Ինչու ինքնաբացարկ ներկայացրեց Ռուզաննա Խաչատրյանի հայցապահանջի գործով դատավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի` պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու վերաբերյալ, մայիսի 26-ին մակագրվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին:

Սակայն Ռուբեն Ներսիսյանը ինքնաբացարկ է հայտնել` համարելով, որ այս գործով կանխակալ վերաբերմունք կարող է ունենալ: «Հրապարակի» հետ զրույցում դատավորը պարզաբանել է, որ Պնախարարի և իր երեխաները համադասարանցի են, և սա, ըստ Ռ. Ներսիսյանի, կարող է անկողմնակալ դիտորդին անաչառության կասկածների տեղիք տալ:

Նույն պարզաբանումը Armlur.am-ի հետ զրույցում տվեց նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ում նախագահությամբ էլ հայցը կքննվի: Ռ. Վարդազարյանի խոսքով, դատավորի ընտրությունը կատարվում է համակարգչի միջոցով` պատահականության սկզբունքով. մարդկային միջամտություն չի լինում: Մեր զրուցակիցը հայտնեց, որ հայցապահանջին ծանոթ է, մյուս կողմի` «Հրապարակի» դիրքորոշմանը` դեռևս ոչ:

Իսկ արդյոք այս գործը մամուլի ազատության խոչընդոտի նախադեպ չէ՞, մեր զրուցակիցը չմեկնաբանեց` նշելով, որ գործը դեռևս նոր է մակագրվել դատարանին, ուստի ինքը նախապես որևէ կարծիք հայտնել չի կարող:

Հիշեցնենք, որ մայիսի 21-ին «Հրապարակ»-ը տպագրել էր «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը, որում անդրադարձ կա hzham.am կայքում տեղադրված Սեյրան Օհանյանի և Ռուզաննա Խաչատրյանի ծանոթության պատմությունը, նաև 2002 թվականին տեղի ունեցած մի վթարի, որի արդյունքում, ըստ նույն կայքի, մահացել է Ռուզաննա Խաչատրյանի մտերիմ ընկերը, իսկ ղեկին հարբած Ռուզաննա Խաչատրյանն է եղել: Նախարարի կինը հերքել է այս տեղեկությունը, ինչը ևս տեղ է գտել հոդվածում: Սակայն Ռ. Խաչատրյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը համարում է, որ «Հրապարակը» զրպարտել է իր վստահորդին և չի ճշտել նրանից այս տեղեկությունը:




Լրահոս