ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔՈՎ ԿԶԲԱՂՎԻ ԴԱՏԱԽԱԶԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կյանքում առաջին անգամ անակնկալ վճռականությամբ մի քայլ է արել՝ մայիսի 27-ին դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, որպեսզի վերջինս զբաղվի իր եւ կնոջ մասին վերջին շրջանում լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների խնդրով: Նախարարն իրեն զրպարտված է համարում:

Այսպիսով, Սեյրան Օհանյանի կնոջ՝ «Ռազմական բժիշկների հայկական ասոցացիա» ՀԿ նախագահ, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Ռուզաննա Խաչատրյանի չափից ավելի ակտիվությունը, գույնզգույն զգեստներին համահունչ ծաղկեփնջերի մոտ լուսանկարվելն ու պճնված արտաքինով հոսպիտալներ գնալը իրավիճակն այնքան լրջացրեց, որ բանը հասավ իրավապահ մարմինների քննությանը: Պարզվում է՝ Սեյրան Օհանյանը դատախազին ուղղված գրության մեջ նշել է, որ իր կնոջ մասնակցությամբ վթարի, Ֆրանսիայում հիվանդանոց, թանկարժեք մուշտակ ձեռք բերելու եւ մյուս լուրերը սուտ են, ապատեղեկատվություն, նպատակ ունեն զրպարտելու իրեն եւ իր ընտանիքին: Նա խնդրել է պարզել տեղեկությունների իսկությունը, իսկ եթե դրանք սուտ են, ճշտել դրանք տարածողի ինքնությունը եւ պատասխանատվության ենթարկել: Այդ նյութերն արդեն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն:
Հասկանալի է, որ Օհանյանի կողմից «դիվանբաշուն» դիմելը ոչ այնքան ինքնապաշտպանության, որքան հետագա զարգացումներին ընդառաջ արված քայլ է՝ լրագրողների ու լրատվամիջոցների գործունեությունը զսպելու համար: Գաղտնիք չէ, որ Օհանյանը դիտարկվում է որպես ՀՀ նախագահի հավանական թեկնածուներից մեկը: Եւ նա այսօրվանից արդեն պատրաստվում է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրինակով, լրագրողներին դատի տալ, որպեսզի չհամարձակվեն իր մասին «թթու խոսք ասել»: Այսպիսով նա փորձում է իր կնոջ՝ բամբասանքներով լի կենսագրությունը «մաքրել»՝ արգելելով այդ մասին որեւէ հրապարակում անել եւ միաժամանակ իրեն ապահովագրել: Բայց կա մի ճշմարտություն, որ հետին թվով կենսագրություն չեն կերտում: Եւ այն, ինչ եղել է անցյալում, անհնար է սրբագրել, խուսափել դրանից:
Իհարկե, չի բացառվում, որ նախարարի եւ իր կնոջ անցյալի մասին բոլոր հրապարակումները իսկապես սուտ են: Բայց այս դեպքում ստացվում է, որ նախարարն ու իր ընտանիքն ընկել են այն ծուղակը, որ տարիներ շարունակ պատրաստվել է իշխանական քարոզչական դաշտի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել, ահազանգել, բարձրաձայնել է թիթեռի կյանք ունեցող կայքերի մասին, որոնք գործում են՝ գրված ու չգրված օրենքները խախտելով, ուղղակի քայլելով մարդկանց վրայով: Սնկի պես աճող կայքերն իրենց գործունեությամբ պախարակում են նաեւ լրագրողների անունը: Սենսացիոն վերնագրով ու պոռնոնկարներով անորակ նյութերով հագեցնում են դաշտը, մուտք ապահովում եւ գովազդներ ունենում եւ այլն՝ թացն ու չորը իրար խառնելով: Բայց այս իրավիճակի պատասխանատուն եւս ՀՀ իշխանություններն են, ու հենց այն թիմը, որը ներկայացնում է Սեյրան Օհանյանը:
Ի վերջո, այդ բոլոր կայքերը, այսպես թե այնպես, ֆինանսավորվում (անգամ մեկ պարկ կարտոֆիլ վերցնելու պատրաստակամությամբ) գործում են նույն իշխանության ամենատարբեր մակարդակի ներկայացուցիչների հովանավորությամբ: Նույնիսկ հիմա նորաձեւ է դարձել, որ ամեն մի պաշտոնյա, գործարար, շքեղ ավտոմեքենա, բրենդային հագուստ, սիրեկան ունենալուն զուգահեռ, նաեւ մի կայք ունենա, որ «չուզողներին սեւացնի»: Եւ հիմա նախարարը քաղում է իրավիճակի պտուղները:
Ու եթե այս պարզ ճշմարտությունը չեն հասկանում Սեյրան Օհանյանի խորհրդատուները եւ որոշել են դատական հայց ներկայացնել նաեւ «Հրապարակ» օրաթերթի դեմ, դա ուղղակի անմտություն է: Այս օրաթերթը իր «Հանրությունն ուզում է ունենալ» հրապարակման մեջ ընդամենն արձանագրել է, թե Պնախարարի կնոջ մասին ինչ են գրում համացանցում եւ կայքերում՝ զգուշացնելով տիկնոջը, որ «սիրունանալուց զատ»՝ կլինեն նաեւ հարվածներ, ու պետք է պատրաստ լինել դրան: Եւ եթե այս հրապարակումը պիտի դառնա դատարանի քննության առարկա, նշանակում է, որ Սեյրան Օհանյանի թիմը չի տարբերում լրագրությունն ու բամբասանքը, հոդվածն ու պատվերը, եւ ամենակարեւորը՝ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԸ էժանագին քարոզչամիջոցից:
Թեեւ նախարարի թիմը միշտ էլ լրատվամիջոցների հետ շփվել է իմ ու քոնի, յուրայինի ու օտարի սկզբունքով: Նրանց համար կան սիրելիներ, որոնց թույլատրելի է ամեն ինչ, եւ մերժվածներ, որոնց թշնամաբար են վերաբերվում: Եւ լրատվամիջոցների ընտրությունն էլ է խոսում ՊՆ աշխատակիցների որակի մասին՝ պաշտոնական եւ մարդկային իմաստով:
Իսկ հիմա տեքստում տեղադրված լուսանկարի մասին. 2013 փետրվարի 20-ին, ըստ լուրերի, ՀՀ նախկին վարչապետի կողմից ֆինանսավորվող, ՊՆ-ի կողմից օգտագործվող կայքերից մեկում, ահա, այսպիսի վրիպում էր թողարկվել, որին թերեւս չէինք էլ անդրադառնա, քանի որ լրահոս ապահովելու արագության տակ ամեն թերություն էլ հնարավոր է թույլ տալ: Բայց հիմա անհրաժեշտ է հիշեցնել Սեյրան Օհանյանին, որ ՊՆ-ի մասին մի լուր է հրապարակվել այդ կայքում, եւ զարմանալի զուգադիպությամբ վերջին տողում նշված է Արծրուն անունը՝ որպես ինֆորմացիայի աղբյուր. «Արծրունն ասաց, բայց խնդրեց իր անունը չտալ դեռ»: Չի բացառվում, որ հենց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն է նման եւ այլ բովանդակությամբ հրահանգներ ու պատվերներ տվել, ու հիմա Ս. Օհանյանի թիմը պետք է պատրաստ լինի բումերանգի էֆեկտին:
Այնպես որ, այս իրավիճակում ամենաքիչը բարեխիղճ լրատվամիջոցներն են մեղավոր, որոնց դեմ ցանկացած քայլ լուրջ հակահարվածի կարժանանա:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 
ԵՐԹԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ԿՊԱՀՊԱՆԵՆ
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ մայիսի 27-ին տեղի ունեցած բողոքի ակցիան իր մարդաշատությամբ, թերեւս, ամենամեծն էր վերջին տարիներին անցկացված բողոքի ակցիաների մեջ: Armlur.am-ի զրուցակիցն է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը:
-Անցկացված բողոքի ակցիայի առանձնահատկություններից մեկը, թերեւս, մարդաշատությունն էր: Ինչո՞վ եք դա պայմանավորում:
-Վերջին տարիներին եղել են բազմաթիվ բողոքի ակցիաներ, սակայն դրանց մի մասը եղել է քաղաքական, մի մասը՝ կոնկրետ ինչ-որ թեմայով առանձնացված: Բայց էլեկտրաէներգիայի թանկացումը վերաբերում է նոր ծնված երեխայից մինչեւ տարեցը, բոլորին: Դա էլ մարդկանց մոտ բողոքի մեծ ալիք է բարձրացնում: Սա դեռ սկիզբն է, սրանից ավելին դեռեւս կլինի, մինչեւ մեր նպատակին չհասնենք, ոչ մի լումա ավել չենք վճարի:
– Ձեր նախաձեռնությունը քաղաքական հսկողությունից դո՞ւրս է:
-Միանշանակ, ոչ մի քաղաքական հսկողություն ոչ մի կողմից չկա: Եթե այդպես լիներ, ես կանդամակցեի ինչ-որ կուսակցության եւ կդառնայի կուսակցական համակարգի մարդ: Բայց ես նախընտրում եմ լինել ոչ կուսակցական եւ հասարակ քաղաքացի, ով ցանկացած հարցի վերաբերյալ կարող է իր կարծիքը ազատ հայտնել: Ես գտնում եմ, որ ճիշտ է լինել ակտիվ քաղաքացի, քան տրվել ինքնագովազդին եւ ձգտել իշխանության: Մենք նման ձգտումներ չունենք: Մենք ուզում ենք, որ լինի իրավական պետություն:
-Մյուս հանրահավաքը հայտարարել եք հունիսի 19-ին: Մինչ այդ ինչ-որ ակցիաներ լինելո՞ւ են:
-Հունիսի 19-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկումների վերջին օրն է: Մինչ այդ մենք փոքր ակցիաներով, ֆլեշմոբերով մեր բողոքի ձայնը բարձրացնելու ենք եւ երեկվա էներգետիկան պահպանելու ենք: Նաեւ դա կնպաստի նրան, որ ամսի 19-ի ակցիան ավելի մարդաշատ կլինի, քան երեկվանը: Բայց եթե մինչ այդ իրենք փորձեն ժողովրդի գլխին «օյին» խաղալ, ապա մենք դրան շատ շուտ կարձագանքենք: Ընդամենը 20 օր է, այդ 20 օրվա մեջ կարելի է շատ բան անել: Մինչեւ հունիսի 19-ը «Ոչ թալանին» նախաձեռնությունը պարապ չի նստելու, սպասի, թե իրենք ինչ են մոգոնելու մեր գլխին:
-ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, թե չի կարծում, որ էլեկտրաէներգիան 17 դրամով կթանկանա:
-Երվանդ Զախարյանի այս հայտարարությունն ապացուցում է մեր մտածածը, որ միգուցե ՀԷՑ-ը առաջարկի՝ հոսանքը թանկացնել 17 դրամով, իսկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ասի` ոչ, դա թալան է, այդպես չի լինում եւ պաշտպանի 4 կամ 5 դրամով թանկացումը: Իրենք փորձում են մանիպուլացիա անել եւ ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնել, որպեսզի բարի երեւան: Բայց մենք հասկանում ենք, որ դա այդպես չէ: Մենք ոչ մի դրամ ավել չենք մուծելու: Մենք պայքարում ենք ոչ թե 17 դրամ կամ 20 դրամ թանկացման դեմ, այլ առհասարակ՝ թանկացման: Մեր պահանջն է՝ ոչ մի լումա ավել էլեկտրաէներգիայի համար:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆԸ

 

 

 

 
ԿՈՐՍՎԱԾ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ. 13 ՏԱՐԵԿԱՆ ՏՂԱՆ ԵՐԱԶՈՒՄ Է ԴՈՄԻԿ ԳՆԵԼ

Եթե չիմանայինք տղայի տարիքը, կմտածեինք, որ մի ամբողջ դաժան կյանք է ապրել: Արմանն ամիսներ անց կդառնա 13 տարեկան, եւ թվում է՝ նա պետք է վայելի մանկությունը, խաղա ընկերների հետ, սովորի, մտածի ապագայի մասին, սակայն արի ու տես՝ նա իր անկողնային հիվանդ, հաշմանդամ ու ցավերի մեջ տառապող մորն է խնամում, տունն է պահում:

Վագոն-տնակը, որտեղ ապրում է Արման Լալայանն իր մոր հետ, գտնվում է մայրաքաղաքի Զեյթունի գերեզմանոցին կից: Արմանը պատմեց, որ այդ տնակը իրենցը չէ, ինքը խնամում է տանտիրոջ շներին, որի դիմաց իր մայրիկի հետ բնակվում է այդտեղ: Ու չնայած տնակը բոլոր տեսակի կոմունալ ու, առհասարակ, տարրական պայմաններից զուրկ էր, փայլում էր մաքրությամբ:
«Ես եմ մաքրում տունը, ուտելիք պատրաստում, եթե ունենում ենք: Մայրիկին գրկած տանում եմ կարիքները հոգալու: Գոնե ես հիվանդ չլինեի, որ կարողանայի փող աշխատեի»- ասաց նա՝ ցույց տալով ականջին փակցված լսողական ապարատն ու հաստ ապակիներով ակնոցը:
Ընտանիքն ապրում է ընդամենը 22,000 դրամ նպաստով, որը միայն հացի եւ երբեմն էլ այլ սնունդի է բավականացնում: Երբ ամեն ինչից զուրկ ապրող այս տղային հարցրինք, թե ինչ կցանկանար ունենալ կամ ինչի մասին է երազում, պատասխանեց.«Ուզում եմ մամաս առողջանա, իրա հետ ոչ մի բան չլինի, իսկ ինձ ոչ մի բան էլ պետք չի»:
Հետո մի փոքր զրուցեց մեզ հետ: Հասկացանք, որ շատ է սիրում երշիկ ուտել, վաղուց է կերել, ու դուրը եկել է, անհաս երազի նման էլ ավելացրեց՝ շատ կուզեի հեծանիվ ունենայի:
Արմանի մոր՝ 51-ամյա Մարինե Լալայանի հետ զրուցել չհաջողվեց, քանի որ անդադար ցավերի մեջ էր: Միայն իմացանք, որ ունի ողնաշարի եւ հաստ աղիքի հետ կապված լուրջ խնդիրներ: Տեղեկացանք նաեւ, որ Արմանի հայրը մի քանի տարի է, ինչ մահացել է: Հորեղբայրը վաճառելով բնակարանը՝ իրենց անտուն է թողել:
«Երազում եմ մի հատ փոքր դոմիկ առնեմ, որ ես ու մաման մեջն ապրենք»,-ասաց Արմանը՝ շեշտելով, որ մոր առողջանալուց հետո դա իր երկրորդ մեծ փափագն է:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ




Լրահոս