ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ՝ ԱՅԴ ԱՐԺԵՔԻ ՉԳԻՏԱԿՑՄԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հայաստանը տոնում էր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 97-րդ ամյակը: Այդ առիթով ողջ իշխանական վերանախավը երեկ հավաքվել էր Սարդարապատի հուշահամալիրում: Նրանք գնացել էին Սարդարապատի հերոսամարտի զոհերի հիշատակը հարգելու: Նույնիսկ տեղում զորահանդես էին կազմակերպել, իրենք էլ բոլորով` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շարվել էին բեմահարթակին: Մի խոսքով, հարթակում հավաքված էին բոլոր նրանք, ովքեր այսօր ղեկավարում են Հայաստանի Հանրապետությունը: Հետաքրքիրն այն է, որ հավաքված պաշտոնյաների մոտ 90 տոկոսը մարդիկ են, որոնց համար Հայաստանի անկախությունը երբեւէ արժեք չի ունեցել: Եթե նրանց կենսագրությունը ուսումնասիրեք, կտեսնեք, որ գրեթե բոլորը՝ ինչպես Սերժ Սարգսյանը, Խորհրդային Միության տարիներին եղել են կուսակցական նոմենկլատուրայի ներկայացուցիչ, հետագայում հաջողացրել են դառնալ պաշտոնյա ու վերջ: Այսինքն՝ նրանց համար կարեւորն այն է, որ իրենք պաշտոն ունենան եւ դրա հաշվին հարստանան, իսկ Հայաստանը անկախ երկիր կլինի, թե մեկ այլ տերության լծի տակ, նրանց համար էական էլ չէ: Թեեւ հանուն արդարության՝ պետք է նկատել, որ հավաքված պաշտոնյաների մեջ կային նաեւ երիտասարդներ, որոնց կյանքի մեծ մասն անցել է անկախ Հայաստանում, կային ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ: Սակայն ողջ խնդիրն այն է, որ նրանք այդ ընդհանուրի մեջ շատ փոքրաթիվ են:
Հ.Գ. Ամենեւին էլ պատահական չէր նաեւ այն փաստը, որ երեկ, չնայած մենք տոնում էինք ամենանվիրական տոներից մեկը, բայց գոնե մայրաքաղաքում դրա մասին որեւէ հիշեցում չկար: Միայն մի քանի տեղ կարելի էր ծուռումուռ ձողերով եռագույնների հանդիպել, եւ ուրիշ ոչինչ: Սրա համար էլ շնորհակալություն պարոն Տարոն Մարգարյանին:

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, որոշել է առաջիկայում միառժամանակ լրատվամիջոցներով «չերեւալ»: Բանն այն է, որ այս օրերին Ռուզաննա Խաչատրյանն ու Սեյրան Օհանյանը զբաղված են իրենց բարի համբավը վերականգնելու կարեւորագույն գործով: Ասել է թե՝ «հետին թվով» կենսագրություն են կերտում Ռ. Խաչատրյանի համար: Եւ անգամ նախարարը ՀՀ գլխավոր դատախազին գրություն է գրել՝ խնդրելով պարզել, թե ովքեր են իրենց ընտանիքին վատաբանում: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ Սեյրան Օհանյանը դատախազությանը ներկայացրել է այն մարդկանց անունները, որոնք ըստ իրեն, կարող են շահագրգռված լինել իր ընտանիքի բարի համբավը արատավորելու գործում: Եւ մինչեւ դատախազությունն իր գործառույթը կիրականացնի, Ռ. Խաչատրյանը որոշել է քիչ լինել հանրային միջավայրերում, սենյակում դրված ծաղիկների հետ համահունչ վերնազգեստ չհագնել, չլուսանկարվել, մինչեւ «անցնի վտանգը»:

 

 

 
Էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող թանկացումը լուրջ վնասներ կհասցնի ոչ միայն Հայաստանի բնակչության գրպանին, այլեւ արտադրողներին: «Ժողովուրդ»-ը փորձեց ցորենի խոշոր ներկրող, ալյուրի արտադրությամբ զբաղվող «Մանանա Գրեյն» ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյանից պարզել, թե ինչ ազդեցություն կունենա էլէներգիայի թանկացումն իրենց ընկերության գործունեության եւ ալյուրի արտադրության ծավալների վրա: Նիկողոսյանի պատասխանից ակնհայտ էր, որ թանկացումների հեռանկարը, ինչպես եւ մնացած բոլոր սպառողներին, նրան, մեղմ ասած, զայրացրել է: «Ես ընդհանրապես էլէներգիայի թանկացման հարցով կարծիք չունեմ: Արտադրությունը փակելու ենք, ի՞նչ պետք է անենք: Եթե պետք լինի, կփակենք, լավ կլինի, կշարունակենք աշխատել: Եթե կարողացանք, կպայքարենք, կաշխատենք, եթե ոչ, չենք աշխատի: Ինչ արած, ես պայքարում եմ միայնակ»,- վրդովված ասաց գործարարը՝ չցանկանալով այլ հարցերի պատասխանել:

 

 

 
Պարզվում է՝ «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունն իր ավտոմեքենաները լվանալու գումարը եւս ներառել է էլէներգիայի սակագնի մեջ: Այո՛, չզարմանաք, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացրած էլէներգիայի թանկացման հայտին (հիշեցնենք, որ ՀԷՑ-ն առաջարկում է 1 կՎտ/ժ էլէներգիայի ցերեկային սակագինը դարձնել 58,93 դրամ՝ գործող 41,85 դրամի փոխարեն, գիշերային սակագինը՝ 48,93 դրամ` գործող 31,85 դրամի փոխարեն) կից փաստաթղթերի ուսումնասիրությունից «Ժողովուրդ»-ը պարզեց, որ մի քանի տասնյակ հազար դոլար աշխատավարձ ստացող ՀԷՑ-ի ղեկավարությունը ցանկանում է, որ սպառողը վճարի ոչ միայն իրենց տան վարձը, այլ նաեւ ավտոմեքենաները լվանալու գինը: Ու եթե այսպես շարունակվի, չի բացառվում՝ առաջիկայում նրանց «շաբաշների» համար էլ մենք վճարենք: Իսկ այն փաստը, որ ՀԷՑ-ը Երեւանյան լճի մոտ մատուցվող «ծառայությունների» վճարները սակագնում չի ներառել, թերեւս տեխնիկական վրիպակ է: Չէ՞ որ Հայաստանն իրավական պետություն է, եւ բոլոր ծառայությունները պետք է պայմանագրով ամրագրվեն: Ի վերջո, ՀԷՑ-ը ավտոմեքենա է լվանում կամ Երեւանյան լիճ գնում՝ էլեկտրաէներգիայի մատակարարումն անխափան դարձնելու համար:

 

 

 

 

ՀԱՄԱԽՏԱՆԻՇԱՅԻՆ

Այն, որ ֆուտբոլը քաղաքականություն է եւ բիզնես, ընդ որում, հաճախ կեղտոտ, վաղուց հայտնի իրողություն է: Սակայն ՖԻՖԱ-ի ղեկավարության շուրջ ծագած վերջին կոռուպցիոն սկանդալը ցույց տվեց, որ այդ կեղտը ընդգրկում է շատ ավելի մեծ շրջանակներ, քան զուտ միջազգային ֆուտբոլի տիրույթն է: Նախ` պարզվեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին անվերջ խոսող Արեւմուտքն ինքն է թաղված կոռուպցիայի մեջ: Համենայն դեպս, ԱՄՆ գլխավոր դատախազ Լորետա Լինչի` երեկ ներկայացրած փաստերը ցույց են տալիս, որ հարյուրավոր միլիոն դոլարների հասնող միջազգային կոռուպցիոն այս շղթայում իրենց ուրույն տեղն են ունեցել նաեւ եվրոպական եւ ամերիկյան մի շարք ընկերություններ, որոնք կաշառելով համաշխարհային ֆուտբոլը վերահսկող այս կազմակերպության ղեկավարներին` կարողացել են հասնել խաղերի հեռարձակման, մարկետինգային մենաշնորհների եւ այլ առավելությունների:
Ընդ որում, հիմա խոսքը ոչ թե մեկ կամ երկու տարվա պատմություն ունեցող կոռուպցիոն գործընթացի մասին է, այլեւ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ղեկավարության երկու սերունդների գործունեության մասին: Իսկ ՖԻՖԱ-ի գործող նախագահ Զեպ Բլատերը այս կազմակերպությունը ղեկավարում է սկսած 1998-ից: Եվ այն, որ տարիներ շարունակ նման համաձայնությունները, կաշառատվություններն ու ատկատներն են որոշիչ եղել միջազգային ֆուտբոլում, մեծ խայտառակություն է, եւ առաջին հերթին` «ֆուտբոլային գերտերությունների» համար, որոնց զգալի մասը հանդիսանում են եվրոպական երկրներ: Սակայն է՛լ ավելի մեծ խայտառակություն է այն, որ ՖԻՖԱ-ի կաշառակերների դեմ պայքարը եւս քաղաքականացված է եւ հանդիսանում է առավելապես ԱՄՆ-Ռուսաստան հակազդեցության հետեւանքը: Համենայն դեպս, տարակուսելի է, որ ԱՄՆ-ն եւ Շվեյցարիան միայն հիմա են սկսել ՖԻՖԱ-ի կոռուպցիոներների դեմ առարկայական պայքարը (թեեւ նշվում է, որ ԱՄՆ ՀԴԲ-ն հետաքննությունը սկսել է դեռ 2013-ին)` թիրախավորելով 2018 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու ՖԻՖԱ-ի որոշումը: Իհարկե, նշվում է նաեւ Քաթարը, որը, ըստ մամուլի հրապարակումների, Ռուսաստանի նման կաշառել է ՖԻՖԱ-ի ղեկավարությանը` այդ երկրում արդեն հաջորդ` 2022 թ. առաջնությունն անցկացնելու համար: Սակայն հասկանալի է, որ դա արվում է՝ այս ողջ գործընթացը բացառապես Ռուսաստանի դեմ օգտագործելու միտումը փոքր-ինչ մեղմելու նպատակով:
Ամփոփելով տեսնում ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի ջատագով երկրները տարիներ շարունակ աչք են փակում կոռուպցիայի աղաղակող դեպքերի վրա եւ դրանց մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է այդ ամենն օգտագործել իրենց քաղաքական խնդիրները լուծելու համար: Սա շատ վատ օրինակ է, որից ՀՀ կոռումպացված իշխանությունները, բնականաբար, մեծապես կոգեւորվեն:




Լրահոս