ՀԷՑ-Ը, ՄԵՂՄ ԱՍԱԾ, ՉԱՓԵՐՆ ԱՆՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ուսումնասիրում ենք էլէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացված հայտին կից փաստաթղթերը, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մի քանի հազար մարդ (խոսքը աշխատակիցների մասին չէ) հենց այս ընկերությունից են «սնվում»: Հասկանալի է, որ պատահական մարդիկ չեն կարող ՀԷՑ-ի հետ գործարք կնքել եւ ամսական մի քանի միլիոն դրամ ստանալ, ասենք՝ ավտոմեքենայի կամ տարածքի վարձակալության դիմաց, կամ շուկայականից կրկնակի ավել գներով ծառայություններ մատուցելու համար:

Նշենք, որ ի սկզբանե ՀԾԿՀ-ն հրապարակել էր ՀԷՑ-ի հայտի կից փաստաթղթերի 12 փաթեթ, իսկ օրերս դրանց ավելացվել են եւս 15-ը: Ըստ այդմ, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ միայն ավտոմեքենաները լվանալու համար ՀԷՑ-ը տարեկան ծախսում է մի քանի միլիոն դրամ: Մեկ պայմանագրի միջին արժեքը կազմում է 250-300 հազար դրամ, իսկ միավորի լվացման գինը 3-ից 4 հազար դրամ է: Հայտին կից փաստաթղթերում ավտոլվացմանը վերաբերող պայմանագրերը կնքված են «Թի ըքաութ» ՍՊԸ ընկերության հետ: Իհարկե, կարելի էր ասել, որ ՀԷՑ-ի խնդիրն է, թե որտեղ եւ ինչ գնով կլվանա իր ավտոմեքենաները, բայց ողջ խնդիրն այն է, որ այդ գումարները եւս նրանք ցանկանում են ներառել սակագնի մեջ: Այսինքն՝ մենք թանկ հոսանք պետք է սպառենք, որ ՀԷՑ-ի տնօրենի, նրա տեղակալների, բաժնի պետերը «ջիփերը» 4 հազար դրամով օրումեջ լվանան:
Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ ավտոարտադրող ընկերությունների հայաստանյան գրեթե բոլոր ներկայացուցիչները գործարքների մեջ են: Ինչպես հայտնի է՝ ավտոարտադրողների հայաստանյան ներկայացուցիչ ընկերություններից ամեն մեկն ինչ-որ պաշտոնյայի անվան հետ է կապվում:
Փաստաթղթերի մի քանի տրցակ էլ նվիրված է ավտոմեքենաների վերանորոգմանը: Օրինակ՝ 2 մլն 550 հազար դրամով ինչ-որ «Կամազի» է վերանորոգվել, 290 հազար դրամով «Գազ 53», 250 հազար դրամով՝ «Զիլ 130», 340 հազար դրամով էլ «Մազ»-ի արգելակներ են գնել: Նկատենք, որ ավտոմեքենաների նորոգման համար վերջին մեկ տարում ՀԷՑ-ը ընդհանուր հաշվով ծախսել է 95 մլն 130 հազար դրամ:
Փաստաթղթերի մի փաթեթ էլ վերաբերում է ավտոմեքենաների ապահովագրությանը: Ըստ այդմ, տեղեկանում ենք, որ ավտոմեքենաների ապահովագրության համար ՀԷՑ-ը տարեկան «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությանը միայն մեկ պայմանագրով վճարում է մոտ 20 մլն դրամ: Իսկ այս տարվա մարտին 2 մլն 800 հազար դրամ վճարել են «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ-ին ինչ-որ թանգարանային ցուցափեղկերի համար: Ամսական մեկ միլիոն 700 հազար դրամ էլ ՀԷՑ-ը վճարել է «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերությանը: Իհարկե, այս ընկերության անունը ձեզ ոչինչ չասեց, բայց այն «Ռոստելեկոմի» հայաստանյան ներկայացուցիչն է եւ հանրությանը հայտնի է «Ռոստելեկոմ» ապրանքանիշով:
«Ժողովուրդ»-ը նախկինում անդրադարձել է Արաբկիրի Մանուշյան փողոց 59 տուն հասցեում 1 մլն 110 հազար ամսավճարով ՀԷՑ-ի կողմից առանձնատուն վարձակալելու պատմությանը: Պարզվում է՝ այդ տան սեփականտերը` Արտաշես Սահրադյանը, ում հետ ՀԷՑ-ը կնքել է պայմանագիրը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին նախագահ, տխրահռչակ Արտակ Սահրադյանի որդին է: Արդյոք զուգադիպություն է այն փաստը, որ ՀԷՑ-ը հենց Արտակ Սահրադյանի որդու տունն է նման աստղաբաշխական գներով վարձակալում, թերեւս ոչ, սա զուգադիպություն չէ: Ինչպես արդեն նշել ենք՝ ՀԷՑ-ը «կերակրում» է գրեթե բոլոր իշխանավորներին:
Ավելին՝ ՀԷՑ-ը նույնիսկ ՀՀ ոստիկանությանը չի մոռացել մի պուճուր բաժին հանել: Պարզվում է՝ արդեն մոտ տասը տարի է, ինչ գործում է մի պայմանագիր, որը կնքվել է ՀԷՑ-ի տնօրինության եւ ոստիկանության Երեւանի վարչության ղեկավարության (ժամանակին Ներսես Նազարյանն է ստորագրել) միջեւ, ըստ այդմ, ՀԷՑ-ը ամսական 2 միլիոն դրամ է վճարում ոստիկանությանը: Իսկ ոստիկանությունը պետք է ապահովվի ՀԷՑ-ի եւ նրա աշխատակիցների անվտանգությունը, ինչպես նաեւ հասարակական կարգը պահպանի նշված ընկերության կողմից կազմակերպվող միջոցառումների ժամանակ: Այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ը ոստիկանությանը երկու հատ «Լեքսուսի» վարձավճարի չափ գումար է վճարում կամ, ասենք, երկու բնակարանի վարձավճար: Ուստի կարող ենք ասել, որ ՀԷՑ-ի ամենաէժան ձեռքբերումը ոստիկանությունն է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 
ԿՍԿՍԵՆ ՍՏՈՒԳԵԼ
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ երկուշաբթի օրվանից իր կողմից ստեղծված խումբը կսկսի ստուգումներ իրականացնել բոլոր գազալցակայաններում: «Ինչպես տեղյակ եք՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության նիստի ժամանակ հանձնարարեց, որպեսզի մեր վերահսկողությունն ավելի ուժեղացնենք՝ անվտանգության առումով, ինչի համար ես անմիջապես իմ մոտ խորհրդակցություն եմ հրավիրել, որին ներկա են գտնվել տեխնիկական անվտանգության ծառայության պետը, հակահրդեհային տեխնիկական տեսչության պետը ու հանձնարարել եմ ստուգումներ իրականացնել գազալցակայաններում»,- ասաց նախարարը: Նա նաեւ ասաց, որ իրենք մշտապես նմանատիպ ստուգումներ իրականացրել են տարբեր գազալցակայաններում, որի ժամանակ խախտումներ են հայտնաբերել, ու տուգանքներ են նշանակվել, անգամ դադարեցվել են այս կամ այն գազալցակայանի աշխատանքները, բայց փաստը ցույց է տալիս, որ գազալցակայաններում պայթյուններ են լինում: Իսկ արդյո՞ք կհամարձակվեն ստուգել եւ տուգանել վարչապետին, Գագիկ Ծառուկյանին ու գեներալներին պատկանող գազալցակայանները, դա արդեն ապագան ցույց կտա:

 

ՍԴ-Ի ԾԱՂԻԿՆԵՐԸ
ՀՀ Սահմանադրական դատարանը արգելակներ գնելուց հետո հիմա էլ անցել է սածիլների, բույսերի գնմանը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Սահմանադրական դատարանն ապրիլին պայմանագիր է կնքել «Աննա Հովիկյան» ԱՁ-ի հետ, որի հիման վրա ձեռք են բերել 400 սածիլ: Դրանց համար ՍԴ-ն վճարել է 160 հազար դրամ: Թե հատկապես ինչ տեսակի կամ որտեղ են տեղադրվել գնված բույսերը, պայմանագրից պարզ չի դառնում: Մյուս կողմից էլ նման հեռանկարը լրիվ սպասելի էր: Անցած տարիներին ծավալած ՀՀ ՍԴ-ի գործունեությունից ակնհայտ է, որ ավելի լավ կլինի այդ կառույցը, օրինակ, այգեգործությամբ զբաղվի, գոնե այդպես կնպաստի, որ էկոլոգիական վիճակն ավելի բարելավվի:

 

ԵՐԹ ԿԱՆԵՆ
Երեկ Աբովյանի քաղաքապետի թեկնածու, «Քինգ դե Լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, փորձել է երթ կազմակերպել Աբովյան քաղաքում, որը, սակայն, անձրեւի պատճառով չի կայացել: «Խաղաղ երթ ենք անելու, փուչիկներով, երեխաներով համերգ ենք անելու, սա քարոզարշավի հետ կապ չունի, ուղղակի որոշել ենք խաղաղ երթ անցկացնել»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Արթուր Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ երթը տեղի կունենա շաբաթ օրը:
Հիշեցնենք՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Հարությունյանի հիմնական մրցակիցը անկուսակցական Վահագն Գեւորգյանն է, որի մասին խոսելիս Աբովյանի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Կարո Իսրայելյանն ասել է, թե նա ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կամակատարն է:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հունիսի 7-ին ՀՀ 32 համայնքներում նշանակված են ՏԻմ ընտրություններ, որոնցից 20-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի, 14-ում՝ ավագանու անդամի, իսկ 2-ում` միաժամանակ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ: Երեկ լրացավ թեկնածուների ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը: Նշենք, որ համայնքի ղեկավարի գրանցված թեկնածուների թիվը կազմում էր 49, որոնցից 11-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել է 9 տեղական հասարակական կազմակերպության 372 դիտորդ:

 

ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ՀԱՅՏՆԵՑ
Աբովյանի քաղաքապետի թեկնածու Սամվել Հակոբյանը երեկ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել` հօգուտ ինքնաառաջադրված անկուսակցական թեկնածու Էդվին Թադեւոսյանի: Վերջինս armlur.am-ին հայտնել է, որ նախօրեին հանդիպում է ունեցել Հակոբյանի հետ, որից հետո էլ նա նման որոշում է կայացրել: «Նա գտել է, որ իր ծրագրերը համահունչ են իմ ծրագրերին, եւ հաղթանակի ուժը տեսել է իմ մեջ», – ասել է Թադեւոսյանը:

 

ԿՈՂՄ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ԱՆՈՒՄ
Հալեպի հայկական թաղամասերի վերջին ռմբակոծության արդյունքում ստեղծված իրավիճակի հետ կապված ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը armlur.am-ին ասել է, թե տեղյակ են, խոսում են հալեպահայերի հետ, վիճակը ծանր է: «Մեր արտաքին գործերի նախարարն էլ է այնտեղ: Մաս-մաս որոշում են դուրս գալ ավելի անվտանգ տարածք»: Ինչ վերաբերում է Հայաստանում 1000 դոլարի հաշիվ բացելու` սփյուռքահայերին արված կոչին, նախարարը նշել է, որ տեղաշարժ կա. «Նամակներ են գրում, թերթերում, լրատվամիջոցներում բարձրաձայնում են, որ իրենք էլ են կողմ նման նախաձեռնությանը»:

 

ԿԱՆԵՓԻ ՍԻՐԱՀԱՐԸ
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը, անդրադառնալով այն պնդումներին, թե 2013թ-ի հունիսի 1-ի դեպքի օրը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, թմրանյութի ազդեցության տակ չի եղել, ասել է. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ արյան եւ մազի նմուշների մեջ թմրանյութեր հայտնաբերվել են, եւ բոլոր այն մարդիկ, ովքեր ժխտում են, կա՛մ տեղյակ չեն, կա՛մ ստում են»: Ըստ փաստաբանի` Տիգրան Խաչատրյանն իր ցուցմունքներում պարզաբանել էր, թե տանը հաճախ կանեփի սերմեր են օգտագործում, այսինքն՝ ուտում են:

 

ԷԼԻ ԱՐԹՆԱՑԱՎ
Ասիայում կարող է հայտնվել միասնական արժույթ: Այս մասին ռուս լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ ասել է Նուրսուլթան Նազարբաեւը: Նրա կարծիքով՝ միասնական արժույթի կիրառումը տնտեսության վրա դոլարի ազդեցության նվազման միջոցներից մեկն է: Ասիական թղթադրամները կարող են լավ այլընտրանք դառնալ դոլարին: Առայժմ, սակայն, համաշխարհային ճգնաժամը հնարավորություն չի տալիս այդ հարցով լրջորեն զբաղվել:

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մայիսի 26-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզի Ճձուն համայնքում, որի բնակիչ 69-ամյա Անուշավանին ընտանիքի անդամները վաղ առավոտյան գտել են տան պատշգամբում, կախված վիճակում: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ տղամարդը առողջական խնդիրներ է ունեցել:




Լրահոս