ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԻՐԱՑՆԵԼ ԿԱՐՏՈՖԻԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի եւս կարտոֆիլի մշակությամբ զբաղվող գյուղացիների զգալի մասը կանգնել է ստացված բերքն իրացնելու խնդրի առջեւ: Ճիշտ է` մթերող ընկերությունները պատրաստ են գնել այն, սակայն չափազանց ցածր գնով: Արդյունքում բազմաթիվ համայնքներում գյուղացիները գերադասում են իրենց բերքն իրացնել մանրածախ ձեւով:

ՀՀ Արագածոտնի մարզի Արագած համայնքի բնակիչներն արդեն մի քանի ամիս է, ինչ չեն կարողանում իրացնել նախորդ տարվանից պահեստավորած կարտոֆիլը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նմանատիպ խնդիրներ ունեն նաեւ Շիրակի եւ Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Արագածոտնի մարզի Արագած համայնքի ղեկավար Հենրիկ Հովհաննիսյանի հետ, ով հայտնեց, որ գյուղի բնակիչների բարձրացրած բողոքի ալիքից հետո է միայն գյուղատնտեսության նախարարը հանձնարարել մթերող կազմակերպություններին այցելել գյուղ:
«Այսօր Հայաստանում կարտոֆիլի շուկայական գինը 110-120 դրամի միջակայքում տատանվում է, իսկ մթերող ընկերությունները առաջարկում են 90 դրամ: Բայց մարդիկ հիմա սկսել են քիչ-քիչ սպառել կամ էլ կիլո-կիլո 120 դրամով վաճառում են: Ճիշտ է՝ այսպես ավելի դժվար է, բայց գոնե կարողանում են իրենց ցանկացած գնով իրացնել: Չէ որ նրանց միակ եկամուտն է, որով ընտանիք են պահում: Բոլորիս էլ հայտնի է, որ մարդիկ ձգտում են իրենց արտադրանքը միշտ բարձր գնով վաճառել: Նախորդ տարվա վերջին Վրաստանից առեւտրականներ եկան ու բավականին բարձր գնով կարտոֆիլ տարան: Իհարկե, մեր գյուղացիները օգտվեցին»,- նշեց Հ. Հովհաննիսյանը:
Արագածի գյուղապետի պատմելով՝ նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կարտոֆիլի գինը տեղական շուկայում կազմել է 200-220 դրամ: Եւ հենց այդ շրջանում նշված գյուղի բնակիչները կարողացել են այդ գնով կարտոֆիլ իրացնել, իսկ հիմա հրաժարվում են 90 դրամով վաճառելուց, որովհետեւ այդ գնով եկամուտ չեն ունենում: «Ժողովուրդ»-ը գյուղապետից տեղեկացավ, որ այս պահին էլ գյուղի բնակիչներն ունեն պահեստավորած կարտոֆիլ, որն աստիճանաբար սպառում են:
Նշենք, որ նույն՝ գյուղմթերքի իրացման խնդրի առաջ կանգնած են նաեւ Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղեր: Թեեւ այս մարզում գյուղեր կան, որտեղ ամբողջովին լուծվել է խնդիրը: Օրինակ՝ Գանձակ գյուղի բնակիչներն արդեն հասցրել են իրացնել իրենց պահեստավորած կարտոֆիլը: Գյուղապետ Վանիկ Հարությունյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ գարնան ամիսներին գյուղացիներն իրենց ունեցած կարտոֆիլը կարողացել են իրացնել միայն տեղական շուկայում, կրկին՝ կիլո-կիլո տարբերակով: Մթերող ընկերություններն այս գյուղ չեն այցելել:
Իսկ, ահա, Ծովինար գյուղում առկա է կարտոֆիլի իրացման խնդիրը: Ծովինարի գյուղապետ Մհեր Մարտոյանը մեզ փոխանցեց, որ այս պահին էլ մարդկանց տներում կա նախորդ տարվանից պահեստավորած մեծ քանակությամբ կարտոֆիլ: «Մերոնք կարտոֆիլ լավ են մշակում, մեր կողմի կարտոֆիլը շատ համով է, բայց մթերող ընկերությունները, չգիտես թե ինչու, էժան գնով են ցանկանում այն գնել: Մինչդեռ նախորդ տարվա աշնան վերջին մերոնք 190-200 դրամով են իրացրել: Իսկ հիմա մթերողներն առաջարկում են 90 դրամ, բայց գյուղացիները չեն համաձայնում»,- նկատեց Ծովինարի գյուղապետը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Աստղաձոր, Զոլաքար եւ Շատվանի գյուղերի բնակիչները նույնպես չգիտեն, թե ինչպես վարվեն նախորդ տարվա կարտոֆիլի հետ: Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ գյուղացիների դժգոհություններից հետո գյուղատնտեսության նախարարության միջամտությամբ կարողացել են մոտ օրերս 200 տոննա կարտոֆիլ արտահանել դեպի Ռուսաստանի Դաշնություն. «Լուծեցինք խնդիրը: Երեկ վերջին ֆուռը՝ ԿԳ-ն 90 դրամով, դուրս եկավ գյուղից»:
Զրույցի ավարտին գյուղապետը փոխանցեց, որ նախորդ տարի գյուղում հավաքվել է շուրջ 15 հազար տոննա կարտոֆիլ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ այս խնդրի շուրջ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը հայտարարել է հետեւյալը. «Գյուղացիներն ավելի բարձր գնով են ցանկացել վաճառել կարտոֆիլը, բայց այլ երկրների շուկաներում կարտոֆիլի գինը բավականին էժան է, ինչի պատճառով մթերողները չեն համաձայնել գյուղացիների առաջարկած գների հետ: Նրանց կարտոֆիլը հիմա վաճառվում է տեղական շուկայում»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ

Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ Լիլիա Զավենի Արսենյանից
Հարգելի՛ պարոն Մկրտումյան, խնդրում եմ Ձեր իրավասությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ, որպեսզի իմ գործերի քննությունը իրականացվի անաչառ դատավորի կողմից: Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ ես չեմ կարող ազատվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմոնյանից: Իմ տան վերաբերյալ բոլոր գործերը քննվում են նրա կողմից:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Սիմոնյանը թիվ ԱՐԴ 0562/02/11 քաղաքացիական գործով 22.09.2011 թ. կայացված վճռով Արմավիրի մարզի Արմավիր գյուղում գտնվող բնակելի տան նկատմամբ 18.03.2011թ. կնքված եւ նոտարական կարգով վավերացված, պայմանագիր վերտառությամբ պարտավորագիրը կրկին վավեր է ճանաչել: Հարգելի՛ Մկրտումյան, ինչ եք կարծում՝ արդյոք կարող էր դատարանն արդեն իսկ նոտարական վավերացում ստացած պարտավորագիրը կրկին վավեր ճանաչել: Ավելին՝ նշված գործով բնակելի տան մյուս սեփականատերը՝ Ստեփան Ստեփանյանը, գործին մասնակից չի դարձվել, եւ նրանից թաքուն վավեր է ճանաչվել նշված բնակելի տան կես մասի առուվաճառքի վերաբերյալ պարտավորագիրը:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից իրականացվող արդարադատությունից կարելի է հանգել այն հետեւության, որ բնակելի տան նկատմամբ գրանցված իրավունք ունեցող համասեփականատերերից մեկի կողմից օրենքի պահանջների խախտմամբ կնքված գործարքը՝ բնակելի տան կես մասը երրորդ անձի վաճառելու մասին պարտավորագիրը, կարող է դատական կարգով վավեր ճանաչվել առանց մյուս համասեփականատիրոջը գործին մասնակից դարձնելու: Այդ դեպքում հարց է առաջանում, թե որ դեպքերի համար է նախատեսվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասը եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը: Այժմ դատավոր Սիմոնյանի վարույթում է գտնվում մեկ այլ քաղաքացիական գործ, որը վերաբերում է նույն բնակելի տանը:
Ստեփան Ստեփանյանը հանդիսանում է իմ հորեղբայրը, որն իրեն պատկանող ամբողջ գույքը կտակել է ինձ: Նրա մահից հետո ստացել եմ ըստ կտակի ժառանգության իրավունքի գրանցման վկայագիր: Ժառանգության վկայագիրը ստանալուց հետո դիմել եմ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ բնակելի տանից ժառանգություն ստացած իմ բաժնեմասը բնեղենով առանձնացնելու պահանջով, որի քննությունը կրկին հանձնվել է դատավոր Սիմոնյանին: Նշված գործով դատական քննության ընթացքում միջնորդել եմ նշանակել դատաշինարարատեխնիկական փորձաքննություն եւ փորձաքննության կատարումը հանձնարարել իմ կողմից նշված մասնագիտացված փորձագիտական հաստատությանը, սակայն դատավոր Սիմոնյանն առանց պատճառաբանության փորձաքննության կատարումը հանձնարարեց մեկ այլ ՍՊԸ-ի: Դատավոր Սիմոնյանի նման վարքագիծը հիմքեր է տալիս կասկածելու, որ նա անաչառ չէ եւ ունի կանխակալ վերաբերմունք մյուս կողմի՝ Հրաչյա Պապիկյանի նկատմամբ: Նշված բնակելի տան նկատմամբ առկա է նաեւ մեկ այլ կտակ, որի մասին ես տեղեկացել եմ մի քանի օր առաջ եւ պատրաստվում եմ դիմել ըստ կտակի ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու պահանջով, սակայն չեմ համարձակվում դիմել, քանի որ դրա քննությունը եւս կարող է հանձնվել դատավոր Սիմոնյանին, իսկ այդ դեպքում դժվար թե իմ օգտին դատական ակտ կայացվի, քանի որ ըստ ինձ՝ դատավոր Սիմոնյանը ունի կանխակալ վերաբերմունք մյուս կողմի՝ Հրաչյա Պապիկյանի նկատմամբ:
Լիլիա Արսենյան
Հեռ. 099505256




Լրահոս