ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԼՅՈՒՐԻ ԳԻՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը մտահոգում է ցանկացած քաղաքացու, այդ թվում նաեւ՝ գործարարներին: Տեղական արտադրողները համոզված են, որ էլէներգիայի հերթական թանկացումը կբերի ոչ միայն արտադրության, այլեւ սպառման ծավալների նվազման:

Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հայցով դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: ՀԷՑ-ը պահանջում է, որ էլէներգիան ցերեկային ժամերին բնակչությանը մատակարարվի 58 դրամով: «Ժողովուրդ»-ը էլէներգիայի սակագնի թանկացման շուրջ զրուցել է 2001թ-ից ալյուրի ու հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Մանչո գրուպ» ընկերության սեփականատեր Իվան Մոսոյանի հետ:
-Պարո՛ն Մոսոյան, եթե բավարարվի ՀԷՑ-ի պահանջը, Հայաստանում էլեկտրաէներգիան մոտ 40 դրամով կթանկանա: Սա ինչպե՞ս կանդրադառնա Ձեր ընկերության գործունեության վրա:
-Ձեր գրպանի վրա դա ինչպե՞ս կանդրադառնա: Իհարկե, վատ, մեզ համար էլ վատ հետեւանքներ կունենա: Եթե մի բան թանկանում է, ապա այն համամասնորեն ամեն ինչի վրա տարածվում է: Ուզենք, թե չուզենք, աստիճանաբար, շուկայի պահանջներից ելնելով, եղածի գներն էլ պետք է թանկացնենք եւ բերենք այն աստիճանի, որպեսզի վնասներ չկրենք եւ գոնե փոքր չափով եկամուտ ունենանք: Շատ տհաճ ու անդուր գործընթաց է:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ ՀԷՑ-ի ներկայացրած հիմնավորումները:
-Նախ՝ էլեկտրաէներգիայի սակագների աստիճանական բարձրացումները արդարացված չեն: Մարդիկ ինչ որոշում, այն էլ անում են: Իսկ թե ինչ հաշվարկներով է որոշվել այդ գինը, հայտնի չէ: Չկա կոնկրետ պատասխան, իսկ հանրությանն էլ հաշվետվություն չեն ներկայացնում: Ինչ-որ բան արտադրելու համար գազը թանկ է, էլեկտրաէներգիան, ջուրը՝ նույնպես: Եւ վերջնական արդյունքում մեր արտադրանքի գինը եւս պետք է թանկանա, ինչի մասին է խոսքը:
-Պարո՛ն Մոսոյան, իսկ արդյո՞ք հնարավոր չէ էլէներգիայի սակագնի բարձրացման դեպքում չթանկացնել ալյուրի գինը: Դուք կարո՞ղ եք Ձեր ընկերության շահույթը նվազեցնելու հաշվին ալյուրի գինը չբարձրացնել:
-Ալյուրի արտադրությունն այն միակ արտադրությունն է, որտեղ գազ եւ այլ էներգակիրներ չեն օգտագործվում, միայն էլեկտրաէներգիա: Այսինքն՝ այն ամբողջը, ինչի շնորհիվ ալյուրն արտադրվում է, էլեկտրական հոսանքով է: Դե, այսքանից հետո պատկերացրեք, թե ինչպես կարող է էլէնեգիայի թանկացումը վատ չանդրադառնալ ընկերության գործունեության վրա: Թեեւ ամեն հնարավոր բան անում ենք, որպեսզի ալյուրի գինը պահենք, բայց, դե, ինչքան էլ փորձենք, միեւնույն է՝ վնասով չենք կարող աշխատել: Ի վերջո, հացը համար առաջին սննդատեսակն է:
-Իսկ Էլէներգիայի սակագնի բարձրացումից հետո քանի՞ տոկոսով կթանկանա ալյուրը:
-Թե որքանով կթանկանա, այս պահին հստակ չեմ կարող ասել, որովհետեւ դեռ պետք է հաշվարկներ կատարենք:
-Պարո՛ն Մոսոյան, շաբաթներ առաջ Դուք «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեցիք, որ ալյուրը բավականին էժանացել է: Այս պահին ալյուրի գինը շարունակում է այդպես պահպանվել:
-Մեկ պարկ ալյուրը 14 հազար դրամից դարձել է 10 հազար դրամ: Այսինքն՝ մեկ պարկ ալյուրը 3000-4000 դրամով էժանացել է: Դա կապված է ցորենի միջազգային գների էժանացման հետ: Բացի այս՝ Ռուսաստանը ԵՏՄ անդամ երկների մասով հանել էր մաքսատուրքը: Այսինքն՝ մենք ՌԴ-ից էինք ցորեն ներմուծում եւ մաքսատուրք չէինք վճարում, սակայն մայիսի 1-ից այն նորից կիրառվում է:
-Ի՞նչ եք կարծում՝ էլէներգիայի թանկացմամբ հացամթերքի շուկայում ցնցումները մե՞ծ կլինեն:
-Դեռ պետք է հաշվարկներ կատարենք: Բայց ցնցումները ժողովրդի համար մեծ չեն լինի: Մեկ հատիկ հացի վրա դա այդքան էլ չի արտահայտվի:
-Իսկ ներքին շուկայում իրացման մասով ի՞նչ խնդիրներ կան: Ալյուրի վաճառքի ծավալները նվազե՞լ են, թե՞ ավելացել:
-Առեւտուրը շատ թույլ է, եւ սա արդեն մեկ տարի է, ինչ շարունակվում է:
-Ինչո՞վ եք դա պայմանավորում:
-Քիչ բնակչությամբ եւ մարդկանց գնողունակության անկմամբ:

 

 

 

 

 
ԱԼԱՎԵՐԴԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԿԱՇԽԱՏԻ ԱՅԼ ՈԼՈՐՏՈՒՄ

Հունիսի 7-ին Հայաստանի 17 գյուղերում եւ 3 քաղաքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Արդեն այսօր պարզ է, որ որոշ համայնքներում ընտրապայքարը լինելու է աննախադեպ թեժ: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից բացի՝ նման պայքար է սպասվում նաեւ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:

Նշենք, որ Ալավերդիում առաջադրված է երկու թեկնածու՝ Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետ Կարեն Փարեմուզյանը եւ «Սթրոնգ սթոուն» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Աբգարյանը: Իսկ, ահա, գործող քաղաքապետն այս անգամ չի առաջադրել իր թեկնածությունը: Ալավերդցիներից շատերը կարծում են, որ ընտրություններում կհաղթի Կարեն Փարեմուզյանը, քանի որ նա համարվում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի «մարդը»: Նկատենք, որ Ալավերդիի գործող քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը 2011 թվականի քաղաքապետի ընտրությունների ժամանակ նույնպես համարվում էր մարզպետի «մարդը»: Նա Նալբանդյանի տեղակալն էր, երբ վերջինս Ալավերդիի քաղաքապետն էր: Իսկ երբ Նալբանդյանը նշանակվեց մարզպետ, Վարոսյանն անարգել ստանձնեց Ալավերդու քաղաքապետի պաշտոնը:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Ալավերդիի քաղաքապետ Արտավազդ Վարոսյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչու այս անգամ չի առաջադրել իր թեկնածությունը: «Ցանկություն չունեմ: Դա արդեն փակված թեմա է: Արդեն գրանցված թեկնածուներ կան, ընտրարշավն ընթանում է, ավելին՝ այն եռուն շրջանում է: Նոր բան չեմ կարող ասել»,- ներկայացրեց քաղաքապետը:
Իսկ այն հարցին, թե ինչով է զբաղվելու քաղաքապետի պաշտոնից հեռանալուց հետո, Վարոսյանը պատասխանեց. «Պարտադիր չէ անձնական բիզնեսով զբաղվեմ: Իմ ցանկությունն է մասնավոր հատվածում, ձեռնարկությունում աշխատել: Ես ուզում եմ իմ աշխատանքային գործունեությունը շարունակել այլ ոլորտում, մասնավոր հատվածում»:
Ա. Վարոսյանը նաեւ նշեց, որ այս ընտրություններում սատարելու է ՀՀԿ-ական թեկնածուին: «Բնական չէ՞, որ կսատարեմ ՀՀԿ-ական թեկնածուին: Եթե ես Հանրապետական կուսակցության շրջանի կազմակերպության ղեկավարն եմ, ուրեմն սատարելու եմ ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուին՝ Կարեն Փարեմուզյանին»:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 
30-ԱՄՅԱ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ` ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Գյումրու շտապ բուժօգնության կայանը քաղաքը սպասարկում է ընդհանուր առմամբ 12 ավտոմեքենայով, սակայն ամեն օր աշխատանքի է դուրս գալիս 4 ավտոմեքենա: Օրական շտապօգնության կանչերի թիվը հասնում է 60-70-ի: Կայանի տնօրեն Ռոբերտ Թորոսյանի խոսքով` կանչերը սպասարկվում են ժամանակին. կանչի գրանցումից 3-4 րոպե անց մեքենան հասնում է դեպքի վայր: Իհարկե, լինում են նաեւ եզակի դեպքեր, երբ զուտ տրանսպորտի սղության, վատ ճանապարհի կամ գերհագեցած գրաֆիկի պատճառով խումբը հասնում է 15-20 րոպեի ընթացքում:
Ռոբերտ Թորոսյանը նշում է, որ հատկապես վերջին շրջանում ՇԲՕԿ խմբի աշխատակիցների եւ հիվանդատերերի միջեւ բախումները հաճախակիացել են, ինչը անցնող տարիներին նույնիսկ ողբերգական հետեւանքների է հանգեցրել, օրինակ` 2011-ին նման բախման արդյունքում ծեծից մահացավ վաթսունհինգամյա բժիշկ Աշոտ Գրիգորյանը: Տնօրենի խոսքով` այս պահին կայանը հնարավորինս հագեցած է նյութատեխնիկական միջոցներով ու դեղորայքով, կա մշտական ռադիոկապ ինչպես Գյումրու ու մարզի բուժհաստատությունների, այնպես էլ հարեւան մարզերի ՇԲՕԿ-ների միջեւ: Հիմնական դժվարությունը, ըստ կայանի տնօրենի, ոչ բարվոք ճանապարհներն են, որոնք հատկապես դժվարացնում են իրենց աշխատանքը մարզի մյուս համայնքներում:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում վատթար վիճակում գտնվող ճանապարհներից է բողոքում նաեւ տարածաշրջանի 35 համայնքներին սպասարկող Ախուրյանի ՇԲՕԿ տնօրեն Հարություն Կիրակոսյանը: «Համայնքների միջեւ առկա է մեծ հեռացվածություն, եւ մեքենաների վազքը այս իմաստով շատ է»,- ասում է պարոն Կիրակոսյանը եւ նշում, որ իրենց կայանն ունի նյութատեխնիկական բազայի եւ ավտոպարկի թարմացման լուրջ կարիք: Այստեղ մեքենաների ու բուժսարքավորումների տարիքն արդեն գերազանցում է 30-ը:
Մարզի առողջապահության եւ սոցապ վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը այս հարցում համակարծիք է: Նրա խոսքով՝ 2014 թ. դեկտեմբերի 25-ին առողջապահության նախարարությունը, ի դեմս առողջապահության ԾԻԳ-ի, երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում Ախուրյանի ՇԲՕԿ-ի համար ավտոմեքենա էր հատկացրել, սակայն այդ մեքենան արդեն Երեւանից Գյումրի տեղափոխման ժամանակ փչացել է եւ հիմա այն ավելի շատ անսարք է լինում, քան սարքին: Ուստի հասկանալի չէ՝ առողջապահության նախարարությունը լավությո՞ւն արեց, թե՞ վատություն:
Մեկ նկատառում եւս, որ թվում էր, թե իրավականից զատ, բարոյական առումով պետք է վաղուց լուծված հարց լիներ. խոսքը շտապօգնության մեքենաներին ճանապարհը զիջելու մասին է: Շտապօգնության վարորդները դժգոհում են, որ հաճախ հատկապես մեքենայի ղեկին հայտնված երիտասարդները չեն զիջում ազդանշանը միացրած ու հրատապ դեպքի գնացող շտապօգնության մեքենային:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գյումրի




Լրահոս