե նույնքան, որքան հաջորդ օրը՝ նույն այդ ժամերին: Բնականաբար, ՀԷՑ-ի պարզաբանումը եւ նրանց տրամադրած տվյալները չեն կարող հավատ ներշնչել, առավել եւս, որ այս ընկերության կողմից վերջերս հրապարակվող թվերի հետ կապված անընդհատ ինչ-որ սկանդալային պատմություններ են բացահայտվում: Պարզապես անհասկանալի է, թե ինչու են դա անում այս դեպքում:

 

ԱՎԵԼԱՑՐԵԼ Է
ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատվելուց եւ արդարադատության նախարարի տեղակալ նշանակվելուց հետո անցած տարվա հունիսին հայտարարագրել է երկու բնակարան, մեկ ավտոտնակ, մեկ «Kia sportage 2.7 L» մակնիշի ավտոմեքենա: Իսկ նրա դրամական միջոցները կազմել են 75 հազ. դոլար, 3 մլն 500 հազ. դրամ եւ 15 հազ. 500 եվրո: Արդեն այս տարի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ Ս. Քրմոյանի դրամական միջոցները 2014-ի վերջին եղել են 4 մլն դրամ, 75 հազար դոլար եւ 15 հազար եվրո: Փաստորեն, կես տարում Քրմոյանի դրամական միջոցներն ավելացել են 500 հազ. դրամով: Տարվա ընթացքում նա երեք աղբյուրից աշխատավարձ է ստացել՝ ընդհանուր 6 մլն 583 հազ. դրամի չափով: Ու որքան էլ տարօրինակ է՝ Քրմոյանը պարտքով տրված փողերի տոկոսներից անցած տարի ստացել է 600 հազ. դրամ եւ 25 հազ. 407 դոլար եկամուտ:
Նշենք, որ Քրմոյանի կինը՝ Աննա Հովհաննիսյանը, նույնպես ֆինանսների խնդիր չունի: Փոխնախարարի կինը հայտարարագրել է 3 մլն դրամ, 15 հազար դոլար եւ 8 հազար եվրո դրամական միջոց այն դեպքում, երբ տարեկան ստանում է ընդամենը 3 մլն 120 հազար դրամ աշխատավարձ: Քրմոյանը բավականին երիտասարդ պաշտոնյա է, եթե այս ընթացքում նա տարբեր պաշտոններ զբաղեցրած չլիներ, ապա արդյո՞ք կկարողանար նման միջոցներ կուտակել:

 

ՄԱՐԶԵՐՈՒՄ ԵՎՍ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
Երեկ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիա անցկացվեց ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ Հայաստանի մի շարք մարզերի քաղաքներում: Բողոքի ակցիա է անցկացվել Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Վանաձոր եւ Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում: Ի դեպ, Արտաշատի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիան կարճ է տեւել: Իսկ նախաձեռնողներն ու մասնակիցները «Հայ ազգային կոնգրեսի» Արտաշատի տարածքային կառույցի անդամներն են եղել: Գյումրիում էլէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիան կազմակերպել էին տեղի քաղաքացիական նախաձեռնությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ մի խումբ ակտիվիստներ:




Լրահոս