ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ armlur.am-ի
Երեկ Երեւանի Խորենացի փողոցում արտակարգ իրավիճակ էր: Քաղաքացի Եղիշե Գեւորգյանը, ով նախորդ տարվա դեկտեմբերին է Ադրբեջանից վերադարձել Հայաստան, «Ոսկու աշխարհ»-ի դիմացի բարձրահարկից սպառնացել է ցած նետվել: Armlur.am-ի տեղեկություններով՝ նման քայլի Եղիշե Գեւորգյանը դիմել է հողային խնդիրների պատճառով: Նա անընդհատ կրկնել է, որ քաղաքապետարանն իրեն վերադարձնի այն տարածքը, որտեղ այս պահին վարդեր են տնկված: Դեպքի վայր ժամանած Կենտրոն համայնքի թաղապետ Արա Սադոյանը Եղիշե Գեւորգյանին վստահեցրել է, որ պահանջները կկատարի, միայն թե նա որեւէ կտրուկ քայլի չդիմի: Վերջինս ետ է կանգնել իր քայլից:
ՀԱՐՑ. Խնդրում եմ պարզաբանեք՝ անհատ ձեռներեցի տարեկան հաշվետվություն ներկայացնելու ժամկետը ե՞րբ է լրանում: Եվ եթե տվյալ հաշվետվությունը ներկայացվել է երկու օր ուշ, ապա տուգանքի չափը որքա՞ն է կազմում:
Կարեն Խլոյան (26 տարեկան, պատմաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ հարկ վճարող ֆիզիկական անձինք պարտավոր են հարկային տարվա համար մինչեւ տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը ներառյալ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել տարեկան եկամուտների մասին հաշվարկ, իսկ ամբողջ հաշվետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող չհամարված հարկ վճարողները՝ տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկ (այսուհետ նաեւ՝ տարեկան եկամուտների մասին հաշվարկ): Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169-րդ հոդվածի համաձայն՝ մասնավորապես՝ «հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ սահմանված ժամկետում չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով»: «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի համաձայն՝ մասնավորապես` «վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով: Գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո՝ եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաեւ հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը»:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է՝ եթե անհատ ձեռներեցը չի հասցնում սահմանված ժամկետում ներկայացնել հաշվետվություն, ապա նա ստիպված է վճարել նվազագույն աշխատավարձի տասնապատիկի ու նույնսիկ քսանապատիկի գումարը: Համաձայնեք, որ մանր ու միջին բիզնեսի զարգացումը որպես գերակայություն հայտարարած իշխանությունները չպետք է այդքան բարձր տույժ ու տուգանք սահմանեին:
ՀԱՐՑ. Մոտ օրերս լրանում է անձնագրիս վավերականության ժամկետը: Ցանկանում եմ իմանալ՝ երբ պետք է ներկայանամ տարածքային անձնագրային բաժանմունք՝ ժամկետը երկարաձգելու համար: Այսինքն՝ անձնագրիս վավերականության Ժամկետի օրը լրանա, նոր ներկայանամ, թե՞ մի քանի օր առաջ:
Փայլակ Գեւորգյան (67 տարեկան, գյուղատնտես)
ՊԱՏԱՍԽԱՆ. Փ. Գեւորգյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ եթե հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, քաղաքացին կարող է դիմել մեկ անգամ՝ 5 տարով ժամկետը երկարաձգելու համար: Ժամկետային առումով դիմելու համար որեւէ սահմանափակում նախատեսված չէ. անձը կարող է դիմել ինչպես մինչեւ վավերականության ժամկետը լրանալը, այնպես եւ դրանից հետո: Ընդհանուր առմամբ անձնագրի ամբողջ վավերականության ժամկետը չի կարող գերազանցել այն տրամադրելու պահից սկսած 15 տարին:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակայնություն հետ կապերի եւ լրատվության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ մինչեւ 16 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին՝ 5 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, մինչեւ 16 տարեկան արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչեւ նրանց զորակոչային տարիքը լրանալը: